Արեն Մկրտչյանը՝ Արթուր Վանեցյանի հորդորի առիթով
«Առավոտի» հետ զրույցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) գործկոմի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն ասաց, որ նոյեմբերի 21-ին տեղի ունեցած Գործկոմի նիստը բեկումնային էր հայկական ֆուտբոլի համար: Այս առիթով նա մանրամասնեց. «Գործկոմի՝ մեկ օր առաջ կայացած նիստը բավականին կառուցողական մթնոլորտում անցավ: Տեւեց բավականին երկար. մանրամասն քննարկեցինք բոլոր խնդիրները: Շատ ուրախ եմ, որ եկանք կոնսենսուսի, ու բոլորս մեր մասնաբաժին պատասխանատվությունը վերցրինք հանուն հայկական ֆուտբոլի: Եւս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ պարոն Վանեցյանի հրաժարականի որոշումն իր անձնականն է, եւ գործկոմի՝ դեկտեմբերի 23-ին նոր գործկոմ ձեւավորելու որոշումը, գործկոմի որոշումն է»:
«Առավոտը» Արեն Մկրտչյանին հիշեցրեց, որ ՀՖՖ նախկին նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իր վերջին հարցազրույցում բազմիցս անդրադարձավ Արեն Մկրտչյանի հնչեցրած դիտարկումներին: Այս կապակցութամբ Արեն Մկրտչյանն արձագանքեց՝ նշելով, թե հարցազրույցը չի նայել, ու թե իր անունը ինչքան է հիշատակվել ու ինչ համատեքստում, տեղյակ չէ: Պատգամավորն ասաց, որ երեւի չի էլ դիտի հարցազրույցը ժամանակի սղության պատճառով: Հիշեցրինք՝ Արթուր Վանեցյանը հայտարարեց՝ Գործկոմի անդամները շատ լավ գիտեն, թե ինչպես ու ինչ պայմաններում են դարձել ՀՖՖ գործկոմի անդամ, նաեւ կարծիք էր հայտնել, նրանցից ոչ մեկն անգամ չգիտի, թե որ ֆուտբոլային ակումբի կողմից է առաջադրվել իր թեկնածությունը գործկոմում ընդգրկվելու համար: Այս առիթով Արեն Մկրտչյանից հետաքրքրվեցինք՝ իրեն ո՞ր ակումբն է առաջադրել եւ ինչպե՞ս է գործկոմը ձեւավորվել, նա պատասխանեց. «Հարցազրույցը Արթուր Վանեցյանի հրաժարականից մեկ օր առաջ էր նկարահանվել, անոնսն էլ շրջանառվում էր: Դրա հաջորդ օրը եղավ Գործկոմի նիստը, որտեղ մենք բավականին կառուցողական մթնոլորտում եկանք կոնսենսուսային տարբերակի: Այդ համատեքստում ես ժամանակավրեպ եմ համարում արձագանքել, հակադարձել, քանի որ մենք արդեն երկուստեք համաձայնության ենք եկել: Գործկոմն իր պատասխանատվությունն է վերցրել, պարոն Վանեցյանը՝ իր: Ես ինքս հինգ տարի ֆուտբոլով եմ զբաղվել, ֆուտբոլ պարապել, վեց տարի մարզական կայքի խմբագիր եմ եղել, մարզադաշտի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերը մեկնաբանել եմ ու ինձ առնվազն ֆուտբոլային գիտելիքների պակասի մեջ հնարավոր չէ մեղադրել: Նոյեմբերի 21-ն իսկապես բեկումնային էր հայկական ֆուտբոլի համար, եւ պարոն Վանեցյանն իր անձնական որոշմամբ հրաժարականի մասին խոսեց, եւ գործկոմն ընդունեց: Մենք էլ մինչեւ դեկտեմբերի 23-ը ոչ ֆուտբոլային եւ կասկածելի կապերով ՀԿ-ների զտումը կիրականացնենք, կմաքրենք Ընդհանուր ժողովը եւ դրանից հետո Ընդհանուր ժողովը դեկտեմբերի 23-ին կձեւավորի նոր գործկոմ, կընտրվի ՀՖՖ նոր նախագահ»:
Այս գործկոմի ընտրության մասին Արեն Մկրտչյանը փոխանցեց. «Գոյություն ունի Ընդհանուր ժողով, որի կազմում են ֆուտբոլային ակումբները եւ տարբեր ՀԿ-ներ, որոնք յուրաքանչյուրն առաջադրում են գործկոմի անդամի: Եվ տեղի է ունենում քվեարկություն ու դրա միջոցով ձեւավորվում է Գործկոմը: Խնդիրն այն է, որ ֆուտբոլային ակումբները եւ ՀԿ-ները գումարային թվով 35-ն են եւ կան ՀԿ-ներ, որոնք ընդհանրապես հայտնի չէ՝ ինչ ծագում ունեն, ֆուտբոլի հետ ինչ կապ ունեն: Ենթադրում եմ՝ արհեստականորեն նախկինում ստեղծված էին եղել, որ կարեւորագույն քվեարկությունների ժամանակ իրենց ձայնն ունենան, եւ հենց ժողովն է գործնականում որոշում հայկական ֆուտբոլի ճակատագիրը, քանի որ ինքն է ձեւավորում գործկոմ, նշանակում է ՀՖՖ նախագահ եւ այլն»:
Կարդացեք նաև
Արեն Մկրտչյանը տեղեկացրեց, որ իր թեկնածությունն առաջադրել է Լոկոմոտիվ ակումբը:
Մեր զրուցակցին խնդրեցինք արձագանքել Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, թե ֆուտբոլը օգտագործվում է որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք: Նա նշեց, որ հակադարձումներն արդեն ժամանակավրեպ են Գործկոմի վերջին նիստից հետո: Եվ վստահեցրեց՝ ֆուտբոլը քաղաքական չի եղել, քանի որ Գործկոմի նիստի ժամանակ քաղաքական հարցեր չեն քննարկվել, միմիայն ֆուտբոլային հարցեր:
Մեր հստակեցմանը՝ ի՞նչ սկզբունքով է ընտրվելու ՀՖՖ նախագահը, Արեն Մկրտչյանն ասաց, որ դա բացառապես ժողովի որոշելիքն է եւ այն անկախ մարմին է, ու ինքը լիազորություն չունի այդ հարցը որոշելու, ուստի դա կլինի միջամտություն ժողովի որոշումներին:
Զրույցի ավարտին հարցրինք՝ հաշվի առնելո՞ւ է Արթուր Վանեցյանի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին ուղղված հորդորը՝ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը քաղաքական մարմին դարձնող օրինագծին դեմ քվեարկել, Արեն Մկրտչյանը պատասխանեց. «Մենք կքվեարկենք այնպես, ինչպես ճիշտ ենք համարում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.11.2019