Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզում բացվեց էլեկտրոմոբիլների լիցքավորման առաջին կայանը

Նոյեմբեր 24,2019 14:47

Ամիսներ առաջ մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպում էր ունեցել Ուկրանիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում համայնքի ներկայացուցիչները ներկայացրել էին «Ecocars» էլեկտրատրանսպորտի զարգացման ծրագիր, որն իրագործելու են Հայաստանում և սկիզբը դրվելու է Տավուշի մարզից։ «Ecocars»-ը Հայաստանում էլեկտրոմոբիլների լիցքավորման կայանների տեղադրման սոցիալական նախագիծ է, որն իրականացվում է «Ուկրաինայի հայերի միություն» հասարակական կազմակերպության ներդրումային ծրագրի շրջանակներում:
Նախաձեռնող խումբը Դնեպրոպետրովսկի շրջանի հայ երիտասարդությունն է՝ ի դեմս Կամենսկոյե քաղաքի հայերի միության նախագահ Ռոման Չոբանյանի:

Այսօր արդեն այդ ծրագիրը իրականություն է։ Նոյեմբերի 23-ին Իջևանատուն ռեստորանի մոտ պաշտոնապես բացվեց էլեկտրոմոբիլների լիցքավորման առաջին կայանը։
Բացման արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, մարզպետարանի աշխատակիցներ, Ուկրաինայի հայերի միության և տարբեր մարզերի ներկայացուցիչներ, Իջևանի քաղաքապետ Հայկ Ղալումյանը և պատվավոր այլ հյուրեր:

-Այսօր մենք Տավուշի մարզում բացում ենք առաջին էլեկտրական լցակայանը։ Մեզ համար դա շատ կարևոր նշանակություն ունի, որովհետև հերթական նորարարական քայլն ենք կատարում, որը մեծ շարունակություն պետք է ունենա։ Սա հնարավորություն է ավելի հարստանալու, սեփական ոտքերին ավելի ամուր հենվելու, սպառողական մոտեցումից անցնելու արտադրողական մոտեցման։ Շնորհակալ եմ բոլոր նախաձեռնողներին, հատկապես Ուկրաինայի հայ համայնքին և շնորհավորում եմ իրենց մուտքը մեր կյանք, մեր մարզի տնտեսական, մշակութային կյանք,- ասաց Հայկ Չոբանյանը։

Այս ծրագրի նպատակն է հնարավորինս շատ էլեկտրոմոբիլների լիցքավորման կայանների հիմնումը, ինչը կնպաստի Հայաստանի բնակիչների կողմից էլեկտրական մեքենաների գնմանը, հետագայում էներգախնայող և էներգոանկախ պետության ձևավորմանը և հասարակության մեջ էկո-շարժման մասսայականացմանը:

Առաջին կես տարում բոլորը ցանկացողները կարող են անվճար լիցքավորել իրենց էլեկտրական մեքենաները ՈՒՀՄ-ի լիցքավորման կայաններում։:

Նշենք, որ «Ուկրաինայի հայերի միություն»(ՈՒՀՄ) ՀԿ-ն միակ ուկրաինական կազմակերպությունն է, որը միավորում է Ուկրաինայի ներկայիս բոլոր հայկական համայնքները և գործում է ոչ միայն Ուկրաինայում, այլ նաև միջազգային մակարդակում: Սփյուռքի զարգացումը, ուկրաինական հասարակության մեջ հայերի արդյունավետ ինտեգրման խթանումը, սոցիալական օգնությունը և հայրենակիցների աջակցությունը ՈՒՀՄ-ի գործունեության հիմնական խնդիրներն են:

 

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Աւտոյի այս տեսակը համեմատաբար նոր երեւոյթ է: Հետեւաբար տարբեր լեզուներ փորձում են անուն տալ:
    Իմ իմացած լատինական այբուբենով լեզուներից՝ անգլերէնը, ֆրանսերէնը, գերմաներէնը, իտալերէնը ասում են «էլեկտրական աւտո»:
    Այլ այբուբենով լեզուները՝ յունարէն «Իլէկտրիկօ՛ աֆտոկի՛նիտօ» (Էլեկտրական ինքնաշարժ, ի դէպ՝ բոլոր բառարմատները յունարէն են), եբրայերէնը «մէխօնիտ խաշմալիտ» (էլեկտրական աւտո):

    Հիմա կ’ասէք բա «հայերէն» բառը որտեղի՞ց է ու ինչո՞ւ է տարբերւում մեծամասնութիւնից: Դէ եթէ լուսնից չէք իջել, ապա պարզ է, որ ռուսերէնից է: Նոյնը նաեւ վրացերէնը՝ «էլէքտրօմոբիլի», ադրբեջաներէնը՝ «էլէքթրիք ավթօմօբիլի»:

    Իրականում զարմանալու բան չկայ: Սրանք երկրներ են, որոնք տակաւին խորը ռուսական ազդեցութեան տակ են (ինչպիսի՜ դժբախտութիւն) եւ որտեղ պետական մակարդակով լեզուական քաղաքականութիւն չկայ: Դրա համար էլ Ռուսաստանից եկող ամենապարզ փռշտոցն անգամ անդրկովկասցիները սպունգի նման վայրկենապէս կլանում են:

    ՄԻՆՉԴԵ՛Ռ … եթէ Հայաստանում լեզուական պատշաճ քաղաքականութիւն լինէր, ապա առանց մի կաթիլ ջանք թափելու այս նոր տեսակի աւտոմեքենաները (որ ամբողջ աշխարհում են նորութիւն) կարող էինք կոչել ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺ կամ ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑ կամ ուրիշ հայերէն տարբերակ: Իսկ առայժմ պէտք է բաւարարուէք նրանով, ինչ ձեզ կը հրամցնեն հիւսիսից 🙂

    #ՄեծԵղբայրը
    #ԲՈՒՀերումՈ՛չԱսենքՀայերէնին
    #ՕքֆորդԴառնալուՃանապարհին
    #ԿազանիՀամալսարանԴառնալուՃանապարհին

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930