Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանի ելույթից ես գալիս եմ այն եզրակացության, որ ՀՀԿ-ն վերլուծություն չի կատարել». Մակունց

Նոյեմբեր 25,2019 13:35

Սերժ Սարգսյանը Զագրեբում քննադատել էր ՀՀ իշխանություններին ու նաեւ ասել, որ Հայաստանում վերջին մեկուկես տարվա ընթացքում արտաքին ու ներքին քաղաքական կյանքում որեւէ հեղափոխական փոփոխություն չի կատարվել:

Այսօր այս առնչությամբ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց. «Պիտի անհամաձայնություն հայտնեմ Սերժ Սարգսյանի հայտնած դիրքորոշման առնչությամբ, որովհետեւ ակնհայտ է՝ չնայած այն հանգամանքին, որ կառավարությունը ծրագրում նշել է, որ արտաքին քաղաքականութան առումով վեկտորներ չեն փոխվել եւ մենք գնում ենք այդ ուղղությամբ, այնուամենայնիվ, ՀՀ-ն ոչ միայն բալանսավորված քաղաքականություն է ձգտում վարել, այլեւ որակական ու բովանդակային առումով նոր շեշտադրումներ է հաղորդում իր գործընկերների հետ հարաբերությանը: Դրա վառ վկայությունն են եվրոպական մի շարք երկրների հետ ՀՀ-ի հարաբերությունները՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, այլ երկրների եւ ուզում եմ գոհունակությամբ հայտնել, որ կան բոլոր հիմքերը պնդելու, որ ՀՀ-ն նաեւ գործնական քայլեր է ձեռնարկում, մասնավորապես խորհրդարանական հարթակի տեսանկյունից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խորացնելու: Այնպես որ, համաձայն չեմ այն շեշտադրումների հետ, որոնք արել է Սերժ Սարգսյանը»:

Նա շեշտեց, որ շատ կարեւոր են ՀՀ-ի սուվերեն դիրքերը:

Սերժ Սարգսյանը նաեւ ասել էր, որ նախորդ տարի իշխանափոխությունը տեղի էր ունեցել խաղաղ ճանապարհով, նպատակը մեկն է եղել՝ թույլ չտալ, որպեսզի մարդկային զոհեր լինեն եւ պետությունը զերծ պահել ցնցումներից, սակայն գնալով ավելի շատ են մեղադրանքներն ու քննադատությունները, որ իրենք իշխանությունը զիջել են պոպուլիստներին: Մակունցն արձագանքեց. «Ժողովրդավարության դեմ հանդես գալու եւ ժողովրդավարության դեմ պայքարելու հիմնական մարտահրավերն այն է, որ հանդես են գալիս ժողովրդավարությունը որպես պոպուլիզմ անվանելով: Սա ժողովրդավարության համար ամենամեծ մարտահրավերն է: Բնականաբար, ինչպես պետք է պայքարել ժողովրդավարության դեմ, եթե ոչ այն պիտակավորելով: Երկրորդը՝ նախորդ իշխանությունները հեռացել են ոչ այն պատճառով, որպեսզի տեղի չունենան մարդկային զոհեր, այլ հեռացել են այն պատճառով, որովհետեւ ՀՀ քաղաքացիները մերժել են նրանց: Սա շատ կարեւոր տարբերություն է: Եվ Սերժ Սարգսյանի ելույթից ես գալիս եմ այն եզրակացության, որ ՀՀԿ-ն վերլուծություն չի կատարել ու չի վերլուծել, թե ինչն էր պատճառը, որ 2018-ի գարնանը տեղի ունեցավ հեղափոխություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930