Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ՀՀ ազգային և պետական շահերից չի բխում պայթյունավտանգ իրավիճակն Իրանում

Նոյեմբեր 23,2019 11:02

«Իրանում բողոքի ցույցերն աստիճանաբար մարում են, ուստի չեմ կարծում, որ դրանք կվերաճեն, այսպես կոչված, հեղափոխության»,-«Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի հարեւան Իրանում նոյեմբերի 15-ից սկսված բողոքի գործողություններին՝ ասում է իրանագետ Ահարոն Վարդանյանը: Նա շեշտում է՝ նշյալի գլխավոր հիմնավորումն այն է, որ ցուցարարները չունեն առաջնորդ եւ հստակ քաղաքական պահանջ, որքան էլ որ ցույցերի ընթացքում, օրինակ, շեշտվել է նախագահ Հասան Ռոհանիի հրաժարականի պահանջը: «Ամենեւին չեմ գտնում, որ ցույցերը կհանգեցնեն իշխանափոխության, առավել եւս, որ ալիքը մարում է, իսկ իշխանություններն արդեն իրենց ձեռքն են վերցրել վերահսկողությունը, ինչը, չնայած, երբեք էլ բաց չէին թողել»,-նկատում է Ահարոն Վարդանյանը:

Հիշեցնենք, որ ցույցերի պատճառն ի սկզբանե եղել է սոցիալական խնդրով պայմանավորված դժգոհությունը: Իրանագետը նշում է. «Դա ինչ-որ տեղ արդարացի է: Պատճառը բենզինի գնի թանկացումն է, բայց մինչեւ այդ այլ ապրանքներ էլ են թանկացել: Բենզինի գնի թանկացումը գագաթնակետն էր, որից հետո մարդիկ դուրս եկան փողոց: Պարզապես մի կարեւոր հանգամանք պետք է հաշվի առնել. իրանական հասարակությունը տարիներ շարունակ սովոր է եղել բավականին ցածր գնով բենզին եւ այլ ապրանքներ ձեռք բերել, որովհետեւ պետությունը սուբսիդավորել է դրանք: Հիմա պետությունը որոշել է սուբսիդավորումը որոշակի քանակով պակասեցնել, միաժամանակ՝ խնայված 2,5 միլիարդ դոլարն ուղղելով այլ սոցիալական խնդիրների լուծմանը՝ գիշերօթիկներին, մանկատներին, ծերերի խնամքի հաստատություններին, թոշակների բարձրացմանը, այսինքն՝ միջին եւ աղքատ խավի կարիքները բավարարելուն»:
Մեր զրուցակցի խոսքով՝ ցույցերին իրանցիների մասնակցությունն այնքան էլ մեծ չէ. «Ըստ պաշտոնական տվյալների՝ նշվում է մոտ 90 000 մարդու մասին, իսկ 80 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար, կարծում եմ, դա ծավալուն չէ: Իսկ զոհերի թվի մասին հստակ տեղեկություններ չկան: Իրանի իշխանությունները հայտնել են, որ տվյալները դեռեւս ճշտվում են: Քանի դեռ պաշտոնական տեղեկատվություն չկա, պետք չէ թվեր հրապարակել, որովհետեւ դրանք տարբեր են: Այդ թվերը հրապարակվում են տեղեկատվական մի շարք կենտրոններից, որոնք իրանական ցույցերը տարբեր տեսանկյունից են դիտարկում՝ որոշակի քարոզչական ենթատեքստ հաղորդելով և այլ հետաքրքրություններ ունենալով»:

Ահարոն Վարդանյանի փոխանցմամբ՝ մի շարք քարոզչական կենտրոններ բենզինի գնի թանկացումից սկիզբ առած սոցիալական բողոքի ալիքն այլ կերպ են փորձել ներկայացնել. «Որոշ լրատվականներ հաղորդեցին, որ ցույցերի ժամանակ սպանվել են 26 քրդեր կամ ինչ-որ քանակի թուրքախոսներ և այլն։ Այսինքն, փորձ էր արվում կատարվածին էթնիկ բնույթ հաղորդել: Արեւմտյան լրատվականներում, ինչպես գրեթե միշտ է լինում, մասնավորապես՝ Իրանի պարագայում, սոցիալական հենքով դժգոհությունը փորձ կատարվեց այլ ուղղություններով տանել: Այս ամենը հաշվի առնելով՝ Իրանի կառավարությունը որոշեց արգելափակել համացանցը, եւ հասանելիությունը սահմանափակելու միջոցով թույլ չտալ այլ ուժերի, պատկերավոր ասած, պղտոր ջրում ձուկ որսալ և տարատեսակ տեղեկատվական մանիպուլյացիաների ու քարոզչական հնարքների միջոցով բողոքի ալիքը տանել իրենց ձեռնտու ուղղությամբ։ Արդյունքում, կարծեք թե, իրավիճակն Իրանում գնալով կայունանում է»:

Իրանագետը նաեւ ընդգծեց՝ ՀՀ-ին պետական և ազգային շահերի տեսանկյունից պետք է կայուն և զարգացող Իրան. «Աստված մի արասցե, եթե այնպես ստացվի, որ, դիցուք, Իրանում կենտրոնական իշխանությունները չկարողանան ողջ երկրով մեկ սահմանել վերահսկողություն, ապա Արաքսից հարավ ընկած տարածքներում մենք կարող ենք ունենալ անկանխատեսելի իրավիճակ, քանի որ այնտեղ կա թյուրքախոս զանգված, որի վրա շատ լավ աշխատում է թյուրք-ադրբեջանական քարոզչամեքենան՝ օգտագործելով տարատեսակ գործիքակազմ՝ մշակութային, ժողովրդական դիվանագիտությունից սկսած, մինչև հատուկ ծառայությունների մակարդակում։ Եվ մենք չենք կարող ասել, թե ինչ կլինի, եթե այդ հատվածներում թուլանա Իրանի կենտրոնական իշխանությունների վերահսկողությունը. նման պարագայում ՀՀ-ի և Արցախի ամենաանվտանգ սահմանը կարող է դառնալ ամենավտանգավորը, ուստի մեր շահերից չի բխում անկայուն իրավիճակն Իրանում»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930