Լրահոս
Օրվա լրահոսը

«Շշմեցնող» համերգ Գյումրիում․ տոնեցին հայկական ջազի լեգենդի 75-ամյակը

Նոյեմբեր 25,2019 00:00

Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում  նշվեց ՀՀ ժողովրդական արտիստ, հայկական ջազի կենդանի լեգենդ  Լևոն Մալխասյանի 75-ամյակը։ Թատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր․ սխալված չենք լինի, եթե ասենք, որ քաղաքի ողջ էլիտան՝ արվեստագետներ, բժիշկներ, դատավորներ եկել էին տոնական երեկոյին՝ ունկնդրելու հոբելյարին ու Հայաստանի պետական ջազ նվագախմբին (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Հյուսնուց)։

Հոբելյարի հետ ելույթ ունեցավ նաև Արամոն։

Դահլիճը պարբերաբար խոնարհվում էր ջազի կենդանի լեգենդի առջև․ նրա կատարումներից հետո ոտքի էին կանգնում՝ անդադար ծափահարություններ հնչեցնելով։

Լեգենդին պարգևատրեցին Գյումրու քաղաքապետի ոսկե հուշամեդալով։

Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն իր ելույթում ասաց․ «Շատերի մոտ հարց կառաջանա, թե ինչի՞ համար է Գյումրին առաջինը նշում մաեստրո Մալխասյանի 75-ամյակը, սա ոչ թե գյումրիական ընդունված կարգի համաձայն՝ պատվախնդրություն է, ունի իր հիմնավոր պատճառները, իսկ պատճառներից ամենագլխավորն այն է, որ Լևոն Մալխասյանը մշտապես եղել և շարունակում է գտնվել Գյումրիի ջազային կյանքի ամենաակտիվ իրադարձությունների ուղիղ կենտրոնում։ Մենք գիտենք, որ շնորհիվ  «Մանուկյան ընկերության» և  Ջազի հայկական ասոցիացիայի համագործակցության վերջին տարիների ընթացքում Գյումրին ապրում է ջազային կյանքով, և այդ բոլոր իրադարձությունների առանցքում մենք մշտապես վայելում ենք Լևոն Մալխասյանի ներկայությունն՝ իր հայրական առաքելությամբ»։

Լիլիթ Թովմասյանը հիշեցեց՝ Գյումրու ջազային փառատոնը, որը հայտնի է  «Հայաթ ջազ» անվամբ,  իր ծննդականն ու վավերացումը ստացել է շնորհիվ Լևոն Մալխասյանի, իսկ հետո շնորհիվ Արմեն Հյուսնուցի, Արմեն Թութունջյանի ու մյուս երաժիշտների՝ դարձել է Գյումրու այցեքարտերից մեկը։

Քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետը նաև հիշեցրեց, որ տարիներ առաջ  Լևոն Մալխասյանը՝ 10-11 տարեկան գյումրեցի մի պատանու ձեռքից բռնած, վեր բարձրացրեց ու կանաչ լույս վառեց նրա ջազային ճանապարհին։ Խոսքը  Տիգրան Համասյանի մասին էր։

Լևոն Մալխասյանն այսօրվա համերգը բնութագրեց որպես «շշմեցնող»։

«Շատ լավ դահլիճ էր, շատ հետաքրքիր ունկնդիրներ էին, ու ինձ համար շատ ուրախալի էր, որ այդքան ջահելություն կար»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա։

Նա նաև նշեց, որ ինքը «հա էլ գալու է Գյումրի՝ համերգի», իսկ գյումրեցի  հանդիսատեսի մասին ասաց․  «Գյումրեցի հանդիսատեսն առանձնանում է, նրանք շատ ճիշտ են ընկալում ջազը»։

Նշենք, որ տոնական երեկոն կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ, «Մանուկյան ընկերության» և «Այ լինկ» գաղափարների բաց հարթակ կրթամշակութային ՀԿ-ի օժանդակությամբ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930