Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Նորմալ պետության տեսլականը

Նոյեմբեր 24,2019 12:00

1999 թվականին Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններում Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի ղեկավարած «Միասնություն» դաշինքը բացահայտ հաղթանակ տարավ: Եվ նույն թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը: Ուղիղ 20 տարի  է անցել Հոկտեմբերի 27-ի այդ ահավոր նախճիրից, բայց այդ հանցագործության մասին գիտենք այնքան, ինչքան որ քսան տարի առաջ գիտեինք: Ոչ ավելի: Այսինքն, գիտենք, որ այդ հրեշավոր հանցագործությունը կատարել է Նաիրի Հունանյան կոչված այդ մարդակերպն իր մի քանի հոգանոց բանդայով: Այսինքն, Նաիրի Հունանյանը ե՛ւ կազմակերպիչ էր, ե՛ւ կատարող: Կազմակերպիչների մասով ավել բան չգիտենք: Բայց որ այս գործում Նաիրի Հունանյանից բացի, պիտի որ այլ՝ առավել կարեւոր կազմակերպիչներ լինեին, բոլորի համար է պարզ: Դա բոլորն են հասկանում, բայց առ այսօր նույնիսկ փոքր-ինչ լույս չի սփռվել Հոկտեմբերի 27-ի բազում հարցականների վրա՝ հատկապես ու առանձնապես կազմակերպիչների մասով: Միանգամայն համամիտ եմ Լեւոն Զուրաբյանի հետ, ով ասում է. «Մեր պետությունը չի կայանալու որպես նորմալ պետություն, մինչեւ Հոկտեմբերի 27-ի եւ Մարտի 1-ի հարցերին վերջնական պատասխան չտանք»:

Համաձայնելով Զուրաբյանի ասածի հետ՝ պիտի ընդունենք, որ երբեւէ նորմալ պետություն դառնալու ճանապարհին այնքան մոտ չենք եղել՝ ինչքան հիմա, քանզի երբեք Հայաստանի իշխանությունները փորձ անգամ չեն արել գտնել ու բացահայտել Մարտի 1-ի եւ Հոկտեմբերի 27-ի իրական մեղավորներին, մինչդեռ Նոր Հայաստանի իշխանություններն արդեն շուրջ մեկ տարի է՝ մանրամասնորեն ու հանգամանորեն Մարտի 1-ով, Քոչարյանով ու մյուս մեղավորներով են զբաղվում, եւ Հոկտեմբերի 27-ի քսաներորդ տարելիցն էլ առիթ դարձավ, որ Հոկտեմբերի 27-ն էլ հնարավորինս պեղեն, եւ հատկապես ու առանձնապես կազմակերպիչների մասով Հոկտեմբերի 27-ի իրադարձությունների վրա հնարավորինս լույս սփռվի:

Վերջերս կալանավայրում Նաիրի Հունանյանին տեսակցել է լրագրող եւ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, եւ չնայած վերջինս անկախ պատգամավոր է, համոզված ենք, որ այդ հանդիպման մասին ինքը տեղյակ է պահել Հայաստանի բարձրագույն իշխանություններին եւ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ավելին. ենթադրում ենք, որ անձամբ վարչապետն է Բաբաջանյանին հորդորել հանդիպել Նաիրի Հունանյանին: Ըստ ամենայնի, հանդիպման առիթ հանդիսացել է Նաիրի Հունանյանի դիմումը, ով դիմել էր Հայաստանի բարձրագույն իշխանություններին, որպեսզի իրեն ներում շնորհեն:

Ներում շնորհելու մասին խոսք լինել, իհարկե, չի կարող, բայց որ Նաիրի Հունանյանի հետ տեսակցությունը կարող է գործին օգտակար լինել, միանգամայն հնարավոր է: Եվ, ամեն ինչից բացի, կարծում ենք, որ եթե Հունանյանը դիմել է Հայաստանի իշխանություններին, դրանով պատրաստակամություն է հայտնել այս գործի շրջանակներում «երգել» ու ցուցմունքներ տալ: Եթե ինքը «երգի», մենք պարտավոր ենք ազգովի նվագակցել իրեն, որովհետեւ, որ քսան տարի շարունակ մենք Հոկտեմբերի 27-ի շրջանակներում քար լռություն ենք պահպանել, դա մեր բոլորիս ամոթն է: Բայց հայերս հոբելյաններ սիրող ժողովուրդ ենք, եւ ահա Հոկտեմբերի 27-ի մասին ու Նաիրի Հունանյանի հասցեին ասում ենք բաներ, որ գուցե հարկավոր էլ չի ասել:

Որ գրեթե բոլորը Նաիրի Հունանյանին ներում շնորհելն անհեթեթություն են համարում, դա միանգամայն բնական ու տրամաբանական է, եւ առավել բնական ու տրամաբանական է, որ Նաիրի Հունանյանին ներում շնորհելու գաղափարն ու հեռանկարն անհեթեթություն են համարում Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի հարազատները: Բայց, իհարկե, իշխող մեծամասնությունը գտնում է, որ Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացելու ու վերանայելու անհրաժեշտություն իսկապես կա, եւ եթե Նաիրին մտադիր է «երգել» ու նորանոր ցուցմունքներ տալ, դրա հնարավորությունը նրան հարկավոր է լիուլի տալ: Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացելու ու վերանայելու անհրաժեշտություն իսկապես կա, մանավանդ որ, այս գործի շրջանակներում, ուրիշներն էլ, Նաիրի Հունանյանից բացի, կարող են կարեւոր ասելիք ունենալ: Օրինակ՝ Վահան Շիրխանյանը: Կամ՝ ասենք Գագիկ Ջհանգիրյանը: Օրինակ, Վահան Շիրխանյանը հայտարարել է, որ ինքը կարող է հայտնել, թե որ պատգամավորն է օգնել Նաիրի Հունանյանի բանդային՝ զենքերը Ազգային ժողովի շենք մտցնել, բայց այդ պատգամավորի անունը կհայտնի միայն Հոկտեմբերի 27-ի պաշտոնական վերանայման ու վերաբացման դեպքում: Համաձայն ենք Սասուն Միքայելյանի հետ, ով այն կարծիքին է, որ Հոկտեմբերի 27-ի գործով հաստատ կարեւոր ասելիք կունենա նաեւ Գագիկ Ջհանգիրյանը, ում, փաստորեն, Ռոբերտ Քոչարյանն արգելեց խորանալ Հոկտեմբերի 27-ի մանրամասների մեջ:

Փաստորեն, ինչպես Մարտի 1-ի գործի քննության դեպքում, Հոկտեմբերի 27-ի քննության ու վերաքննության դեպքում էլ հետքերն ուղղակիորեն կարող են դեպի Ռոբերտ Քոչարյան տանել: Ու երեւի նաեւ ու հիմնականում այդ է պատճառը, որ ինչպես Մարտի 1-ի քննությունն է ոմանց նյարդայնացնում, նույնպեսեւ Հոկտեմբերի 27-ի գործի վերաքննության տեսլականն է նյարդայնացնում: Ինչ վերաբերում է մեզ, մեզ մնում է ասել ու կրկնել Լեւոն Զուրաբյանի ասածը. «Մեր  պետությունը չի կայանալու որպես նորմալ պետություն, մինչեւ Հոկտեմբերի 27-ի եւ Մարտի 1-ի հարցերին վերջնական պատասխան չտանք»:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
22.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Garo says:

    Իսկ վերջնական պատասխանը որնա, ովա որոշելու որ հենց այ էս վերջնական պատասխաններ Լևոն Զուրաբյանը, Վահան Շիրխանյանը՞
    Բա որ գա մի ուրիշ իշխանություն ու պարզի, որ հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանհիրյանը գնացել հանդիպելա ՊՆ փոխնապարարներ Մանվել Գրիգորյանին ու Գագիկ Մելքոնյանին որպեսզի իրենք երկրապահի ու բանակի միջոցով վերցնեն իշխանությունը այսինքն ըստ էության եղելա ռազմական հեղաշրջման փորձ։ Էտ Լևոնական խաժամուժին ձեռտնու կլինի՞

    • Սարգիս Զեյթունյան says:

      Ոչ, իհարկե, ո՛չ Զուրաբյանը, ո՛չ էլ Շիրխանյանը: Դրա համար հարգելի հեղինակը “կարծում են”, որ պետք է “երգացնել” Նաիրի Հունանյանին՝ չեզոք և անկախ այդ վկային: Հենց որ նա “երգի”, մենք “ազգովի կձայնակցենք”, ու ամեն ինչ տեղը կընկնի:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930