Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց Ազատամարտի մի խումբ մասնակիցներ նախաձեռնում են Կամավորական շարժում հասարակական կազմակերպության ստեղծումը

Նոյեմբեր 25,2019 15:27

Հայրենիքի պաշտպանության ու բարեկարգման գործը յուրաքանչյուր հայի սրբազան պարտականությունն է։ Մենք պարտադրված ենք պաշտպանելու մեր սահմանները, պարտավոր ենք մեր սերունդի մեծագույն նվաճումը՝ ազատագրված Արցախը, իբրև հայրենիքի անբաժան մաս՝ փոխանցել հաջորդ սերունդներին։

Մենք փոքրաթիվ ազգ ենք, մեր անկախությունը դեռ երիտասարդ է, մեր խնդիրները՝ բազում–բազմաթիվ, և ճակատագիրը մեզ բաժին է հանել ամեն վայրկյան պաշտպանության կարիք ունեցող սահմաններ:

Մենք այլ ելք չունենք, քան անհրաժեշտության դեպքում, ակնթարթորեն կազմակերպվելու և դառնալու ազգ-բանակ։ Իսկ դրա համար հարկավոր են որոշակի նախապատրաստական աշխատանքներ, որոնք պետք է տարվեն երկրի զարգացմանը մասնակից մեր առօրյա, բնականոն կյանքին զուգահեռ և պետք է պատրաստեն մեզ իբրև Հայոց բանակին կից աշխարհազորայիններ։

Մենք պետք է դառնանք համաժողովրդական բանակ։

Մեր նպատակը խաղաղություն է, սակայն մեր դաժան պատմությունը սովորեցրել է մեզ՝ խաղաղությունը չեն մուրում, չեն աղերսում այլ՝ պարտադրում են։ Իսկ դրա գրավականը պատրաստվածությունն ու կազմակերպվածությունն է:

Մենք՝ Հայոց Ազատամարտի մի խումբ մասնակիցներս, նախաձեռնում ենք ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ  ՇԱՐԺՈՒՄ  հասարակական կազմակերպության ստեղծումը, որը նպատակ ունի պատերազմական իրավիճակում մասնակցելու երկրի պաշտպանությանը և խաղաղության պայմաններում՝ երկրի շենացմանը:

Արդեն իսկ ՀՀ Պաշտպանության նախարարության հետ ունենք համաձայնություն նախաձեռնել բանակին կից, բանակի հրամանատարությանը ենթակա պահեստային ստորաբաժանումներ, որոնք պետք է կազմված լինեն կամավորության հիմունքով՝ իրենց առօրյա կյանքով ապրող քաղաքացիներից։ Հնարավոր պատերազմի ժամանակ պահեստայինները այսպես թե այնպես զորակոչվելու են բանակ: Մեր նպատակը՝ աշխարհազորի նպատակը, նրանց պատրաստվածության բարձր մակարդակի ապահովումն է, որին հնարավոր կլինի հասնել պարբերական ուսուցողական հավաքների միջոցով: Նման հավաքների ժամանակ քաղաքացիները պետք է կատարելագործեն իրենց մարտական հմտությունները և անհրաժեշտության դեպքում պատրաստ լինեն իրենց ստորաբաժանումներով, իրենց վերապահվելիք դիրքերում հնարավորինս արագ և առավել արդյունավետ իրականացնել Հայրենիքի պաշտպանության գործը:

Խաղաղության պայմաններում աշխարհազորի նպատակն է մասնակցել երկրի բարեկարգմանն ուղղված այն բոլոր աշխատանքներին, ուր հավելյալ մարդուժի կարիք կա:

Մենք սիրում ենք մեր երկիրը և պատրաստ ենք պաշտպանել ու շենացնել նրա ամեն մի մատնաչափ հողը։

Այսօր երկրում առկա բարոյահոգեբանական մթնոլորտը ավելի ու ավելի է կարևորում այնպիսի նպատակների և արժեքների շուրջ համախմբումը, որոնք ամուր հիմքերի վրա կդնեն Հայրենիքի անվտանգությունը:

Կոչ ենք անում բոլորին անդամագրվել Կամավորական Շարժում կազմակերպությանը։

Հայրենասիրությունը նախ և առաջ գործ է ու նվիրում։

Կամավորական Շարժում հայրենասիրական, բարեգործական

 հասարակական կազմակերպության նախաձեռնող խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930