ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր հայտարարեց, որ Հայաստանը քննարկում է Վերին Լարսի անցակետում ՊԵԿ ներկայացուցչի թեկնածության հարցը: «Լարսում ՊԵԿ ներկայացուցիչ կունենանք, կարծում եմ, մինչեւ տարվա վերջ»,- ասաց նա: ՊԵԿ ներկայացուցչի ամենօրյա աշխատավայրը կլինի Վլադիկավկազը, սակայն, ՊԵԿ նախագահի հավաստմամբ, ցանկացած ահազանգի դեպքում, մինչեւ կես ժամում ներկայացուցիչը կլինի տեղում:
ՀՀ ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց ԵԱՏՄ անդամ պետությունների եւ Վիետնամի կենտրոնական մաքսային մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման վերաբերյալ նախագծին: Ըստ ՊԵԿ նախագահի, սույն արձանագրությունը ԵԱՏՄ անդամ երկրների եւ Վիետնամի կենտրոնական մաքսային մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման վերաբերյալ է, որը բխում է 2015-ի մայիսի 29-ին ԵԱՏՄ անդամ երկրների եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջեւ կնքված ազատ առևտրի մասին համաձայնագրից: Այն 2016-ի հուլիսին վավերացվել է ՀՀ ազգային ժողովի կողմից, նախատեսվում է մաքսային մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակում: Արձանագրությունով սահմանվում են այն ապրանքների խմբերը, որոնց վերաբերյալ պետք է լինի տեղեկատվության փոխանակում` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջոցով: Տեղեկատվությունը պետք է փոխանակվի մաքսային մարմնի կողմից այն հայտնի դառնալու պահից սկսած 4 ժամվա ընթացքում: ՊԵԿ նախագահը նշեց՝ ՀՀ մաքսային մարմինները ուղղակիորեն շահագրգռված են այդպիսի տեղեկատվություն ստանալու համար:
Հանձնաժողովը հավանություն տվեց նաեւ միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ ԵԱՏՄ միջազգային պայմանագրեր կնքելու վերաբերյալ համաձայնագրին: Այս համաձայնագիրը սահմանում է կարգը: Մինչ այժմ, ըստ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի, ինչ կնքվել է`կնքվել է առանց այս կարգի, որովհետեւ այն նոր է անցնում ներպետական համաձայնեցումներն անդամ պետություններում. «Մյուս կողմից՝ դա չի նշանակում, որ այդ իրավասությունը չկար: Մայր պայմանագիրը 6-րդ եւ 7-րդ հոդվածներում նախատեսել է հնարավորություն: Այն հանգամանքը, որ այս համաձայնագիրը ուշ է կնքվում, նաև դրական է, որովհետեւ կա փորձ: Այս ընթացում, երբ տեղի են ունեցել բանակցություններ Վիետնամի, Իրանի հետ, բնականաբար, անընդհատ առաջացել են հարցեր, որոնք վերաբերում են հենց այն հանգամանքներին, որոնք այստեղ արտացոլված են ամեն մի երկրի շահերը հաշվի առնելը, որքանով կարող է ինքնուրույն լինել բանակցային պատվիրակության ղեկավարը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ