Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Իրավաբան․ Մենք դեմ էինք, որ բարեվարքության ստուգումը կիրառվի միայն դատարանների նկատմամբ․ «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 23,2019 11:00

Հայաստանի կառավարությունը նախօրեին հավանություն տվեց դատավորների բարեվարքության ստուգման գործընթացն ապահովող օրենսդրական փոփոխությունների փաթեթներին։

Ինչպես ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ այս նախագիծը հնարավորություն է տալիս ստուգել դատավորների գույքային դրությունը եւ նրանց տալիս է որոշակի կապերից ու ազդեցություններից ազատ որոշում կայացնելու հնարավորություն։ Դատավորները նախագծերի փաթեթի ընդունումից հետո մշտապես անցնելու են նման գնահատման միջով։

Նախագծով հստակեցվում են դատավորների վարքագծի կանոնները եւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը: Օրինակ, եթե դատավորը կոռուպցիայի կանխագելման հանձնաժողովին չհիմնավորի իր ավելացած եկամուտների օրինականությունը, ապա կենթարկվի պատասխանատվության: Դատավորների կողմից խախտման մասին վերջնական որոշում կայացնելու է Բարձրագույն դատական խորհուրդը:

Ընդլայնված են նաեւ կարգապահական տույժի տեսակները՝ առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հերթական համալրման ժամանակ ցուցակում ընդգրկվելու արգելքը եւ դատարանի նախագահի կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնից ազատումը։

Ի դեպ, Բարձրագույն դատական խորհրդը նախագծի ընդուման դեպքում կարող է սեփական նախաձեռնությամբ հրավիրել վկաների, նշանակել փորձաքննություն եւ պահանջել ապացույցներ։

Նախագծերի փաթեթը, որն արդեն արժանացել է Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությանը, առաջիկայում կուղարվի Ազգային ժողով։

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, իրավաբան Նարեկ Ներսիսյանի կարծիքով՝ նախագիծը չի լուծում նախանշված նպատակը, այն է՝ ներդնել դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված այնպիսի կառուցակարգ, որը մի կողմից թույլ կտա արդյունավետ պայքար մղել դատական իշխանությունում կոռուպցիայի, հովանավորչության, անձնական կապերով առաջնորդվելով դատական ակտ կայացնելու, մարդու իրավունքների հիմնարար խախտումները կոծկելու դեմ, մյուս կողմից՝ հնարավորություն կընձեռի չխաթարել դատական համակարգի անկախությունը եւ կայունությունը։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում իրավաբանն ասաց, որ այս փաթեթն, ըստ էության, այն նախագծի շարունակությունն է, որը սկսվեց 1998 թվականի դատական համակարգի ռեֆորմով․

«Այն ժամանակ որոշվեց միջազգային պրակտիկան կրկնելով՝ ձեւավորել Արդարադատության խորհուրդ։ Խորհուրդը ձեւավորվեց, դրա անդամներին էլ նախագահն էր նշանակում, ստացվեց, որ որպես հետեւանք՝ Արդարադատության խորհուրդը դարձավ դատավորներին պատժող գործիք․ այն դատավորը, որը համակարգին չէր ենթարկվում, ուղղակի միաձայն հեռացվում էր դատական համակարգից, ընդ որում՝ տարբեր պատճառաբանություններով»,- ասաց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով նախկին դատավոր Պարգեւ Օհանյանի՝ համակարգից հեռացման դեպքը, որը ժամանակին հանրության շրջանում լայն արձագանք էր ստացել։

Ներսիսյանի խոսքով՝ այն ժամանակ դատարանն, ըստ էության, դարձավ գործադիր իշխանության կցորդը, իսկ հիմա, կարծես, Արդարադատության խորհրդին փոխարինում է Բարձրագույն դատական խորհուրդը։

ՔՈ կուսակցության անդամը մեր զրույցում ընդգծեց, որ բարեվարքության ստուգման այս մեխանիզմը անցումային արդարադատության (ԱԱ) գործիքներից մեկն էր, որը սակայն, կառավարող ուժի ղեկավարը «պոկեց» ու դարձրեց առանձին, սակայն, նրա համոզմամբ, այս վեթինգ կոչված մեխազնիմը առանց ճշմարտության, հաշտեցման հանձնաժողովների եւ ԱԱ մյուս գործիքների, չի կարող իրականանալ․

«Բացի այս, մենք դեմ էինք, որ բարեվարքության ստուգումը կիրառվի միայն դատարանների նկատմամբ, այն կիրառելիություն պիտի գտներ ամբողջ համակարգի նկատմամբ, խնդիր կա նաեւ իրավապահ մարմիններում։ Ընդ որում՝ այս մեխանիզմի նպատակը ոչ թե պատժիչ վարչարարությունը պետք է լինի, այլ հանրության եւ դատարանների, այսպես ասած, հաշտեցումը, դատարանների եւ դատավորների անկախության ապահովումը»։

Իրավաբանը բարձրացնում է նաեւ Բարձրագույն դատական խորհրդի՝ կառավարող ուժից հնարավոր կախյալ վիճակում հայտնվելու մտահոգությունն ու, միեւնույն ժամանակ, դատավորների՝ արդեն ԲԴԽ-ից կախված լինելու հարցը։

«ԲԴԽ-ի կազմավորման կարգը ՀՀ-ի գործող Սահմանադրությամբ այնպես է, որ դատական համակարգն է նշանակում Խորհրդի հինգ անդամներին, մյուս հինգին ընտրում է խորհրդարանը։ Այսօր մենք ունենք դատարան, որին չի վստահում հանրությունը, իսկ նա նշանակում է ԲԴԽ անդամ։ Մենք հիմա ունենք լեգիտիմ ընտրված ու քիչ թե շատ ժողովրդավարական արժեքների կրող կառավարող ուժ, բայց պատկերացրեք մի իրավիճակ, երբ իշխող մեծամասնություն կլինի մի ուժ, որը կուզենա դատական մարմինը դարձնել իր կցորդը»,- մեր զրույցում ասաց Ներսիսյանը՝ հավելելով, որ համոզված էլ չէ, որ օրվա կառավարող ուժն ունի ներքին եւ արտաքին այնպիսի զսպող մեխանիզմներ՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ, որ կարող է իրեն հեռու պահել այդ իրավիճակից։

 

Հայարփի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930