Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ընենց էլ հարց եք տալիս, փաստորեն 96-ի՞ն… մոռացե՞լ եք, որ վարչապետը ներողություն է խնդրել 96-ի համար». Ըստ Մարուքյանի, Փաշինյանն ուզել է չարիքն օգտագործել մեկ այլ չարիքի դեմ

Նոյեմբեր 25,2019 13:57

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսելով իր հրաժարականի պահանջի մասին, ասել էր. «Ես հրաժարականի մասին մտածելու կարիք չունեմ այնքան ժամանակ, քանի դեռ ունեմ Հայաստանի Հանրապետության ժողովրդի վստահությունը, իսկ երբ որ չունենամ ժողովրդի վստահությունը, որևէ մեկին չեմ թողնի, որ ակնարկի դրա մասին, րոպե առաջ, որովհետև վարչապետը՝ անկախ անձերից, որը չունի ժողովրդի վստահությունը, չարիք է երկրի համար, ղեկավարը, որը չունի ժողովրդի, երկրի վստահությունը՝ անկախ անձերից, չարիք է երկրի համար այնպես, ինչպես, կներեք, չարիք են եղել բոլոր ղեկավարները՝ 1996թ.-ից, երբ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանությանը և փորձել են պահել այդ իշխանությունը, մեր օրոք էդպիսի իշխանություն ու էդպիսի իրավիճակ չի լինելու»։

Այսօր այդ առնչությամբ Aravot.am-ը հրավիրած ասուլիսում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին հարցրեց՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը նույն հարթության մեջ դրեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ եւ դուք կիսո՞ւմ եք նրա այդ տեսակետը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չարիք է եղել մեր երկրի համար: Մակունցը պատասխանեց. «Կարծում եմ, պետք է վերացարկվել անուններից, որովհետեւ վարչապետը առաջին հերթին ընդգծել է երեւույթը եւ համարել է ոչ ժողովրդավար ճանապարհով իշխանություն ստանձնած անձանց, այն մարդկանց, ովքեր կեղծել են ընտրություններ, այդ մարդկանց ու իշխանություններին համարել է պետության համար վտանգ ներկայացնող: Այստեղ ոչ թե կարեւոր են անձերը, այստեղ կարեւոր է երևույթը եւ ընդհանրապես, մենք ինչպես ենք պատկերացնում երկրի ապագան ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից: Սա է ամենակարեւոր շեշտադրումը, որ ես հասկացել եմ վարչապետի ելույթից»:

Մեր դիտարկմանը՝ ՀԱԿ-ից արձագանքում են, ասում են՝ այդ դեպքում, եթե նա գտնում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չարիք է, ինչո՞ւ էր պայքարում, որ նա գա իշխանության՝ Մակունցը պատասխանեց. «Ես արդեն պատասխանեցի ձեր հարցին»:

Մակունցի փոխարեն կողքից արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ասելով. «Որպեսզի այդ չարիքն օգտագործեր մեկ այլ չարիքի դեմ»:

Ըստ Մարուքյանի, շատ ճիշտ հայտարարություն է արել վարչապետը, որովհետեւ ընտրությունները ով էլ կեղծում է ու ուզում է այդ կեղծիքով իշխանությունը պահել, չարիք է. «Ընենց էլ հարց եք տալիս, փաստորեն 96-ի՞ն…մոռացե՞լ եք, որ վարչապետը ներողություն է խնդրել 96-ի համար: Ով ուզում է լինի: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն է այն ժամանակվա նախագահը եղել եւ կեղծիքներ է իրականացրել, որ իր իշխանությունը պահի, ուրեմն իրեն է վերաբերում, ի՞նչ կա դրա մեջ զարմանալի: Այլ բան է, որ հետո ՀԱԿ-ը արձագանքում է, ասում է՝ բա էդ դեպքում խի՞ էր հետո աջակցում եւ այլն… Էդ էլ կարելի է հետեւյալ ձեւով մեկնաբանել՝ փորձել է չարիքն օգտագործել չարիքի դեմ, որ հետո փոխվի: Ես հիշում եմ, որ այն ժամանակ բազմաթիվ մարդիկ, որեւէ կերպ Տեր-Պետրոսյանին լիդեր չհամարելով՝ քվեարկում էին նրա օգտին, որ փոփոխություն տեղի ունենար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930