Հայաստանում իրական քաղաքական դիսկուրսի և օրակարգային առաջնահերթությունների դեգրադացիայի մասին շատ է խոսվել: Դրա հերթական ապացույցն իրեն սպասել չտվեց:
Երեկ լրացել էր Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) (անգլ.՝ Armenia -The EU Comprehensive and Enhanced Partnership Agreement (CEPA)) ստորագրման 2 ամյակը:
2018 թվականի ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանը միաձայն վավերացրել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին», իսկ նույն թվականի հունիսի մեկից այն անցումային դրույթներով մտել է ուժի մեջ:
Այս փաստը, սակայն, որևէ ուշադրության չարժանացավ քաղաքական, լրատվական և հասարակական շրջանակների կողմից, թեպետ և՛ ժամանակին, և՛ այսօր համարվում է Հայաստանի արտաքին քաղաքական կարևորագույն ձեռքբերումներից մեկը:
Կարդացեք նաև
Հիշեցնեմ, որ հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ, Հայաստանը միաժամանակ կարողացավ հասնել Եվրոպական Միության հետ նման խորքային իրավական փաստաթղթի ստորագրմանը, ինչն առ այսօր համարվում է ունիկալ քաղաքական ձեռքբերում, ոչ միայն մեր երկրի համար, այլև միջազգային դիվանագիտության մեջ:
Այս տարեդարձը լավ առիթ էր հասկանալու, վերլուծելու այս ընթացքում կատարված աշխատանքները, ուղենշելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները՝ հաշվի առնելով թե համաձայնագրի լիարժեք իմպլեմենտացիայի կարևորությունը, թե ԵՄ-ում ու մեր տարածաշրջանում կատարվող խորքային տեղաշարժերը:
Այս համաձայնագիրը նախևառաջ ուղղված էր մեր քաղաքացիների համար կյանքի որակի տեսանելի և շոշափելի բարելավմանը՝ բազմապիսի և ոլորտային բարեփոխումների հանձնառության շնորհիվ: Տնտեսություն, մարդու իրավունքներ, հակակոռուպցիոն պայքար, քաղաքական ռեֆորմներ՝ դժվար է գտնել գեթ մեկ խոշոր ոլորտ, որին այս փաստաթուղթը չի անդրադառնում:
Համաձայնագրի կարևորության մեկ այլ հիմնավորում վերաբերում է Արցախյան հակամարտության կարգավորման ձևակերպումներին, որով հստակ ամրագրվում է ԵՄ քաղաքական և իրավական դիրքորոշումը՝ աջակցել հարցի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում, հաշվի առնելով, այդ թվում՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ապահովումը:
Ավաղ, Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո համաձայնագրի վավերացման և կիրարկման աշխատանքները կտրուկ դանդաղեցին:
Այս պահի դրությամբ Եվրոպական Միության Խորհրդի Գլխավոր քարտուղարությունը գրանցել է 16 ԵՄ անդամ պետությունների պաշտոնական վավերացումներ + Հայաստան։ Բացակայում է 12 անդամ երկրի, Եվրոպական միջուկային էներգիայի գործակալության և Եվրոպական Խորհրդարանի ավարտական վավերացումը: Լավագույն դեպքում, վավերացման գործընթացը, նման տեմպերով ընթանալու դեպքում, կավարտվի հաջորդ տարի ձմռանն, այն ինչ 2 տարի առաջ մենք նախատեսում էինք համաձայնագրի վավերացումն իրականացնել 1.5-2 տարվա ընթացքում:
«Թողեք աշխատեն» մտացածին և պրիմիտիվ մոտեցման շրջանակներում հասարակությունը համբերատար սպասում էր, մինչև նոր կառավարությունը բավարար գիտելիք, փորձ և քաղաքական կամք դրսևորի համաձայնագրով նախատեսված բարեփոխումները կյանքի կոչելու համար: Անցել է բավականաչափ ժամանակ արձանագրելու համար, որ համաձայնագրի իրականացումը դոփում է տեղում և լավագույն դեպքում սահմանափակվում է արարողակարգային, օպերացիոն և ֆորմալ միջոցառումների և այցերի թվարկումով: Ասածս ապացուցելու համար հղում անեմ հենց Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության հանրային հաշվետվություններին, “100 փաստերին” և ասուլիսներին:
Մի կողմից այս իշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում բարձրաձայնում են տվյալ համաձայնագրի կարևորության մասին և ոչինչ հավելյալ չեն ստեղծում, մյուս կողմից՝ դրսևորում են կատարյալ ապաշնորհություն և անուժություն երկրի բարեփոխումների օրակարգ մշակելու և իրականացնելու հարցում:
Դեռևս անցյալ տարի եմ պնդել, որ կառավարության ծրագրի մաս պիտի կազմեն Հայաստան-Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմնական դրույթները եւ ուղղությունները, քանզի այս համաձայնագիրը, չհակասելով Հայաստանի այլ միջազգային պարտավորություններին եւ բխելով բացառապես մեր երկրի շահերից, բազմաթիվ ոլորտներում երկարաժամկետ բարեփոխումների ծրագիր է, որն առ այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի սկսել իրականացնել։
Այս իշխանությունները չունեն երկրի զարգացման տեսլական, բավարար գիտելիք ռազմավարական ծրագրերի մշակման համար։ Ուստի սեփական ծրագրեր չունենալով, գոնե փորձեք մեր օրոք արած մշակումներով եւ ձեռքբերումներով ոչ միայն գլուխ գովալ, այլեւ աշխատել։
Սրան հավելենք նաև, որ Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հարցով ևս իշխանափոխությունից հետո որևէ շոշափելի առաջընթաց իրականում չկա:
Եվրոպական Միության նոր ղեկավարության հետ, որի մանդատը կգործարկվի սույն թվականի դեկտեմբերից, մի շարք պատճառներով ավելի դժվար է լինելու աշխատել, և մեր իշխանությունները պետք է շատ մեծ լրացուցիչ ջանքեր գործադրեն այս ուղղությամբ, ինչին, ավաղ պատրաստ չեն:
Արևելյան գործընկերության ապագայի հանդեպ ԵՄ-ն դեռևս չունի վերջնական ձևավորված պատկերացումներ, և Հայաստանը մի կողմից պետք է այս ուղղությամբ ցուցաբերի նախաձեռնողականություն, մյուս կողմից՝ առավելագույն շեշտադրումներ անի հենց Հայաստան-ԵՄ երկկողմ շրջանակով պայմանավորված օրակարգի վրա:
2020 թվականին ավարտվում է Հայաստան-ԵՄ Գործընկերության գերակայությունների մասին գործող համաձայնագիրը, և արդեն ժամանակն է, որպեսզի Հայաստանը սկսի իր համար նախանշել ԵՄ-ի հետ հարաբերությունների հաջորդ շրջափուլի հիմնական ուղենիշները:
Իշխանափոխությունից հետո խոստացված արտաքին քաղաքականության կապիտալիզացիան տեղի չունեցավ, և այլևս իրատեսական չէ նոր կառավարության ոչ պրոֆեսիոնալ, թմբուկային գործելաոճի հետևանքով:
2017 թվականի նոյեմբերին ստորագրված և 2018 թվականի հունիսի 1-ից անցումային կիրարկման մեջ մտած Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ոչ միայն այդպես էլ միս ու արյուն չի ստանում, ոչ միայն չդարձավ երկրի բարեփոխման ուղենիշ, այլև քաղաքական իմաստով կորցնում է իր երբեմնի հմայքը և փայլը:
Պատահական չէր, որ Սերժ Սարգսյանը զագրեբյան իր հայտնի ելույթում հատուկ շեշտեց, որ «2017 թվականին Բրյուսելում կնքված համաձայնագիրը պետք է կյանքի կոչվի՝ բարելավելով մեր քաղաքացիների կյանքը: Այս բարձր ամբիոնից խնդրում եմ ձեզ հնարավորինս արագացնել վավերացման գործընթացը»
Արմեն ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ