Եթե ընկերներով երեկոյան հավաք է՝ գինու կամ գարեջրի շուրջ, կարող եք որեւէ տաք ուտեստ պատրաստելու փոխարեն մի քանի սառը, թեթեւ նախուտեստներ պատրաստել՝ ե՛ւ ավելի հեշտ է, ե՛ւ ավելի թեթեւ՝ գիշերը ստամոքսը պետք չէ ծանրաբեռնել: Նման մի նախուտեստ է թարմ բանջարաղենի ափսեն, որը կարելի է մատուցել ինչպես հումուսը որպես թանձրուկ մատուցելով, այնպես էլ առաջարկածս թեթեւ սպիտակ թանձրուկը:
Անհրաժեշտ մթերքները
Թարմ բանջարեղեն՝ ձեր ցանկացած քանակությամբ, ձեր նախընտրած բանջարեղենը, օրինակ՝ վարունգ, թարմ կարմիր պղպեղ, թարմ կանաչ կամ դեղին պղպեղ, գազար, ազատքեղի (քարավուզի) ցողուններ, չերրի լոլիկ, բրոկոլի, ծաղկակաղամբ եւ այլն
Քամած մածուն- 150 գրամ
Կարդացեք նաև
Սերուցքային պանիր-150 գրամ
Թթվասեր- 2 ճաշի գդալ
Մայոնեզ կամ սեւ պղպեղի պատրաստի թանձրուկ-2 ճաշի գդալ
Մանր կտրատած սամիթ կամ կանաչ սոխ- 1 ճաշի գդալ
Աղ, սեւ պղպեղ-ըստ ճաշակի
Կիտրոնի հյութ- 1 ճաշի գդալ (պարտադիր չէ)
Պատրաստան եղանակը
Բանջարեղենները լավ լվանալ, գազարը կեղեւել, բրոկոլին եւ ծաղկակաղամբը կարող եք եւ հում օգտագործել եւ «վախեցրած»: «Վախեցնելու» համար կաթսայով ջուր դրեք եռալու, աղ արեք, հենց սկսի ակտիվ եռալ, բրոկոլին կամ ծաղկակաղամբը գցեք մեջը, ուղիղ մեկ րոպե անց անջատեք, անմիջապես հանեք ջրից, թողեք սառչի:
Բոլոր բանջարեղենները կտրատել ձողաձեւ, իսկ բրոկոլին եւ ծաղկակաղամբը բաժանեք մանր ծաղկագլուխների: Դասավորեք մեծ մատուցարանի մեջ: Թասիկի մեջ լցրեք թանձրուկի համար նախատեսված բոլոր մթերքները, լավ խառնեք, համտեսեք, եթե կարիք զգաք՝ կիտրոնի հյութ ավելացրեք:
Թանձրուկն էլ լցրեք համապատասխան պնակի մեջ եւ մատուցեք բանջարեղենների հետ:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ