Լրահոս
Օրվա լրահոսը

Սպառողական վարկերի ծավալները զգալիորեն աճել են. ՏԶՆԿ

Նոյեմբեր 25,2019 15:14

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ՀՀ ռեզիդենտ ձեռնարկություններին տրամադրված, ինչպես նաև սպառողական վարկերի դինամիկային 2018-2019թթ. 3 եռամ­սյակների ընթացքում:

2019թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ՀՀ ձեռնարկություններին տրամադրված վարկերի ծավալները ոչ միայն զգալիորեն զիջել են 2018թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշին (տե՛ս գծապատկերում), այլ նաև սպառողական վարկերի ծավալներին: Դիտարկվող ժամանակահատվածում ձեռնարկություններին տրված վարկերի ծավալները շուրջ երկու անգամ կրճատվել են` կազմելով 76.4 մլրդ ՀՀ դրամ, մինչդեռ սպառողական վարկերի ծավալներն ավելացել են շուրջ 23%-ով՝ կազմելով 165.2 մլրդ ՀՀ դրամ:

Հետաքրքրական է նկատել, որ դիտարկվող ժամանակահատվածում սպառողական վարկերի ծավալները զգալիորեն աճել են, և ինչպես անդրադարձ է կատարվել ՏԶՆԿ նյութերից մեկում, հանգեցրել են ավելի բարձր ՀՆԱ-ի աճի տեմպերի հիմնականում վերջնական սպառմանն ուղղվող ծախսերի ավելացման միջոցով: Սա նշանակում է, որ աճը հիմնականում պայմանավորված է եղել ներքին պահանջարկով:

Ձեռնարկություններին տրամադրված վարկերի շնորհիվ հիմնական միջոցների վրա ուղղվող ծախսերի ավելացումը, ընդհանուր առմամբ, նպաստում է հավելյալ արժեքի ստեղծմանը և ՀՆԱ-ի ավելի բարձր տեմպերի ապահովմանը: 2019թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին հիմնական միջոցների համախառն կուտակման աճի տեմպը 2018թ.-ի նույն եռամսյակի համեմատ բացասական է եղել և կազմել է -0.5%, որը պայմանավորված է ձեռնարկությունների կողմից հիմնական միջոցների ձեռքբերմանն ուղղվող ծախսերի մակարդակի և պետական բյուջեով նախատեսված՝ որպես հիմնական միջոցների վրա կատարվող ծախսերի ընդամենը 24%-ով կատարման հետ:

Այսպիսով` դիտարկվող ժամանակահատվածում ձեռնարկություններին տրված վարկերը շուրջ 2 անգամ կրճատվել են և  չեն հանգեցրել հիմնական միջոցների համախառն կուտակման ավելի բարձր աճի տեմպերի, ինչն ավելի մեծ չափով կնպաստեր ՀՆԱ-ի աճին: Հակառակ պատկերն է արձանագրվել սպառողական վարկերի դեպքում, որի աճը դիտարկվող ժամանակահատվածում կազմել է 23%, ինչն ահազանգող միտումներ է պարունակում, քանի որ վարկավորման ծավալների աճին զուգահեռ էականորեն չեն աճում բնակչության եկամուտները:

Գծապատկերում՝ ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ՀՀ ռեզիդենտ ձեռնարկություններին տրամադրված, ինչպես նաև սպառողական վարկերի դինամիկան 2018-2019թթ. հունվար-սեպտեմբեր ամիսներին

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930