«Դժվար է պատկերացնել, որ որեւէ նախարար կայացնում է ինչ-որ մի սկզբունքային որոշում, որին համաձայն չէ վարչապետը։ Ուրեմն բուհերում ազգային առարկաները կամընտրական դարձնելու նախագիծը միայն նախարարին վերագրելը սխալ է։ Սրանք մեր իշխանությունների ընդհանուր դիրքորոշման արտահայտությունն են։ Իսկ իշխանություններին թելադրում են եվրոպական որոշ կառույցներ։ Կրթության ոլորտում արվող քայլերը կապված են նախ եւ առաջ բոլոնյան գործընթացի, Բոլոնիայի հռչակագրի հետ, որին միացել է նաեւ Հայաստանը։ Սակայն, ինչպես ասում են, պետական լեզուն գույք չէ պարտքի դիմաց…»,- Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց լեզվաբան, «Տաթեւ» գիտակրթական համալիրի լեզվաբանության բաժանմունքի ղեկավար Հովհաննես Զաքարյանը: Պարոն Զաքարյանից հետաքրքրվել էինք՝ ի՞նչ կարծիք ունի հայոց լեզու, գրականություն եւ հայոց պատմություն առարկաները հայեցողական դարձնելու հայտնի նախագծի վերաբերյալ:
Պարոն Զաքարյանի խոսքով. «Չի կարելի մոռանալ, որ հայոց լեզուն, հայոց պատմությունը, հայկական մշակույթը պետական ատրիբուտներ են, հետեւաբար դրանց պահպանումն ու կառավարումը պետության մենաշնորհն են եւ պարտականությունը։ Լեզվի մասին օրենք ունենք, բայց մշակույթի մասին՝ ոչ։ Լեզվաքաղաքականության պետական ծրագրի անհրաժեշտությունը սահմանված է օրենքով, սակայն այժմ չունենք այդպիսի փաստաթուղթ։ Ժամանակին լեզվի պետական տեսչությունը մշակում էր այդպիսի հնգամյա ծրագրեր, սակայն կառավարությունը մի լումա անգամ չէր հատկացնում դրանց կատարման համար։ Իսկ մշակութային քաղաքականության օրինական ծրագիր առ այսօր ընդհանրապես չունենք եւ չենք ունեցել»։ Ըստ Հովհաննես Զաքարյանի, ՀՀ «Լեզվի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության բոլոր միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը եւ հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են»:
Նրա խոսքով, եթե դժգոհություն կա այս պահանջի բավարարման որակից կամ բովանդակությունից, ապա պիտի շտկումներ պահանջել, այլ ոչ թե օրենքը փոխել․ «Երբ գլուխը ցավում է, ոչ թե կտրում են, այլ բուժում։ Չէ՞ որ բուհերում փաստացի դասավանդվող «Մասնագիտական հայոց լեզու եւ խոսքի մշակույթ» առարկան (որ բնավ դպրոցական ծրագրի կրկնությունը չէ) կամընտրական դարձնելը պարզապես նշանակում է պետական լեզուն եւ նրա բուհական մակարդակով դասավանդումը դիտարկել որպես շուկայական ապրանք։ Իսկ ռեկտորներն ու դեկանները բնականաբար կնախընտրեն այդ, ինչպես եւ հայոց պատմության ու գրականության դասընթացների փոխարեն ինչ-որ երկրորդական մասնագիտական հատուկ դասընթացներ ստեղծել՝ իրենց մտերիմներին դասաժամերով ապահովելու համար։ Մեր ժողովուրդը ստրկության ու բռնատիրության դարավոր անցյալում այնքան է այլասերվել, որ նման սկզբունքային ու նուրբ հարցերում այսօր գրեթե ոչ մեկի վստահել չի լինում, լինի ռեկտոր, դեկան, թե…»:
Հովհաննես Զաքարյանի խոսքով, պիտի հաշվի առնել նաեւ որոշ տխուր իրողություններ. «Դպրոցն այնքան է հետադիմել, որ մեր ազգային բանակը տասնամյակներ շարունակ ահազանգում է անտառաճանաչ նորակոչիկների առկայության փաստի առթիվ։ Եթե 10-12 տարի դպրոցում կարելի է ոչինչ չսովորել, բայց դրական գնահատականներ եւ ավարտական վկայական ստանալ, ապա զարմանալի չէ, որ բուհերից էլ պարբերաբար բողոքներ են գալիս ուսանողների կիսագրագիտության վերաբերյալ։ Եվ ինչպես բանակում հարկադրված գործում են լիկկայաններ, այնպես էլ բուհերում հարկ է լինում նաև ուղղագրություն սովորեցնել։ Քանի դեռ այս ցավալի, ողբերգական իրավիճակը չի շտկվել, մեղավորները չեն պատժվել, դպրոցը չի սկսել լիարժեք կրթված շրջանավարտներ թողարկել, վաղաժամ է անգամ այսպիսի քննարկումներ կազմակերպելը եւ կրքեր բորբոքելը։ Բայց անգամ դրանից հետո բարձրագույն մակարդակով լեզու եւ պատմություն դասավանդելու կարիքը չի վերանա։ Չէ՞ որ ցանկացած առարկայի գծով կրթությունը շարունակական է ու հարատեւ հենց ըստ Բոլոնիայի հռչակագրի…»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ