Լրահոս
Օրվա լրահոսը

«Իգոր Պոպովի՝ «Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներ» ձևակերպումը բանակցային ձևաչափի հարցի լուծման ադրբեջանական տարբերակը պարունակում է»

Նոյեմբեր 23,2019 11:39

Ըստ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ձևաչափի փոփոխության հետ կապված խնդիր չունեն:

– ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, անդրադառնալով բանակցությունների ձևաչափը փոխելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը, ըստ էության կրկնել է Սերգեյ Լավրովին և ասել, որ Ռուսաստանի դիրքորոշումը ձևաչափի հարցում միշտ եղել է հետևողական, և ԼՂ հարցի լուծումը հնարավոր չէ առանց բոլոր կողմերի ներգրավման: Սա ի՞նչ ուղերձ է և առաջին հերթին այն ո՞ւմ է ուղղված:

– Որևէ նոր բան չկա այստեղ՝ միջնորդները ձևաչափի հարցը թողել են հակամարտության կողմերի հայեցողությանը: Այսինքն՝ պաշտոնական Երևանը, Բաքուն և Ստեփանակերտը պետք է իրենք այս խնդիրը լուծեին փոխադարձ համաձայնությամբ, և փաստ է, որ ավելի քան երկու տասնամյակ բանակցություններն անցկացվել են երկկողմ ձևաչափով՝ նախագահների և ԱԳ նախարարների մակարդակով, առանց Արցախի պաշտոնական ներկայացուցիչների անմիջական ներգրավման: Հատկանշական է, որ պաշտոնական Ստեփանակերտը ևս չի առարկել դրա դեմ, չի հայտարարել, որ առանց իր մասնակցության վարվող այդ բանակցություններն իրավական առումով չնչին են: Մեծ հաշվով, միջնորդները հանգիստ խղճով կարող են սահմանազատվել ձևաչափի հետ կապված բոլոր հարցերից՝ ասելով, որ հակամարտության կողմերն իրենք են կամովի համապատասխան պայմանավորվածության հանգել ու եթե այժմ էլ որոշեն, որ Արցախը ևս պետք է վերադառնա բանակցային սեղանի մոտ, ապա համանախագահներն այդ որոշումը նույնպես ընդունելի կգնահատեն: Այս իրավիճակը մեր բանակցողների քաղաքական և իրավական անհեռատեսության հետևանք կարող ենք համարել:

-Իգոր Պոպովի հայտարարությունից հետո հնարավո՞ր է բանակցությունների վերսկսում, ակտիվացում, մանավանդ, որ նա նշել է, եթե ժամանակի ընթացքում կողմերը պայմանավորվեն, որ բանակցային գործընթացին պետք է միանան Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները, մենք կսատարենք այդ որոշումը:

– Վերևում արդեն ասացի, որ համանախագահները ձևաչափի փոփոխության հետ կապված խնդիր չունեն: Այլ հարց է, որ առանց պաշտոնական Բաքվի համաձայնության նրանք այդ փոփոխության հնարավորությունը չեն տեսնում և այդ ուղղությամբ որևէ քայլ չեն ձեռնարկի: Այսինքն, խնդիրն այստեղ Բաքուն է, որը դժվար թե համաձայնվի անցնել եռակողմ բանակցային ձևաչափի, եթե չբավարարվի, օրինակ, իր կողմից առաջադրվող նախապայմանն, ըստ որի Արցախը բանակցություններում պետք է ներկայացված լինի ադրբեջանական ու հայկական համայնքների պատվիրակների միջոցով: Սա որևէ իրավական հիմքից զուրկ պահանջ է, քանի որ Արցախի կառավարման համակարգը երբևէ համայնական ձև չի ունեցել և նման բան նախատեսված չէ անգամ հենց Ադրբեջանի օրենսդրությամբ: Այդուհանդերձ, պաշտոնական Բաքուն նման պահանջ առաջադրում է, և պարոն Պոպովի՝ Ձեր կողմից մեջբերված «Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներ» ձևակերպումը բանակցային ձևաչափի հարցի լուծման ադրբեջանական տարբերակը պարունակում է:

-Արցախի վերադարձը բանակցային սեղան մոտ ապագայում իրատեսական համարո՞ւմ եք:

-Արցախի՝ բանակցային սեղանի մոտ վերադառնալու հնարավորությունը կարող է իրականություն դառնալ երկու սցենարով: Դրանցից մեկն ադրբեջանական նախապայմաններն ընդունելու տարբերակն է, բայց դրա կիրառման դեպքում հաշվեք, որ պաշտոնական Երևանը նաև կանխավ համաձայնված կլինի տեսնելու Արցախն Ադրբեջանի կազմում: Երկրորդ տարբերակն այն կլինի, որ Ադրբեջանը կհրաժարվի վերոհիշյալ նախապայմանից և կհամաձայնվի, որպեսզի Արցախը բանակցություններում ներկայացված լինի սեփական պաշտոնական իշխանությունների՝ նախագահի ու արտգործնախարարի միջոցով: Այս տարբերակը մեզանում իրատեսական չեն համարում և, պետք է ասեմ, որ չհամարողները սխալվում են: Այլ հարց է, որ այն իրականություն դարձնելու համար պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը պետք է մի շարք նախնական քայլեր կատարեն, որոնց միջոցով կփոխեն առկա բանակցային մթնոլորտը: Ցավոք, տարիներ շարունակ քաղաքականություն վարելը մեզանում շփոթել են բարձրագոչ հայտարարություններ անելու «արվեստի» հետ: Տեսնենք, թե այսօրվա իշխանությունները որքանով ունակ կլինեն խախտել այդ անպտուղ ավանդույթը:

-Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան Պոպովի հայտարարությունից հետո նոյեմբերի 22-ին հայտարարեց, եթե ժամանակի ընթացքում կողմերը պայմանավորվեն, որ բանակցային գործընթացին պետք է միանան Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները, մենք կսատարենք այդ որոշումը: Կարելի՞ է ասել, որ ըստ էության Ռուսաստանը այսպես ասած ձեռքերը լվանում է այս հարցում և հետևաբար հարցի հստակեցումը կարող է երկար ժամանակ պահանջել:

-Ռուսաստանն այս հարցի լուծումը միանշանակորեն թողնում է կողմերի հայեցողությանը: Իսկ ավելի ճիշտ՝ ստուգում է, թե արդյոք պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը կհամակերպվեն Բաքվի քմահաճույքների հետ, թե ունակ կլինեն, անհրաժեշտ քաղաքական ու դիվանագիտական հասունությունը և հնարամտությունը գործի դնելով, բեկում մտցնել ստեղծված իրավիճակում:

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 23․11․19 թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930