«Մադինա տանող ճանապարհներն առաջին ձյունի հետ փակվում են»,-այսպես կարելի էր նկարագրել Մադինա համայնքը մի քանի տարի առաջ պատահական անցորդին։ Իսկ ինչո՞ւ մի քանի տարի առաջ, քանի որ վերջին տարիների ընթացքում կարելի է ասել Մադինա տանող ճանապարհները գրեթե չեն փակվում, իսկ եթե փակվում են, ապա մի քանի ժամվա կամ մի օրվա ընթացքում այդ խնդիրը լուծվում է։
Մադինա գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 2200 մետր բարձրության վրա՝ Արմաղան լեռան արևելյան մասում։ Գյուղի արևելյան մասով է հոսում Արգիճի գետը։ Գյուղը Սևան-Մարտունի մայրուղուց 15կմ հեռավորության վրա է, մայրաքաղաքից’ 130կմ։ Վերաբնակեցվել է 1925-30թթ. Ներքին Գետաշենից տեղափոխված մի քանի ընտանիքներով։
Տարիների հետ շատ բան է փոխվել, նույնիսկ այն սաստիկ ցուրտը, որը տեղի բնակիչներին ստիպում էր հոկտեմբերի կեսերից նախապատրաստվել ձմռանը, կարելի է ասել էլ չկա։
Վերջին տարիներին գյուղում կատարվել են մի շարք բարեփոխումներ և դեռ շարունակվում են։ Բացի այդ գյուղը դարձել է զբոսաշրջության սիրված վայրերից մեկը և հատկապես սկսնակ լեռնագնացների։
Արմաղան լեռը, որի փեշերին է ծվարած գյուղը, ծովի մակերևույթից գտնվում է 2829մ բարձրության վրա։ Ինչպես հայազգի, այնպես էլ օտարազգի զբոսաշրջիկների սիրված վայրերից մեկն է։ Լեռան գագաթին է գտնվում 50մ տրամագծով և 1.5 մ խորությամբ փոքր լիճ։ Լեռնագագաթը Գեղամա լեռնաշղթայում է, Մարտունուց 20կմ հեռավորության վրա։ Փոքրիկ լճակը շրջապատված է ալպիական բուսածածկով։ 2009 թվականին լեռնագագաթին’ հին մատուռի տեղում, կառուցվել է սրբատաշ, բազալտե, գմբեթավոր եկեղեցի։ Ըստ ավանդույթի’ երբեմն երկնային փերիներն իջնում են լճից ջուր խմելու, և որպեսզի մնան անտեսանելի, այդ պահին լեռնագագաթն ամբողջությամբ մառախուղով է պատվում։
Մադինայի համայնքի ղեկավար Վրեժ Սարգսյանի խոսքով՝ լուծվել են համայնքի փողոցային լուսավորության և ներքին ոռոգման հարցերը’ մոտ 944մ։ Փողոցային լուսավորությունը արդեն քսան օր է, ինչ ավարտվել է, իսկ մոտ օրերս կավարտվեն նաև խմելու ջրի ցանցի աշխատանքները:
«Խմելու ջրի ներքին ցանցի բարեփոխումները’ մոտ 400մ, կատարվել են համայնքի բյուջեից։ Իսկ փողոցային լուսավորության և ոռոգման ցանցի բարեփոխումների համար 30% համայնքն է ներդրել, իսկ 70% կառավարությունը»,-տեղեկացրեց համայնքապետը:
Պարոն Սարգսյաննը նաև նշեց, որ Մադինայում վերջին տարիներին բնակչության թվաքանակի աճ չի գրանցվել, փոխարենն ավելացել է զբոսաշրջիկների թիվը։ «Ամեն տարի հարյուրավոր զբոսաշրջիկներ են այցելում գյուղ տարբեր երկրներից։ Նրանց հիմնականում գրավում է Արմաղան լեռը և գեղեցիկ բնությունը»,-նշեց Վրեժ Սարգսյանը:
Գյուղում ընթանում են նաև եկեղեցու կառուցման աշխատանքներ։ «Եկեղեցին կառուցվում է մեր հայրենակից և համագյուղացի Մհեր Բաղդասարյանի ջանքերով, ով երկար տարիներ է՝ ապրում է արտերկրում։ Եկեղեցու կառուցման աշխատանքների 60%-ը արդեն արվել է»,- ասաց Վրեժ Սարգսյանը։
Մադինան պարզ է իր բնակիչների և հատկապես տարեցների պես։ Նրանց համոզմամբ.«Մադինից խախանդ ու անշառ գըղ չկա ախճիկ ջան։ Էն հողն ու զուլալ ջուրն օր կա էդի էլա հերիք մզի բալա»:
Հայ ժողովրդի մեջ Մադինան տպավորվել է որպես սաստիկ ցուրտ և «փակ ճանապարհներ» ունեցող գյուղ։ Եվ ցանկացած մեկը, ով հանդիպում է Մադինայի բնակչի, իսկույն տալիս է այն հարցը, թե «Մադինայում վերջը գարուն եկա՞վ, թե՞ ոչ»:
Նաիրա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ