Պարոն Փաշինյանի ասածը ապատեղեկատվության արդյունք է. նրան ինֆորմացիա տվողները կա՛մ գիտությունից բան չեն հասկանում, կա՛մ ակադեմիայի թշնամիներն են. «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանում գիտական գործունեություն վարել նշանակում է ամեն առավոտ գնալ մի շենք, որի ճակատին գրված է գիտահետազոտական ինստիտուտ, օրվա առաջին կեսին սուրճ խմել եւ վերադառնալ տուն:
«Նրան այդ ինֆորմացիա բերողները գաղափար չունեն՝ ինչ է գիտությունը, գիտական արդյունքը, եւ այդ գիտական արդյունքը որտեղ են ստանում: Ցավոք, կան նման մարդիկ, եւ նրանք հանրապետության ղեկավարին տանում են նման տեղեկատվություն: Ինչպե՞ս կարող է ամեն օր սուրճ խմող ու տուն գնացողների հանրությունը, որ կոչվում է Գիտությունների ազգային ակադեմիա, ունենա աշխարհում՝ արտասահմանյան ամսագրերում տպագրված հարյուրավոր մենագրություններ, որ պատիվ են բերում ցանկացած երկրի, ունենա բարձր վարկանիշով ամսագրերում տպագրված հազարավոր հոդվածներ: Այս աշխատանքն անող մարդկանց «սուրճ խմող» ասելն առնվազն վիրավորանք է նրանց նկատմամբ: Մանավանդ, որ մեր պետության կողմից այդ մարդկանց աջակցությունը չնչին կոպեկներ են. ԳԱԱ աշխատողի միջին աշխատավարձը 100 հազար դրամ է, որը ծիծաղելի գումար է՝ համեմատած նրանց եվրոպացի գործընկերների հետ, որոնց հետ հավասար նստում-վեր են կենում»,- նշեց Մարտիրոսյանը:
Ռադիկ Մարտիրոսյանն ընդգծեց, որ հարկ է ներկայացնել ակադեմիայի ձեռքբերումները համաշխարհային մակարդակով: «Աշխարհում գործող 102 ակադեմիայից 52-ն ընդգրկված է Եվրոպայի ակադեմիաների միավորման՝ ALEA-ի մեջ, եւ այդ կառույցի փոխնախագահ Գրահման Քեյնը ՀՀ ԳԱԱ-ի մասին ասել է. «Մենք ALEA-ում համարում ենք, որ Հայաստանի ԳԱԱ-ն արժանի է կոչվել ճանաչված եւ բարձրարժեք ակադեմիաներից մեկը: Այս ակադեմիան կայունության եւ տոկունության օրինակ է թողել, եւ մենք բոլորս պատրաստ ենք սովորել նրա պատմությունից եւ գիտական ձեռքբերումներից»: Գիտության ասպարեզում 8800 գիտահետազոտական կենտրոնների շարքում Հայաստանից ընդգրկված է գիտական 14 կազմակերպություն, որից 12-ը ԳԱԱ-ի ինստիտուտներից են, ընդ որում, Վրաստանից միայն 1 ինստիտուտ է, Ադրբեջանից 1-ը: Սա է գնահատականը: Ուրիշ գնահատականներ ես չեմ ընդունում»,- ասաց Մարտիրոսյանը:
Կարդացեք նաև
Կարմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում