Լրահոս
Օրվա լրահոսը

Գրականագետ Սևակ Ղազարյանը ներկայացրեց իր պապի՝ Պարույր Սևակի երեք նոր հրատարակությունները

Նոյեմբեր 24,2019 23:45

Նոյեմբերի 24-ին «Գրքի երևանյան փառատոն 2019-ի» շրջանակներում գրականագետ, «Մագաղաթ» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրող Պարույր Սևակի թոռը՝ Սևակ Ղազարյանը, ներկայացրեց իր պապի հեղինակած ստեղծագործություններից երեքը, որոնք այս տարի հրատարակվել էին «Մագաղաթ» հրատարակչության նախաձեռնությամբ։

Չնայած Սևակի «Ամանեջ», «Անլռելի զանգակատուն», «Սիրերգություն» ստեղծագործությունները արդեն ծանոթ են ընթերցողին, բայց գրականագետի խոսքով՝ բավականին մեծ պահանջարկ են վայելում նաև հիմա, նույնիսկ նոր կազմով։ Գրականագետի խոսքով՝ Սևակի գրքերը բացի գրաքննվելուց, նաև անխնա փոփոխությունների են ենթարկվել հենց հեղինակի ձեռքով, դրա վառ ապացույցն է «Ամանեջի» մի քանի սևագիր տետրերում գրչով և մատիտով արված նշումները․ տարբերելու համար բաց կապույտ գրիչով գրվածքները ջնջվել են մուգ կապույտ թանաքով կամ էլ անկյունում նշվել է մատիտով։

Խոսելով գրքերի մասին՝ Սևակ Ղազարյանը հերթականությամբ ներկայացրեց, թե ինչ փուլեր են անցել դրանք, մինչև կազմվելը․ «Անլռելի զանգակատուն» պոեմը այս տարի վերահրատարակեցինք առաջին հերթին Կոմիտասի 150-ամյակի առթիվ, բայց նաև այս պոեմի առաջին հրատարակման 60-ամյակն է՝ 1959 թվականին է այս գիրքն առաջին անգամ լույս տեսել՝ Կոմիտասի 90-ամյակի կապակցությամբ»։

Այս պոեմի օրինակով գրականագետը ներկայացրեց հրատարակումից հետո Սևակի կատարած մի շարք փոփոխությունները, նշումներն ու նկատառումները, որոնց արդյունքում գիրքը վերահրատարակվել է 1966 թվականին։

Այս տարվա ամենաթարմ վերահրատարակումը սևակյան «Սիրերգությունն» է, որը լույս է տեսել մեկ ամիս առաջ։ Գրականագետի խոսքով՝ գրքի ստեղծման շարժառիթներից մեկը 2005 թվականին հրատարակված համանուն գիրքն է, որը կազմել էր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը․ «Ես ինքս միշտ ցանկություն եմ ունեցել առանձնացնել Սևակի սիրային գործերը՝ մեկ առանձին գրքով։ Նախապես որոշել էի սիրային թեմայով բոլոր գործերը դնել գրքի մեջ, բայց հասկացա, որ գիրքը շատ մեծ է լինում և ավելորդ ծանրաբեռնվածություն է, հատկապես՝ մենք վերջերս հրատարակել էինք «Պարույր Սևակ պոեմներ»- ասաց Սևակ Ղազարյանը։

Անդրադառնալով առաջիկայում սպասվող նախագծերին՝ Սևակ Ղազարյանը նշեց, որ Հովհաննես Թումանյանի  150-ամյակի և Պարույր Սևակի 95-ամյակի կապակցությամբ լույս կտեսնի համատեղ ստեղծագործություններով գիրք, որի մի կողմում պատկերված կլինի Թումանյանը, իսկ հակառակ երեսին՝ Սևակը։ Քչերին հայտնի փաստ է, որ Սևակը նաև մանկական բանաստեղծություններ է գրել, իմիջիայլոց, որպես տպագրված գիրք դա իր կյանքում վերջինն է եղել․ «Շատ խորհրդանշական է․ գիրքը հանձնվել է տպագրության 1971 հունվարի 26՝ Սևակի ծննդյան օրը և ստորագրվել է տպագրության՝ 1971 հունիսի 17-ին՝ Սևակի մահվան օրը։ Տպագրելու ենք մեկ գիրք՝ 12 մանկական բանաստեղծություններ Պարույր Սևակից և նույնքան էլ Հովհաննես Թումանյանից։ Գիրքն արդեն տպարանում է և լույս կտեսնի երևի դեկտեմբերի կեսերին»։

Իսկ հաջորդ տարի կվերահրատարակվի «Մարդը ափի մեջ» գիրքը․ նպատակն է վերականգնել գրքի ամբողջականությունն ու նոր շունչ տալ արդեն սիրված ստեղծագործությանը։ Պարզվում է, դեռ առաջին հրատարակման ժամանակ գրաքննության ենթարկվելով, 30 բանաստեղծություն դուրս է մնացել գրքից, կան նաև ստեղծագործություններ, որոնք կրճատման են ենթարկվել՝ տպվելով մասամբ։

Մարիամ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Գենետիկա՜, դու հզօր ես: Ինչքա՜ն նման է պապին 🙂

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930