ՀՀ 2020թ․ պետական բյուջեի նախագծով համաչափ տարածքային զարգացման տրամաբանություն չկա և այն շարունակում է նախկին կառավարման տարիների իներցիան։
Մեր կողմից բազմիցս բարձրաձայնված տարածքային համաչափ զարգացման խնդիրն այս բյուջեով այդպես էլ մնում է չլուծված, ինչպես որ արմատական վերափոխման չի ենթարկվում այս ոլորտում կառավարության քաղաքականությունը։
Դրա հետևանքով Հայաստանը շարունակում է մնալ մայրաքաղաք-պետություն կամ շերեփուկ, որի անհամաչափ մեծ գլուխը Երևանն է, իսկ փոքրիկ մասը միայն՝ մարզերը։ Դրանք շարունակում են մնալ մոռացված, ամեն բանը դեռևս կենտրոնացած է մայրաքաղաքում, այդպիսով՝ էական դրական փոփոխություններ մարզային համայնքներում տեղի չեն ունենում։ Այդտեղից աշխատանքի, որակյալ կրթության, առողջապահական և այլ նպատակներով՝ բնակիչները տեղափոխվում են Երևան կամ առհասարակ արտագաղթում են։
Մարզային դպրոցների, պոլիկլինիկաների և այլ հաստատությունների խիստ թերի ֆինանսավորումը՝ մայրաքաղաքի համեմատ, բերելու է այս իրավիճակի միայն խորացման, ինչի դեմն առնելու ժամանակը որքան երկարաձգենք, այնքան ավելի բարդ է լինելու լուծումը։
Կարդացեք նաև
Քանի դեռ կյանքի որակը մարզերում իջնում է, մայրաքաղաքն էլ շարունակաբար գերբեռնվում է, և այս հանգամանքներից յուրաքանչյուրն իր հետ բերում է համապատասխան բացասական հետևանքները։
«Լուսավոր Հայաստան»-ի թվով 151 առաջարկությունների ընդունման արդյունքում կից ներկայացված ՀՀ համայնքներին և Երևան քաղաքին տրամադրվող դոտացիաների սարսափելի անարդար անհամաչափ բաշխումը կարող է վերափոխվել:
Կոչ եմ անում կառավարությանը արմատապես վերանայել այս ոլորտի քաղաքականությունը, քանի դեռ չափազանց ուշ չէ։
Էդմոն ՄԱՐՈՒՔՅԱՆ
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար