Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք մեր նախաձեռնությունը սկսում ենք այս շենքի մոտից, որ ասենք՝ մենք չենք վախենում ԱԱԾ-ից». Դավիթ Պետրոսյան

Նոյեմբեր 25,2019 13:44

«Մենք մեր նախաձեռնությունը սկսում ենք այս շենքի մոտից, որ ասենք՝ մենք չենք վախենում ԱԱԾ-ից»,-ԱԱԾ-ի դիմաց անցկացվող բողոքի նախաձեռնությանը հայտարարեց «Ռեստարթ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:

Նա վստահեցրեց, որ հեղափոխությունը դեռ չի հասել իրավապահ մարմիններ և հավաստիացրեց. «Մենք չենք վախենում բոլոր այն մարդկանցից, որոնց կապերն այս կառույցի հետ ոչ միայն կասկածելի են, այլև մի շարք փաստեր է պարունակում: Մենք չենք վախենում այն ատելության մթնոլորտից, որ ֆեյսբուքում է սերմանվում, այն վայրահաչ, սեռական հայհոյանքներից, որոնք մեր ծնողներին են ուղղված: Այս ամենը տեղի է ունենում շատ պետական ինստիտուտների և այս մարմնի անգործության պատճառով»: Դավիթ Պետրոսյանն ասաց, որ շարունակում են քաղաքացիների հեռախոսները լսել:

Ցույց տալով ԱԱԾ շենքը՝ Դավիթ Պետրոսյանն ասաց. «Այս մարմնի նկատմամբ մինչև հիմա ժողովրդի մոտ չկա վստահության մթնոլորտ: Եթե վստահության մթնոլորտ չկա, ուրեմն ՀՀ ում հեղափոխությունը ավարտված չէ»:

Դավիթ Պետրոսյանն ասաց, որ 2018-ի հեղափոխության արդյունքներից մեկը պիտի լիներ ՀՀ-ում ժողովրդավարական արժեքների վերականգնումը, մինչդեռ շարունակում ենք ունենալ ուժային կառույցներ, որոնցից ժողովուրդը վախենում է:

Նախաձեռնության անդամները դատարկ թուղթ հանձնեցին ԱԱԾ-ին, որ ԱԱԾ-ում գրեն բոլոր այն վիդեոբլոգերների անունները, որոնք սնվում են այս կառույցից:

Հարցին՝ իսկ ո՞վ պետք է լինի այդ բարեփոխումների հասցեատերը, կառավարությո՞ւնը, Դավիթ Պետրոսյանը պատասխանեց. «Բոլոր բարեփոխումների իրականացման պատասխանատուն ներկայիս ՀՀ կառավարությունն է: Բայց մինչ կառավարությանը հարցում անելը, հարցում ենք անում հենց տվյալ ոլորտի պատասխանատուներին: Եթե տվյալ ոլորտի պատասխանատուներից բավարար պատասխան չստանանք, հարցերը պետք է ուղղենք այն մարդկանց, որոնք, ստանալով ժողովրդի քվեն ու վստահությունը, որոնք փորձում են երկրում իրականացնել իրենց խոստումները, որոնք շատ ոլորտներում ստացվում է իրականացնել»:

«Ռեստարթ» նախաձեռնության անդամներից  Յուրի Ավագյանն ասաց, որ առհասարակ, երբ երկրում հեղափոխություն է տեղի ունենում, ու նախկին ավտորիտար ռեժիմին ծառայող ուժային կառույցները չեն ենթարկվում փոփոխության, ուրեմն հին փիլիսոփայությամբ են գործում. «Քաղաքական մոտեցման հարց է առաջանում. բա լա՞վ, եթե հեղափոխությունը տեղի է ունենում, ինչո՞ւ այս կառույցներում տեղի չի ունենում: Այսօր, եթե մեկի մեքենան գան, թալանեն ոչ թե գնալու է դիմի ոստիկանություն, այլ իրենց թաղի Գոջիին, քանի որ քրեական հեղինակությունն ավելի շուտ «վազվրատ» կանի գողոնը, քան ոստիկանությունն իր ողջ ներուժով:

Դավիթ Պետրոսյանն էլ, անդրադառնալով ԱԱԾ գործառույթներին, ասաց, որ ՀՀ ԱԱԾ առաջնահերթությունը ֆինանսական ոստիկանության գործառույթների ստանձնումը չէ:

ԵՊՀ-ում դասադուլների մասին և հարցին՝ արդյոք հայոց լեզու և հայոց պատմություն առարկաների՝ բուհական ծրագրից դուրս բերելու հարցում ո՞րն է իրենց դիրքորոշումը, Դավիթ Պետրոսյանն ասաց, որ այս հարցով իրենց կարծիքը հայտնել են, միայն փոխանցեց, որ եթե անգամ ուսանողների կարծիքի հետ համաձայն էլ չլինեն, ուրախ են, որ ուսանողները հնարավորություն ունեն բարձրացնել իրենց բողոքի ձայնը:

Բաց հասարակության հիմնադրամների հետ՝ «Ռեստարթ» նախաձեռնության համագործակցության առիթով Դավիթ Պետրոսյանն ասաց. «Ռեստարթ» նախաձեռնությունը չի համագործակցում միայն Բաց հասարակության հիմնադրամների հետ, այլ համագործակցում և համագործակցելու է բոլոր այն կազմակերպությունների հետ, որոնք շահագրգռված են ՀՀ-ում նորմալ արդարադատություն և զարգացած կրթական համակարգ ունենալու հարցով»:

Դավիթ Պետրոսյանն ասաց, որ վաղը հանդիպելու են նաև ոստիկանապետին և վստահեցրեց. «Չի կարող լինել նոր Հայաստան հին իրավական համակարգի ներկայացուցիչներով, չի կարող լինել նոր Հայաստան խոցելի արժանապատվությամբ, չի կարող լինել նոր Հայաստան իրավական համակարգի նկատմամբ անվստահության մթնոլորտով»:

Այն հիշեցմանը՝ Արթուր Վանեցյանն ասաց, որ Սորոսի գրասենյակը վտանգ է ներկայացնում ՀՀ անվտանգության համար, Յուրի Ավագյանն արձագանքեց, որ նա դեռ պիտի խոսի ու հիմնավորի իր ասածները, հակառակ դեպքում դրանք անհիմն են:

Իսկ Դավիթ Պետրոսյանը հորդորեց  նախ հասկանալ, թե որն է Արթուր Վանեցյանի համար վտանգավորը ու եզրափակեց. «ՀՀԿ համար վտանգավոր էր «Ռեստարթ» նախաձեռնությունը, վտանգավոր էր ազատ խոսք տարածող մամուլը, վտանգավոր էին իրենց բողոքի ձայնը բարձրացնող ուսանողները, դրա համար Յուրիին եկան, տարան ոստիկանություն, ինձ կանչեցին ԱԱԾ, համալսարանից հարցեր էին տալիս: Հիմա պարոն Վանեցյանը պիտի ասի՝ իր համար որն է վտանգավոր և հիմնավորի իր ասածները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930