Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պարտավորվել է մինչև 2050 թվականը անտառածածկ տարածքները հասցնել 21 տոկոսի

Նոյեմբեր 25,2019 11:16

Ըստ ՀՀ Անտառային օրենսգրքի 3-րդ հոդվածի, անտառը սահմանված է իբրեւ «անտառային կամ անտառապատման նպատակով հատկացված այլ հողերում ծառաթփային բուսականության գերակշռությամբ կենսաբանական բազմազանության ու բնական միջավայրի բաղադրիչների փոխադարձորեն կապված և միմյանց վրա փոխազդող ամբողջություն, որի նվազագույն մակերեսը կազմում է 0,1 հեկտար, նվազագույն լայնությունը` 10 մետր, և որտեղ ծառերի սաղարթը ծածկում է տվյալ տարածքի  առնվազն  30 տոկոսը, ինչպես նաև նախկինում անտառածածկ անտառային հողերի ոչ անտառածածկ տարածքները»։

Բնապահպան, «Կանաչ Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ Հայկ Գրիգորյանը մեր զրույցում ասաց, թե մեր երկիրը դանդաղ քայլում է դեպի անապատացում, իսկ դրա գլխավոր պատճառն օր-օրի շատացող անտառահատումներն են. «Ծառերը հատում են, ասֆալտ փռում, քաղաքի օդն են չորացնում… քաղաքի թոքերն են կտրում, բետոնից պուրակներ են սարքում, որոնք մեզ թթվածին չեն տալիս»,- հավելեց Հայկ Գրիգորյանը։

Բուսական աշխարհի պահպանության ոլորտում վերջին շրջանում արձանագրվել են հետևյալ իրավախախտումները.

  • Լոռի՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (1 թխկի, 1 քամատապալ բոխի, 2 քամատապալ կաղնի, 1 հողմատապալ հաճարենի) հաշվարկվել է 308.300 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (0,25 խմ թափուկ վառելափայտ)՝ 4.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
  • Սյունիք՝ նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 2 դեպքով հաշվարկվել է 357.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և նշանակվել է 120.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
  • Վայոց Ձոր՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (14 ուռենի, 1 թթենի) հաշվարկվել է 436.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
    (նյութը հղումը)

Հայաստանյան անտառների վերջին հաշվառումը իրականացվել է հեռավոր 1993 թվականին, ըստ որի, երկրի 11 տոկոսը անտառածածկ է. ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» կոնվենցիայով մեր երկիրը  պարտավորվել է մինչև 2050 թվականը Հայաստանի անտառածածկ տարածքները հասցնել 21 տոկոսի։

Այս տարի հակաբնապահպանական  ամենաաղմկահարույց դեպքը գրանցվեց Իջևանում. տեղի բնակիչները բողոքի ցույց էին նախաձեռնել  ապօրինի անտառահատումների արգելքի դեմ: Բախում տեղի ունեցավ ոստիկանների և քաղաքացիների միջև, իրավապահների նկատմամբ կիրառված բռնության համար մեղադրանք առաջադրվեց 13 անձի։

Իջևանի անտառտնտեսության անտառապետ Վարդան Առուստամյանը լրագրողների հետ զրույցում  ասել էր, որ հուլիս ամսվա ընթացքում 70-80 խորանարդ մետր փայտ է առգրավվել։ Ընդհանուր առմամբ Տավուշի մարզում  այս տարվա առաջին կիսամյակում ապօրինի ծառահատման 73 քրեական գործ է հարուցվել։ Վեց ամսվա ընթացքում բնությանը պատճառված վնասի չափը ապօրինի ծառահատումների դեպքերով կազմում է շուրջ 395 միլիոն 643 հազար 850 դրամ։ Եվս 14 գործ էլ հարուցվել է պաշտոնական լիազորությունների չարաշահման, անփութության ու կաշառք ստանալու հատկանիշներով։

Նշենք, որ անտառային և հատումներն արգելող տարածքները և բուսածածկը ոչնչացնելու համար քրեական օրենսգրքով նախատեսված են պատիժներ, մասնավորապես՝ մինչև 4 մլն դրամ տուգանք, նաև 3-8 տարի ժամկետով ազատազրկում:

Բնապահպանի համոզմամբ, մարդուն դեռ փոքր հասակից հարկավոր է սովորեցնել սիրել ու պահպանել բնությունը։ Երեխան դպրոցում դասագրքային ուսումից պետք է անցնի գործնականի՝ ծառ տնկի, ջրի, էտի, սովորի անհրաժեշտ խնամք ցուցաբերել բույսերին և կենդանիներին։

Բնապահպանական կրթության հարցում հ/կ-ի ղեկավարը կարևորեց նաև ընտանիքի դերը. «Շատ եմ տեսել, երբ իբրև երեխային պաշտպանելու համար հենց նրա աչքի առաջ մայրը տրորել է փոքրիկ բլոճի՝ ակամայից վատ օրինակ  ծառայելով  իր երեխային։ Փոխանակ գետնից վերցնի ու ցույց տա, որ անվնաս արարած է, և, որ դրանց պետք է պաշտպանել, ոչ թե սատկացնել»։

Մարիամ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Լոռվա և Տավուշի մարզերի անտառների լուսանկարները տրամադրել է բնապահպան Հայկ Գրիգորյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930