Այսօր տեղի ունեցավ «Սոցիալական շարժում» նախաձեռնության հիմնադիր համաժողովը: Նախաձեռող խմբի անդամներն են ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՀՀ ԿԳ նախկին փոխնախարար Վահրամ Մկրտչյանը եւ այլք: Շարժման հիմնադիր համաժողովին այսօր մասնակցում էին մի շարք հասարակական կազմակերպությունների անդամներ եւ անհատ գործիչներ:
Տիգրան Ուրիխանյան իր խոսքում նկատեց, որ մեր երկրում առօրեական խնդիրները շարունակում են մնալ սոցիալական խնդիրները. «Թեպետ չունենք քաղաքական օրակարգ, բայց կա օրակարգ, որը վերաբերում է 800 հազար աղքատ քաղաքացու։ Անկախ նրանից, թե ի՞նչ է տեղի ունենում երկրում, ով ի՞նչ նկրտում ունի, իմ համոզմամբ յուրաքանչյուրի կատարած աշխատանքը մեկը պետք է լինի՝ ՀՀ քաղաքացու կյանքի բարելավումը»: Տիգրան Ուրիխանյանի համար քաղաքացու լավ ապրելը այլընտրանք չունի եւ իր գնահատմամբ, հենց այդ պատճառով 1,5 տարի առաջ ժողովուրդը դուրս եկավ փողոց եւ հայտնեց իր բողոքը։
Կարդացեք նաև
«Հիմա հարց՝ այդ բոլոր խնդիրները լուծվե՞լ են: Ոչ: Կա պահանջ առաջադրել այնպիսի օրակարգ, որով կլուծվեն այդ խնդիրները։ Սոցիալական շարժումը երկրին ոտքին հանելու համար է, եթե ասում են, որ ՀՀ անձնագիր ունեցող յուրաքանչյուր քաղաքացի վարչապետ է, ապա այստեղ գտնվող յուրաքանչյուրը պետք է որոշում կայացնի, առաջարկներ անի այդ խնդիրները լուծելու համար»,- ասաց բանախոսը: Նա առաջարկում է` քննարկել առկա խնդիրները, դրանք մի քանի ամիս հետո ՀՀ քաղաքացիներն եւ իշխանությանը ներկայացնեն կոնկրետ փաստաթղթերի տեսքով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ