Քաղաքը կարդում է։ Երևանում իր ավարտին մոտեցավ գրքի երևանյան փառատոնը։ Փառատոնի բացումը տեղի ունեցավ 22-ին։ Այս օրերի ընթացքում տեղի ունեցան բազմաթիվ միջոցառումներ՝ հանդիպումներ և զրույցներ ամենատարբեր գրականագետների և արվեստագետների հետ։
Նոյեմբերի 24-ի վերջին քննարկում-հանդիպումներից մեկը մաեստրո Տիգրան Մանսուրյանի հետ էր։ Հանդիպումը վարեց կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը։
Տիգրան Մանսուրյանը պատմեց. «Ես ծնվել եմ Բեյրութում։ Մեր ընտանիքում անգլերեն լեզուն կար, ծնողներս տիրապետում էին անգլերենին և հայերենին, սակայն մեր տանը միշտ հեգնանքով են վերաբերվել այն մարդկանց, ովքեր ուզում էին իբր տարբերվել ու չէին խոսում հայերեն։ Հայերենը մեզ համար շատ կարևոր է եղել։ Երբ ես մտա երաժշտության բնագավառ, 56 թվականին եկա Երևան Արթիկից։ Ընդունվեցի երաժշտական ուսումնարան ու տեսա, որ բոլորը ռուսերեն են խոսում․ սա մեկ, երկրորդը՝ երաժշտության մասին, եթե շատ փնտրեիր, հայերենով կգտնեիր երեք կամ չորս գրքույկ։ Այսինքն, եթե դու պետք է նվիրվես երաժշտությանը և կապվես աշխարհի հետ, պիտի տիրապետես ռուսերենին։ Ես ուսումնարանում սովորելու տարիներին ամբողջությամբ նաև ռուսերենը փորձեցի յուրացնել։ Առաջինը եղավ Հեմինգուեյի մի գիրքը, որի 30 տոկոսն էի հասկանում, բայց ես ծայրից ծայր կարդացի։ Տարիներ հետո ես իմացա, որ նույն ձևով Ստրավինսկին է սովորել անգլերեն։
Գիտեք, անկասկած ռուսական թարգմանական դպրոցը շատ հարուստ դպրոց է՝ լավ թարգմանական աշխատանք է տարել։ Միայն թե թարգմանական որակը շատ հատու սովետական է՝ պետք է նկատենք։ Եթե հերոսը՝ բացասական հերոսը, Ֆոլքների ասենք թե կոմունիստի մասին վատ է խոսում, այդ մի քանի բառը պիտի հանեին։ Պատկերացրեք, համակարգը վախենում էր բառից»։
Կարդացեք նաև
Թեմայից թեմա անցնելով՝ Տիգրան Մանսուրյանը պատմեց իր սիրելի վեպերի մասին, որոնց հայկական թարգմանությունը ունենալու առիթով շատ երջանիկ է։ Ֆոլքների «Աղմուկ և ցասում» վեպի մասին պատմելիս՝ Մանսուրյանը մի հետաքրքիր պատմություն պատմեց.
«Նրան ասում էին, որ կրկնել է Ջոյսի մտքի հոսքը։ Նա ասում էր, որ այդ տարիներին, երբ գրում էր այդ վեպը, Ջոյսի հետ ծանոթ չէր առհասարակ:
Մի լավ ընկեր իրենից մի քանի տարով մեծ, որը սովորում էր մայրաքաղաքում, ինքը գավառում էր ապրում, ամառները գալիս էր այդ ընկերը և միասին մայրամուտին շրջում էին փողոցներով և խոսում գրականությունից: Եվ մի երեկո Բիլը, Ֆոլքների անունը Բիլ էր, Ուիլյամ, սակայն Բիլ էին ասում, Բիլն ասում է. «Գիտես, ես որոշել եմ թողնել գրականությունը, որովհետև քանիերորդ վեպն եմ գրում, գրախանութում դրված է՝ ոչ ոք չի առնում, ոչ ոքի չի հետաքրքրում»: Այս ընկերը տարիներ հետո հիշում է այս երեկոն և ասում է. «Երբ նա ասում էր, որ պետք է հրաժարվի, որովհետև ոչ ոք չի գնում գրքերը, ես իր հետ համաձայն էի, բայց հակառակն ասեցի։ Ասեցի՝ գիտես վեպը գրում են ոչ թե ուրիշի համար, այլ մարդ պետք է միայն ինքն իր համար գրի վեպը, այդ ձևով միայն կարող է լինել գրականությունը, եթե էդպես եղավ, կարող է նաև հետաքրքրել ուրիշներին։ Այս խոսակցությունից հետո Բիլը որոշել է ինքն իր համար գրել և սա հենց «Աղմուկ և ցասում» վեպն է։ Ես սա ի պաշտպանություն Ֆոլքների եմ ասում, որպեսզի Ջոյսի այդ կրկնողության հիշատակումը մի քիչ մեղմեմ, եթե ամբողջությամբ չհանեմ։
Վերադառնալով թարգմանչությանը՝ Մանսուրյանը պատմեց.
«Այն ժամանակ դրսի գրականությունը դեպի հայերեն անցնում էր կրկնակի թարգմանություններով։ Եթե նույնիսկ թարգմանիչն ասեր, թե ինքը թարգմանել է բնագրից, կասկած չունենաք, որ իր աշխատանքի հիմքում մեծապես տեղ ունի ռուսական թարգմանությունը։ Հիմա, փառք Աստծո, լրիվ փոխվել է իրադրությունը, էնքան երանելի ժամանակներ է, երբ մեր թարգմանական արվեստը երիտասարդների ձեռքին է։ Մենք պետք է շատ ուշադիր լինենք այս երիտասարդների նկատմամբ, որոնք թարգմանական գործն են անում»։
Սոնա ՔԱԲԱԲՅԱՆ