Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնահովիտի դպրոցի շենքը գործում է անբավարար պայմաններում

Նոյեմբեր 23,2019 15:05

Լեռնահովիտ հասնելու համար երկու ճանապարհ կա՝ կամ պիտի հատես Արգիճի գետի վրա կառուցված կամուրջը, կամ անցնես Սելիմի լեռնանցքով։ Արգիճիի ձախակողմյան ափին փռված բնակավայրը տեղի և կողքի բնակիչների մեջ հայտնի է նաև Լեռնակերտ և Քյասիբաշ անուններով։

1967 թվականին Լեռնահովիտ համայնքը՝ քիչ բնակչություն ունենալու պատճառով (վերջին տվյալներով՝ 500 ընտրող) միացվել է իրենից 6 կմ հեռավորության վրա գտնվող Գեղհովիտ համայնքին։ Տեղացիների խոսքով «միացումից հետո միակ բանը, որ փոխվեց, Լեռնակերտից դարձանք Լեռնահովիտ»:

Տեղի բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն է և անասնապահությունը։ Բնակավայրն ունի մի շարք խնդիրներ, որոնց մեջ հրատապ և առաջնային է դպրոցի նոր շենքի կառուցումը։

Բնակավայրի երեխաները մինչ օրս հաճախում են 1937 թվականին կառուցված դպրոցական շենքը։ Այն գործում է խիստ անբավարար պայմաններում։ «Մանկավարժական համալրված կոլեկտիվից և աշակերտներից բացի ուրիշ ոչինչ չունենք»,-ասում է դպրոցի տնօրեն Սպարտակ Մխիթարյանը:

Քառասուն աշակերտ ունեցող դպրոցը երկհերթ է՝ առանց մարզադահլիճի, կենտրոնացված ջեռուցման և անհրաժեշտ այլ պայմանների։ «Աշակերտները սովորում են մինչև 9-րդ դասարան։ Դրանից հետո ուսումը շարունակում են կա’մ կողքի գյուղի` Մադինայի միջնակարգ դպրոցում, կա’մ քոլեջներում»,-նշեց պարոն Մխիթարյանը։

Շենքի կողքին է տեղավորված մի վագոն-տնակ, որը ծառայում է որպես ուսուցչանոց։ Իսկ դիմացի հանդատեղին էլ մարզադաշտն է մինչև ձյան գալը։

Տեղի բնակիչների խոսքով՝ այստեղ ձյունը գալիս է շուտ և չի հալվում մինչև ապրիլի վերջ: Դպրոցականները ձմռանը ստիպված հատում են Լեռնահովիտը Մադինային կապող կամրջով:  Դպրոցի տնօրեն Սպարտակ Մխիթարյանի խոսքով՝ խոստացել են, որ այս անգամ վերջապես կլուծեն այդ խնդիրը, համայնքը կունենա հիմնովին նոր կառուցված դպրոցական շենք:

Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ֆեյսբուքյան էջից.«Լեռնահովիտում նոր դպրոց կառուցելու խնդիրն այսօր փորձում է հոգալ Գեղարքունիքի մարզպետարանը ֆրանսիական «Bonheure Rertrouve» բարեգործական ասոցիացիայի հետ  համատեղ ուժերով։ «Bonheure Rertrouve» բարեգործական ասոցիացիան ծրագրել է Ֆրանսիայում բարեգործական համերգներից ու այլ հանգանակություններից հավաքագրված միջոցների հաշվին իր նպաստը բերել Լեռնահովիտ բնակավայրի նոր դպրոցի կառուցմանը»:

 

Նաիրա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930