Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի հայ ընտանիքի երեխա ունենալու երազանքը փշրվեց մայրենիքում

Նոյեմբեր 25,2019 12:30

Չնայած տուժողը վերարտադրողական տարիքում չէր, սակայն հնարավոր էր բեղնավորում եւ հղիություն՝ առանց արտամարմնային բեղմնավորման եւ
արգանդի խոռոչում սաղմերի տեղադրման մեթոդի կիրառման:

Հասցրեցի ուսումնասիրել Ֆրանսիայից Հայաստան պարբերաբար եկող ամուսինների հետ պատահածի ողջ պատմությունը: 91 անուն իրավական փաստաթղթերի քանակը էլի կաճի: Դրանք բողոք-նամակներ են, քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշումներ, հաղորդում հանցագործության մասին, դիմումներ ՊԵԿ-ին, ընդհանուր իրավասության դատարանի, վերաքննիչ, վճռաբեկ ատյանների դատական ակտեր, փորձագիտական հանձնաժողովի 2018թ. հունիսի 21-ի եզրակացություն, նամակներ վարչապետին, ՄԻՊ-ին, գլխավոր դատախազին, պատասխաններ գլխավոր դատախազությունից, ՀՀ քննչական կոմիտեի վերահսկողության գլխավոր վարչությունից, բուժկենտրոնների բժշկական քարտը:

Այս զույգն ամենի միջով անցել է, գալով մայրենիք, վարձակալել է բնակարան, յուրաքանչյուր ամսվա համար 130 000 դրամ վճարելով, եկել են նաեւ ավտոմեքենայով, դրա համար կատարելով հարկադիր ծախսեր.մեքենայի ապահովագրություն, մեքենայի ՀՀ-ում շահագործման համար թույլտվություն, գումարած իրավաբանի համար վճարված ծախսերը, փաստաթղթերի, կոնսուլտացիաների, դեղերի, ապրուստի, սննդի հարցերը հոգալը: Այս նյութական ծախսերին գումարվել է բարոյական վնասը, ցավոտ հիասթափությունն ու հավատը:

Զրուցակիցս պատմում է, թե ինչպես երկու տարի առաջ երեխա ունենալու իրենց երազանքն իրականացնելու համար եկան Հայաստան. «Եկանք Հայաստան եւ դարձանք «Մարդու պտղաբերության կենտրոնի» (Fertiliti Center) տնօրեն Էդ.Համբարձումյանի խարդախության զոհը: Ի սկզբանե, մենք կենտրոն էինք դիմել փոխնակ մոր ծրագրից օգտվելու համար: Սակայն տնօրենը մեր վստահությունը չարաշահելու նպատակով, ինչպես հետագայում պարզվեց՝ միտումնավոր շեղեց մեզ այդ մտքից, հավաստիացնելով եւ երաշխավորելով, որ ես՝ 53-ամյա կինս, կարող եմ փոխնակ մոր դերը կատարել»:

Զրուցակիցս հայտնում է, որ մինչ Հայաստանում պայմանավորվածություն ձեռք բերելը, 2016-ին էլեկտրոնային փոստով բուժկենտրոն էր ուղարկել հետազոտությունների փաստաթղթեր, Մարսել քաղաքի բուժհաստատություններից նաեւ, որոնք բավարար էին, որպեսզի, ըստ նրա, Հիպոկրատի երդում տված բժիշկը, որպես ոլորտի մասնագետ, ներկայացներ հնարավոր առողջական ռիսկերն ու արհեստական բեղմնավորման մեթոդի արդյունավետության, դրա համար անհրաժեշտ բժշկական օգնության ողջ ծավալի եւ հնարավոր բարդությունների մասին տեղեկություններ:

Քրեական գործի շրջանակներում ամուսինները քննիչներից մեկին (5-6 քննիչ է փոխվել) հայտնել էին, որ ինչպես տնօրենը, այնպես էլ բժիշկ Ռ.Ճզմաչյանը «կատարել են այնպիսի գործողություններ, որոնք վտանգավոր էին իմ առողջության համար»: Խոսքը կնոջ հիվանդությունների, Ֆրանսիայում հայտնաբերված առողջական խնդիրների մասին է, ինչը հետազոտվելու դեպքում կնոջը չէր նշանակվի այնպիսի դեղամիջոցներ, «որոնք ոչ միայն չէին ծառայելու իրենց նպատակին, այլեւ նպաստելու էին նոր վտանգավոր երեւույթների ի հայտ գալուն»:

Նշեմ, որ կինը վեց ամիս դեղեր է ընդունել, վիրահատվել է «Սուրբ Աստվածածին» բուժկենտրոնում, կրել ընդհանուր ազգայնացմամբ վիրահատություն, որը նախապես  իմանալու դեպքում զույգը կհրաժարվեր: Կենտրոնը երկրորդ անգամ է ուղարկել կնոջը վիրահատվելու, սակայն նա հրաժարվել է:

Բարձր ռիսկային խմբում գտնվող կնոջ առողջությանը վնասել են ճառագայթներ նշանակելով, ձայնային՝ Էխո, հետազոտություններ մեծ հաճախականությամբ: Հայաստանում՝ ամեն շաբաթ: Նրա չծննդաբերած արգանդում բազմաթիվ միոմաների առկայության պայմաններում հորմոններ են նշանակել:

Նրանք տվել են կենտրոնին 3000 եվրո գումար եւ մինչ օրս պահանջում են այդ գումարը: Կենտրոնը հրաժարվել է տալ գումարը, հայտնելով, թե «ավելին են արել», թե տուժողն իրենց է վճարել 1 535 000 դրամ: Ի դեպ, նրանց վճարման ժամանակ չի տրվել ՀԴՄ կտրոն, այլ ստացական, սակայն ՊԵԿ-ը ի գիտություն էր ընդունել տնօրենի բանավոր հայտարարությունը, թե «մեր խնդրանքով է, որ ստացականի վրա գումարի չափը գրվել է արտարժույթով», որ իրականում ինքը համարժեք դրամով է ստացել: Տուժող ամուսինները հանցագործության մասին հաղորդմամբ դիմել են իրավապահ մարմիններին, Երեւանի Ավան եւ Նոր Նորքի քննչական բաժնի կողմից 2017թ. օգոստոսի 31-ին հարուցվել է քրեական գործ, նրանք ճանաչվել են տուժող:

Առողջապահության նախարարություն ուղարկված նամակների ու ընդունելության խնդրանքի մասին

Առողջապահության նախարարությունն իրեն հասցեագրված երրորդ նամակին պատասխանել է հունվարի 11-ի գրությամբ՝ գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանի կողմից ուղարկված: Այնտեղ գրված է. «Ոչ կանոնադրությամբ, ոչ էլ որեւէ իրավական ակտով, այդ թվում ՍՊԸ մասին ՀՀ օրենքով, առողջապահության նախարարությանը վերպահված չէ լիազորություն՝ միջամտելու «Մարդու պտղաբերության կենտրոնի» գործունեությանը, քանի որ այն մասնավոր բժշկական կազմակերպություն է»: Այս նույն տրամաբանությամբ կարելի է հարցնել, թե ինչպես է ամիսներ առաջ պետպատվեր իջեցվել այդ նույն բուժկենտրոնին, արդյոք դա միջամտություն չէ՞:

Բողոքաբեր կողմը հանդիպել է նախարարի խորհրդականի հետ, որն այդ հանդիպման ժամանակ ասել է. «Հաստատությունն իրավունք չունի շարունակել իր գործունեությունը ՀՀ-ում»:

Քրեական գործի շրջանակներում հրաժարվել են ցուցմունք տալ թե կենտրոնի տնօրենը, թե բժիշկը:

Բժիշկը հայտնել է, թե պատրաստել էին սաղմիկը՝ էմբիոնը, սակայն որեւէ պայմանագիր կամ իրավական գործընթաց դոնորի ընտրություն, «բարաթ», ստորագրություն չկա:

Ուշադրության արժանի է այն, որ «Պտղաբերություն» կենտրոնում ուլտրաձայնային հետազոտությունից հետո բժիշկն ասել էր տուժողին, թե ամեն ինչ կարգին է: Չանցած հինգ օր, նույն կենտրոնում հետազոտելով տուժողին, հայտնում են՝ «փոքրիկ պոլիպներ են», պետք է հեռացվեն: Վիրահատության ժամանակ այդ փոքրիկ պոլիպը մեկ այլ բժշկի մոտ հեռացվում է՝ որպես միոմա:

Ըստ ավագ քննիչ Ռ.Ղարիբյանի՝ այս տարվա օգոստոսի 28-ի քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշման, «Պտղաբերություն» կենտրոնից առգրավվել էին հարյուրյոթ համարակալած էջերից բաղկացած, տուժողի բժշկական քարտը: Որոշում էր կայացվել հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, այն հանձնարարվել էր «դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին: Կասեցման պահին էլ նրանց եզրակացությունը չէր ստացվել, ինչը նշանակում է, որ քրեական գործի վարույթ է կասեցվել ոչ բազմակողմանի, լրիվ ապացույցների առկայությամբ:

Կասեցման հիմքն այն է, որ «հայտնի չէ որպես մեղադրյալ ներգրավվելու ենթակա անձը»: Տեղեկացնեմ, որ այս գործը մի անգամ էլ կասեցվել էր 2017թ. հոկտեմբերի 31-ին՝ նույն պատճառաբանությամբ, սակայն դատական ատյաններով կողմը շահել էր դատը, դատարանն արձանագրել էր. «Պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին ՀՀ քննչական կոմիտեի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչին վերացնել ամուսինների իրավունքների եւ օրինական շահերի խախտումները»:

Ինչո՞ւ էր կողմը դիմել ՊԵԿ-ին

Տուժողը, ինչպես տեղեկացանք, գնացել է այդ կենտրոն, ստացել բժշկական ծառայություններ, կատարել վճարումներ, նույն կենտրոնից գնել բուժման համար անհրաժեշտ դեղորայք: Նրան ՀԴՄ չի տրամադրվել, բացառությամբ Կենտրոնի ներքին վճարման կտրոնների: Տուժողը դիմել էր ՊԵԿ-ին, պարզելու, թե արդյոք առկա է խախտում, ինչու այդ գումարները դրամարկղ չեն մուտքագրվել, քանի որ դոնորական ծառայությունն ազատված է հարկերից: Բացի այդ, չի երեւում, թե որ փաստաթղթով է վճարված 3000 եվրոյից 1000-ը ենթադրյալ դոնորին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930