Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այս չարված աշխատանքի, տապալված մրցույթների ու բարեկարգումների համար քաղաքապետարանի աշխատողները լիուլի պարգեւատրումներ են ստացել. «Հրապարակ»

Նոյեմբեր 23,2019 12:47

2020 թվականին Երեւանը շատ փող է ունենալու ու անհամեմատ ավելի շատ էլ ծախսելու է։ Քաղաքի 2020 թվականի բյուջեն ավելի քան հավակնոտ է՝ մոտ 107 մլրդ եկամուտ` 19 թվականին հաստատված ու հավաքված մոտ 83 միլիարդի դիմաց, ինչը 38,4 մլրդ դրամով ավելի է, եւ 116 մլրդ դրամի ծախս, որը 2019 թվականի համար հաստատված բյուջեով նախատեսված ծախսերից մոտ 32 մլրդ դրամով ավելի է։

Դեֆիցիտը վերջին տարիների համար աննախադեպ թիվ է կազմում՝ 9,1 մլրդ դրամ։ 2015 թվականին այն եղել է ընդամենը 250 մլն դրամ, հաջորդ տարի՝ 2016-ին, կրճատվել է մինչեւ 150 մլն դրամ, 2017 թվականին մայրաքաղաքն ունեցել է եռակի պակաս դեֆիցիտ՝ 68 մլն դրամ, իսկ 2018 թվականին՝ ընդամենը 48 մլն։ Հեղափոխական 2018 թվականին ծախսերի ու եկամուտների տարբերությունը միանգամից թռել է մինչեւ 8,5 մլրդ դրամ, իսկ, ահա, 2020 թ․ ունենալու ենք 9,1 մլրդ դրամի պակասուրդ։ Այս թվաբանության մեջ խորանալով՝ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը որպես պատճառ նշում է այն, որ շատ աշխատանքներ 2019 թվականին ծրագրված են եղել եւ չեն կատարվել, մրցույթներ չեն հայտարարվել, քաղաքապետարանի չինովնիկները վատ են աշխատել։

Մնացորդում չարված գործերն են

Խոսքն ասֆալտապատման, մանկապարտեզների վերանորոգման, այգիների բարեկարգման, այլ գործերի մասին է, որոնց գծով կուտակվել են 7,8 մլրդ դրամի ազատ միջոցներ։ Այս ծախսերն իրականացվելու են 2020 թվականին։

Ինչո՞ւ գումարներ չեն ծախսվել։ Դավիթ Խաժակյանը պատասխանում է․ «Այդ հարցն ակտուալ էր 2019 թվականից, երբ պարզվեց, որ նախորդ տարվանից կա 7,2 մլրդ դրամի չափով ազատ մնացորդ։ Այն ժամանակ բացատրում էին նրանով, որ Տարոն Մարգարյանը գնացել է, եւ գնումներ պարզապես չարվեցին։ Այն ժամանակ Կամո Արեյանն էր ԺՊ-ն, որոշեց գլխացավանքի տակ չմտնի, նոր գնումներ ի՞նչ իմաստ ուներ հայտարարել, եթե քաղաքապետ չկար, եւ մի շարք կապիտալ ծախսեր չկատարվեցին, ու այդ ծախսն անցավ հաջորդ տարվան։ Անցյալ տարի բարձրացրին տուրքերը եւ նախորդ տարվա մնացորդը դրեցին 2019 թվականի վրա ու ասեցին, որ 10 մլրդ դրամով բյուջեն մեծացրել ենք։ Թեեւ պարզ էր, որ դա մանիպուլյացիա է ու իրականում դա նախորդ տարի չծախսված գումարն էր։ Մենք չմեղադրեցինք նրանց թերածախսի մեջ։ Այս տարի նույնն արվել է, բայց արդեն՝ նոր քաղաքապետի օրոք թույլ տված թերածախսի արդյունքում, սակայն այս տարվա թերածախսի գումարը, փաստորեն, նախորդ տարվանից էլ մեծ է»։

Ալարել են մրցույթներ հայտարարել

Ըստ Դավիթ Խաժակյանի՝ մրցույթները չեն կայացել, որովհետեւ դրանք պարզապես չեն հայտարարվել։ Ալարե՞լ են հայտարարել, ծուլանո՞ւմ էին, ի՞նչն էր պատճառը, որ մրցույթներ չհայտարարեցին, որովհետեւ վա՞տ էին աշխատում։

«Ավելի շատ՝ այո, որովհետեւ ամեն բլոկի մասով յուրաքանչյուր պատասխանատու պետք է իր մրցույթները հայտարարեր։ Բայց իրենք չեն հայտարարել»,- ասում է Խաժակյանը։ Նա պահանջել է ծախսային մասի կատարողականի բացվածքը՝ ավելի հստակ պատկերացնելու, թե ինչը չի արվել։
Այս չարված աշխատանքի, տապալված մրցույթների ու բարեկարգումների համար, այնուամենայնիվ, քաղաքապետարանի աշխատողները լիուլի պարգեւատրումներ են ստացել՝ եռամսյակային, անհատական։ Անցյալ տարի քաղաքապետարանի աշխատողների համար 1,9 մլրդ դրամի պարգեւատրումներ էին ծրագրվել՝ այն դեպքում, երբ նախորդ տարիների պարգեւատրման ֆոնդը չի գերազանել 700 մլն դրամը։  Տարեվերջին՝ Ամանորից առաջ, անշուշտ, մեծ պարգեւատրումներ կստանան։

 

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930