Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Ես հիմա էլ այն կարծիքի եմ, որ առհասարակ մեր կրթական համակարգում երկրորդ օտար լեզու պետք է լինի պարտադիր. Արծրուն Ավագյան

Նոյեմբեր 25,2019 15:58

Aravot.am-ը ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանին խնդրեց մեկնաբանել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Թուխիկյանի այն արտահայտությունը, երբ ժամանակին Լեւոն Մկրտչյանն էր նախարարը, հենց ԵՊՀ բանասիրական ֆակուլտետից դուրս եկավ այն արտահայտությունը` ի՞նչ վատ է, թող ռուսերենը երկրորդ պետական լեզու լինի, ինչո՞ւ բանասիրականի ուսանողությունն այդ ժամանակ բողոքի գործողությունների չդիմեց:

Հիշեցնենք, որ ժամանակին նման պնդում արել էր Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը. «Ամեն մի լեզու, որ հնարավոր է սովորի որեւէ երկրի ժողովուրդ, խրախուսելի է: Ցավոք, մենք այնպիսի օրերում ենք ապրում, որ դժվար է դարձել լեզու սովորելը: Եվ, եթե Ռուսաստանն այդպիսի նախաձեռնություն է հանդես բերում, խրախուսելի է, որ դրա հոգը տանի ոչ թե լոկ որպես հանձնարարական, այլ որոշակի նյութական միջոցներ ներդնի, ուսուցման գործընթաց կազմակերպի: Այդտեղ ես ոչ մի վատ բան չեմ տեսնում: Մանավանդ որ հիմա մեր բնակչության մի մասը «անգլիական թեքում» է  ստացել, ամեն գնով ուզում է սովորել, բայց նվազ թվով մարդիկ են, որ այդ հնարավորությունն ունեն:

Մինչդեռ որեւէ լեզու անպայման անհրաժեշտ է, որ ժողովրդի մեծ մասը տիրապետի, եւ դա իմ պատկերացմամբ կարող է ռուսերենը լինել, ինչը կօգնի մեզ շփվելու համաշխարհային գիտության, կրթության, գրականության եւ առհասարակ այն տեղաշարժերի հետ, որոնք կատարվում են մշակութային կյանքում: Հետեւաբար, դրանից չպիտի խուսափել, ինչ-որ պիտակ կպցնել, թե եթե երկրորդ պետական լեզու է, ապա առաջին պետական լեզուն անտեսվում է: Ես դա միանգամայն դրական եմ ընդունում, մանավանդ որ մեր տնտեսական եւ, այսպես ասած, ռազմական բազում խնդիրներով մենք կապված ենք Ռուսաստանի հետ»:

Այժմ Արծուն Ավագյանն «Առավոտին» ասաց. «Ես չգիտեմ` ով ինչու էր բողոքում ու ինչու չէր բողոքում, բայց ես հիմա էլ այն կարծիքի եմ, որ առհասարակ մեր կրթական համակարգում երկրորդ օտար լեզու պետք է լինի պարտադիր: Դա անգլերեն կլինի, ռուսերեն, իսպաներեն, ֆրանսերեն, թե գերմաներեն, ես չգիտեմ, բայց վստահ եմ, որ մեկ օտար լեզու պետք է, որպեսզի մեր երիտասարդները կարողանան շփվել համաշխարհային մշակույթի, կրթության, գիտության եւ այլ ոլորտների հետ: Դա իմ կարծիքն է, իսկ մնացածի համար ես չեմ կարող պատասխան տալ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930