Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի քաղցրակեր երկրները, շաքարի չարաշահման վտանգներն ու դրա դեմ ձեռնարկվող միջոցները․ BBC

Նոյեմբեր 24,2019 23:00

Գիտական հեղինակավոր Lancet ամսագրում հրապարակված 2019 թ․-ի  Global Burden of Disease ծրագրի զեկույցում գիտնականները հավաստիացնում են, որ Իսրայելը անկանոն սննդակարգի հետ կապված առողջական խնդիրներից առաջացած մահացության ամենացածր մակարդակ ունեցող երկիրն է։

Global Burden of Disease ծրագրի շրջանակներում մասնագետները գնահատում են, թե ինչպես են հիվանդություններն ու համաճարակներն ազդում աշխարհի տարբեր երկրներում բնակվող մարդկանց կյանքի վրա՝ հաշվի առնելով մի շարք գործոններ՝ տնտեսությունից մինչև մահացության մակարդակ։

Վերջին հետազոտություններն անցկացվել են 195 երկրում, արդյունքում գիտական բազմաթիվ հոդվածներ են գրվել, որոնց հեղինակներն աշխարհին կոչ են անում սննդի հարցում օրինակ վերցնել իսրայելցիներից։

Սակայն այդ խորհրդին հետևելու դեպքում կսկսենք շատ ավելի շատ շաքար օգտագործել, քան աշխարհում ցանկացած երկրի մեկ այլ բնակիչ։

2018 թ․-ին Իսրայելի յուրաքանչյուր բնակիչ միջինը 60 կգ շաքար է կերել՝ օրական մոտավորապես 165 գրամ։ Շաքարի հարցերով միջազգային կազմակերպության (ISO) տվյալներով՝ դա աշխարհի ամենաբարձր ցուցանիշն է։

«Իսրայելում միջին վիճակագրական մեծահասակն օրական ավելի քան 30 թեյի գդալ շաքար է օգտագործում․ դա աղետ է»,- ասում է Դիաբետի բուժման իսրայելական կենտրոնի ղեկավար, այդ ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող պրոֆեսոր Իթամար Ռազը։

Քաղցրասեր երկրների հնգյակում Իսրայելին հաջորդում են Մալազիան, Բարբադոսը, Ֆիջին և Բրազիլիան:

Շաքար ամենաքիչն օգտագործում են Հյուսիսային Կորեայում։ 2018 թ․-ի տվյալներով բնակչության մեկ շնչին ընդամենը 3,5 կիլոգրամ է բաժին հասնում։ Համեմատության համար նշենք, որ հարևան Հարավային Կորեայում 2018-ին երկրի ամեն մի բնակիչը միջինը  30,6 կգ շաքար է օգտագործել։

2001 թ․-ին շաքարի օգտագործման տարեկան ընդհանուր քանակը կազմում էր 123,4 միլիոն տոննա, իսկ 2018 թ․-ին՝  172,4 միլիոն։

ԱՄՆ-ում, որտեղ լայն տարածում ունեն ավելորդ քաշի և դրա հետ կապված հիվանդությունների խնդիրները, 2018 թ․-ի տվյալներով բնակչության 1 շնչին հասել է 31,1 կգ շաքար։ Սակայն այդ ցուցանիշով Ամերիկան շաքար օգտագործող երկրների ցանկում գրավել է ընդամենը 56-րդ տեղը։

Ռուսաստանը 24-րդ տեղում է՝  բնակչության 1 շնչին բաժին ընկնող 39,7 կգ շաքարով։

Հնդկաստանը համարվում է շաքարի խոշորագույն սպառող։ 2018 թ․-ին այդ երկրի բնակիչներն ավելի շատ շաքար են օգտագործել, քան Եվրամիության երկրներն ընդհանուր առմամբ։

Բերված թվերը ստացվում են ոչ միայն այն հիմքով, թե որքան շաքար են բնակիչները լցնում իրենց սննդի կամ ըմպելիքների մեջ։

Շատ մթերքներ, որոնք մենք գնում ենք խանութում, արդեն իսկ շաքար են պարունակում, օրինակ՝ մրգային հյութերը մեծ քանակությամբ շաքար են պարունակում։

Արդյունքում մարդիկ ավելի ու ավելի շատ շաքար են օգտագործում։ 2001 թ․-ին շաքարի օգտագործման տարեկան ընդհանուր քանակը կազմում էր 123,4 միլիոն տոննա, իսկ 2018 թ․-ին այդ թիվը հասել է 172,4 միլիոնի (ISO-ի տվյալներով)։

Եթե այս թիվը հավասարապես բաժանենք Երկրի բնակիչների միջև, ապա կստացի, որ մեզնից յուրաքանչյուրը տարեկան 22,6 կիլոգրամ շաքար է օգտագործում։

Ըստ ԱՀԿ-ի՝ մեծահասակի ու երեխայի սննդակարգում շաքարը 10 տոկոսից պակաս պիտի լինի։

Ինչո՞ ւ ենք մենք ավելի շատ շաքար ուտում։

Հիմնական պատճառներից մեկն է՝ շաքարը միշտ էլ մեր օրգանիզմի համար եղել է էներգիայի հասանելի ու մատչելի աղբյուր։

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը հայտարարել է, որ, օրինակ, Հնդկաստանում շաքարը կարևոր պայման է բնակչության աղքատ շերտերի գոյատևման համար։

Այդ երկրում շաքարի հանդեպ հակումն աճում է առանձնակի արագ տեմպերով։ 1960-ականների սկզբից մինչև 1990-ականների կեսերը շաքարի օգտագործումը տարեկան 2,6 միլիոն տոննայից հասել է 13 միլիոնի։

Դրանից բացի վերջին 50 տարվա ընթացքում ողջ աշխարհն ակտիվորեն օգտագործում է կիսաֆաբրիկատներ ու այսպես կոչված մշակված մթերքներ՝ երշիկեղեն և այլն։ Արտադրողները դրանց մեջ շռայլորեն շաքար են ավելացնում՝ համի ուժեղացման ու պիտանիության ժամկետի երկարաձգման նպատակով։

Շաքարը կարող է թաքնված լինել ամենաանսպասելի մթերքներում՝ երշիկեղենի, մակարոնեղենի, հացի մեջ։

ԱՄՆ գյուղնախարարության տվյալներով՝ արդեն 2002 թ․-ին ամբողջ աշխարհում այդ տեսակի մթերքների վաճառքը կազմում էր պարենային ապրանքների վաճառքի 77% -ը։

Բժշկության ոլորտի փորձագետների մեծամասնությունը շաքարի օգտագործման ծավալների մեծացմամբ են պայմանավորում ճարպակալման համատարած ու լրջագույն  խնդիրը։

2015 թ․-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տվել նշանակալիորեն կրճատել շաքարի օգտագործման ծավալները։ Այն մեծահասակի ու երեխայի սննդակարգում 10 տոկոսից պակաս պիտի լինի։

ԱՀԿ-ի կարծիքով՝ իդեալական կլինի, եթե շաքարն ու շաքար պարունակող մթերքների ծավալն օրական ճաշացանկում  5%-ը չգերազանցեն, ինչը մոտավորապես  25 գրամ կամ 6 թեյի գդալ է կազմում։

«Ակնհայտ է, որ բժշկական կազմակերպությունները խորհուրդ են տալիս էականորեն կրճատել շաքարի օգտագործումը։ Տվյալ պահին տարիքային բոլոր խմբերն՝ անկախ ֆինանսական կարողությունից, չափազանց շատ շաքար է օգտագործում»,- ասում է սրտի խնդիրներով զբաղվող բրիտանական British Heart Foundation բարեգործական ֆոնդի գլխավոր սննդաբան Վիկտորյա Թեյլորը։

Վերջին մի քանի տարիներին ավելի քան 20 երկրների իշխանությունները  որոշում են կայացրել չսահմանափակվել բնակչությանը սոսկ բժշկական խորհուրդներ տալով, նրանք շաքարի բարձր պարունակությամբ մթերքների, գլխավորապես քաղցր ըմպելիքների վրա լրացուցիչ հարկեր են սահմանել։

Նոյեմբերի սկզբին Սինգապուրը որոշում կայացրեց արգելել այդպիսի ըմպելիքների գովազդը՝ դառնալով աշխարհում առաջին երկիրը, որը նման միջոցներ է ձեռնարկում շաքարի օգտագործման ծավալների մեծացման դեմ պայքարում․ արգելքն ուժի մեջ կմտնի հաջորդ տարի։

«Եթե մենք հիմա չմիջամտենք, մեր արագ ծերացող բնակչությունն ու խրոնիկ հիվանդությունների նկատմամբ աճող հակումը կհանգեցնեն նրան, որ առողջապահական համակարգն այլևս չի կարողանա իր առջև դրված խնդիրները լուծել՝ դառնալով անկայուն ու թանկարժեք»,-ասել է Սինգապուրի առողջապահության նախարար Էդվին Թոնգը՝ հոկտեմբերի 10-ին միջազգային համաժողովին ելույթ ունենալիս։

Այն, որ խստացումներն առաջին հերթին քաղցր ըմպելիքների նկատմամբ են կիրառվելու, հեշտ է բացատրել, քանի որ դրանցում շաքարը շատ է, սննդային արժեքը՝ նվազագույն է, և դրանք չափազանց մեծ ժողովրդականություն են վայելում ողջ աշխարհում։

Սինգապուրը որոշում կայացրեց արգելել այդպիսի ըմպելիքների գովազդը՝ դառնալով աշխարհում նման քայլ կատարող առաջին երկիրը։

Հասարակական առողջության Հարվարդյան դպրոցի տվյալներով՝ նարնջի 355 մլ գազավորված հյութը 11 թեյի գդալ շաքար է պարունակում։

Հետազոտություններով ուղիղ կապ է նկատվել քաղցր ըմպելիքների օգտագործման և քաշի ավելացման, ինչպես նաև 2-րդ տիպի դիաբետի, սրտի հիվանդությունների զարգացման, անգամ վաղաժամ մահվան առաջացման վտանգների միջև։

Սակայն կան նաև մարդիկ, որոնք համարում են, որ շաքարն անարդարացիորեն են քննադատում։

Շաքարի հարցերով միջազգային կազմակերպության նախագահ Խոսե Օրիվան BBC-ի հետ զրույցում ասել է, որ շաքարը, չգիտես ինչու, ավելի ընդգծված կերպով է մատուցվում որպես վտանգավոր մթերք, սակայն այն մարդու անառողջ սննդակարգում միակ «մեղավորը» չէ։

«Շաքարը հզոր հակագովազդի է ենթարկվում, սակայն պետք չէ մոռանալ, որ այն համարվում է մարդուն անհրաժեշտ էներգիայի հիմնական աղբյուր։ Այն անգամ կրծքի կաթի մեջ կա»,-ասում է Օրիվան։

«Ճարպակալման դեմ պայքարի շրջանակներում չի կարելի միակ «թշնամի» հայտարարել շաքարը։ Այլ գործոններ էլ կան, օրինակ՝ ֆիզիկական ակտիվության նվազումն ու անառողջ սննդակարգն ընդհանուր առմամբ,- համարում է մասնագետը։- Մենք բոլորս էլ գիտենք, որ գերսնումը դեռ ոչ ոքի չի օգնել»։

Action Sugar կազմակերպության սննդաբան Հոլլի Գաբրիելը համաձայն է,  որ շաքարը խնդրի միայն մի մասն է։  Action Sugar ասոցիացիայի գիտնականներն ու հետազոտողները կոչ են անում բրիտանական կառավարությանը խիստ միջոցներ ձեռնարկել շաքարի բարձր պարունակությամբ մթերքներ արտադրողների ու տարածողների նկատմամբ։

Շաքարը հզոր հակագովազդի է ենթարկվում, սակայն պետք չէ մոռանալ, որ այն համարվում է մարդուն անհրաժեշտ էներգիայի հիմնական աղբյուր:

«Ճարպակալմամբ տառապող մարդկանց թվի ավելացումը շրջակա միջավայրում խախտումների ու մարդու սնման համակարգի խաթարման արդյունք է,- ասում է Գաբրիելը։- Ուստի անհրաժեշտ է միանգամից մի քանի միջոցներ ձեռնարկել՝ լրացուցիչ հարկերից մինչև բաղադրությունների պարտադիր փոփոխությունները»։

ISO-ի նախագահ Խոսե Օրիվան կասկածում է ֆինանսական տուգանքների արդյունավետության՝ երկարաժամկետ լինելու հարցում, սակայն ընդհանուր առմամբ քննադատում է սննդարդյունաբերությանը՝  չափազանց շատ շաքար օգտագործելու համար։

«Սննդի արդյունաբերությունը պետք է խնդիրը լուծելու եղանակներ գտնի․ անհրաժեշտ է գլուխը դուրս հանել ավազի միջից»,- ասում է փորձագետը։

Մի քանի երկրներում սնունդ արտադրող ընկերությունները միջոցներ են ձեռնարկել։

Նախորդ տարվա դեկտեմբերին գերմանական սննդարդյունաբերական մի քանի հսկաներ պարտավորվել են մինչև 2025 թ․-ը նշանակալիորեն նվազեցնել իրենց կողմից մշակվող մթերքներում շաքարի և աղի պարունակությունը, ինչպես նաև 15%-ով կրճատել շաքարի օգտագործումն ըմպելիքների մեջ։

Նոր Զելանդիայի Օտագոյի համալսարանի կողմից անցկացված խոշոր հետազոտությունը ցույց է տվել, որ քաղցր ըմպելիքների վրա սահմանված լրացուցիչ  10% հարկի հետևանքով  10%-ով կրճատվել է քաղցր ըմպելիքների վաճառքը։

Որոշ երկրներում այդ միջոցը հանգեցրեց նրան, որ արտադրողները սկսեցին փոփոխել արտադրանքի բաղադրությունը՝ հարկի տակ ընկնող կատեգորիայից դուրս գալու համար։

Action on Sugar-ի համաձայն՝ 2018 թ․-ի ապրիլից Բրիտանիայում մի շարք ընպելիքներում շաքարի պարունակությունը կրճատվել է  28,8%-ով։

Սակայն լրացուցիչ հարկումը պայքարի նոր միջոց է և դեռևս դժվար է հասկանալ, թե որքանով է այն արդյունավետ հասարակական առողջության պահպանման համար։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Ֆերնանդո ԴՈՒԱՐՏԵ, BBC

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930