Ոստիկանությունը փնտրում է 25-ամյա տաքսիստին, որն իր ուղեւորի կորցրած անձնագրով արդեն հասցրել է մոտ մեկ միլիոն դրամի ապառիկներ ձեւակերպել: Ֆեյսբուքյան օգտատեր Խաչատուր Միքայելյանը դրամապանակը տաքսում մոռանալուց անմիջապես հաջորդ օրը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ դրամապանակի մեջ է իր բանկային, ID քարտերը եւ գումար: Դեպքից 9 օր անց վարորդը դեռ չի հայտնաբերվել: Խաչատուր Միքայելյանը Aravot.am-ին պատմեց, որ դեպքի օրը տաքսիստի հետ ունեցած կարճատեւ զրույցից տեղեկացել է, որ նա գյումրեցի է, ամիսներ առաջ է վերադարձել ՌԴ-ից ու ներկայումս ապրում է Երեւանում:
«Նոյեմբերի 15-ից արդեն տեղյակ էի, որ վարորդը իմ անձնագրով գործարքներ է անում, իր տվյալներն էլ փոխանցել եմ ոստիկանություն, նոյեմբերի 18-ին իրեն կանչել են ոստիկանություն, բացատրություն է տվել, ասել է՝ տեղյակ չէ, բայց երեք բանկում նշված անձն արդեն ապառիկներ է ձեւակերպել իմ անձնագրով: Այս պահի դրությամբ, ինձ հայտնի է, որ հիմնականում հեռախոսներ է ապառիկով վերցրել, ընդհանուր գումարը կազմում է մեկ միլիոն դրամից մի քիչ ավելի»,- ասաց Խաչատուր Միքայելյանը:
Մեր զրուցակցի խոսքով, նոյեմբերի 20-ին նշված վարորդը «Զիգզագ» էլեկտրոնիկայի խանութից կրկին փորձել է ապառիկ ձեւակերպել, այնտեղից իրեն տեղյակ են պահել, ինքը անմիջապես ոստիկանություն է դիմել, բայց մինչեւ ոստիկանները հասել են նշված վայր, վարորդը հեռացել է:
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը կատարվածի առթիվ ուսումնասիրություն է կատարում։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ