Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են ակտիվացել ադրբեջանցիները

Նոյեմբեր 23,2019 10:30

«Վերջին շրջանում Տավուշի ուղղությամբ մարտական հերթապահությունը ստանձնած Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավարի և Ադրբեջանի պաշտպանության նախարարի միջև առկա է միջանձնային խնդիր: Այս երկու պաշտոնյաներն իրենց ամբիցիաները բավարարելու համար փորձում են առաջնագծի որոշակի հատվածներում արհեստական լարվածություն մտցնել»․ «Առավոտի» զրուցակիցն է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը։

– Նոյեմբերի 12-ից Ադրբեջանում հերթական լայնածավալ զորավարժություններն անցկացվեցին: Զորավարժություններն այս տարվա ընթացքում հինգերորդն են, երկուսը՝ թուրք-ադրբեջանական էին: Ի՞նչ զորավարժություններ էին դրանք, ինչո՞վ էին տարբերվում նախորդներից, ինչքանո՞վ այդ զորավարժությունները կապ ունեին տարածաշրջանային ռազմաքաղաքական լարվածության եւ Արցախի շուրջ առկա ռազմաքաղաքական իրավիճակի հետ:

– Ադրբեջանի զորավարժությունները վերջին տարիներին առավել ինտենսիվ բնույթ են կրում: Վերջինը, որը մեկնարկել էր նոյեմբերի 12-ին, օպերատիվ օղակում էր, այսինքն՝ ներգրավված են եղել զինված ուժերի բոլոր զորատեսակներն ու զորամիավորումները: Նախորդների համեմատ սա առավել մասշտաբային էր, որը կարելի է ասել՝ տարվա ամփոփիչ ստուգատեսն էր, ինչը ենթադրում էր տարվա ընթացքում մարտական պատրաստակամության բարձրացմանն ուղղված համալիր ծրագրի ամփոփումը:
Այս ամենը չի կարող կապ չունենալ ինչպես բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակի, այնպես էլ մեծ տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությամբ:

– Վերջին շրջանում շատ քննադատվեց, որ 2020 թվականի բյուջեի նախագծով Հայաստանը փաստացի կրճատել է ռազմական ծախսերը: Մինչդեռ, Ադրբեջանը 2020 թվականին մոտ 20 տոկոսով ավելի շատ գումար կհատկացնի ռազմական ծախսերի համար. թվային արտահայտությամբ՝ մոտ 2 մլրդ 267 միլիոն ԱՄՆ դոլար։ Այս դիզբալանսից ի՞նչ եզրակացություններ կամ հետեւություններ անել:

– Ռազմական բյուջեի քննարկումներից և Հայաստանի պաշտոնատար անձանց հայտարարություններից պարզ է դառնում, որ իրականում ռազմական բյուջեի կրճատում չկա: Նաև հայտնի է, որ ռազմական ծախսերի համար գումարներ հատկացվում են նաև արտաբյուջետային միջոցներից:
Ինչ վերաբերվում է Ադրբեջանի ռազմական բյուջեի կտրուկ աճին, ապա դա կապված է այդ երկրի իրական նպատակների հետ, այն է՝ տապալել բանակցային գործընթացը, իսկ գործընթացը տեղափոխել ռազմադաշտ:
Հայաստանի և Արցախի առաջնային խնդիրն է՝ռազմաքաղաքական իրադրությանը համահունչ քայլեր ձեռնարկել դիմագրավելու մեզ սպասվող ուղղակի և անուղղակի մարտահրավերները: Այս միտքը պետք չէ միայն ռազմական սպառնալիքների տեսանկյունից դիտարկել:

– Վերջին շրջանում, նաեւ սահմաններում է լարվածությունն աճել է, դա ակնհայտ է դառնում ՊԲ-ի տարածած հաղորդագրություններից: Ակտիվ են նաև դիպուկահարները, ովքեր սահմանին տարբեր բնույթի սադրանքների են գնում։ Ադրբեջանում կրկին ակտիվացել է նաեւ ռազմական հռետորիկան: Ի՞նչ սպասել: Ադրբեջանը կգնա՞ հերթական սադրանքի, մանավանդ, որ Արցախի հարցի կարգավորման բանակցային փուլը անհասկանալի է, թե ի՞նչ կետում է:

– Բացի ընթացիկ վտանգներից, առկա է միջանձնային խնդիր` վերջին շրջանում Տավուշի ուղղությամբ մարտական հերթապահությունը ստանձնած Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավարի և Ադրբեջանի պաշտպանության նախարարի միջև: Այս երկու պաշտոնյաներն իրենց ամբիցիաները բավարարելու համար փորձում են առաջնագծի որոշակի հատվածներում արհեստական լարվածություն մտցնել, հետո, ըստ նպատակահարմարության, օգտագործել կամ կառավարել իրավիճակը: Մի քանի նման միջադեպից հետո, հայկական զինուժը անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել, ինչից հետո հակառակորդը որոշակի ժամանակահատված պարտադրված պասիվացել է:
Չեմ կարող նաև չընդգծել, որ առաջնագծում պարբերաբար նկատելի իրադրության փոփոխությունները մեծապես պայմանավորված են բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակով:

– ՀՀ վարչապետը վերջերս հայտարարել էր, որ բանակցությունները վերսկսելու դրական ազդակներ կան: Ավելի ուշ, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց. «Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ բանակցություններում որոշակի առաջընթաց կա, սակայն այն ավելի շատ խոսքերի մակարդակում է: Մենք կցանկանայինք քննարկել կոնկրետ հարցեր: Կողմերը պայմանավորվածություն ունեն՝ կոնկրետ բանակցությունների անցնելու մասին: Հույս ունեմ, որ դեկտեմբերի սկզբին Բրատիսլավայում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը մենք կհստակեցնենք այդ հարցը: Այդ ժամանակ էլ պարզ կդառնա՝ պատրա՞ստ է Հայաստանը ըստ էության բանակցել, թե՞ ոչ: Քանզի փաստաթղթերն արդեն սեղանին են»: Ապա Երեւանում մեծ ոգեւորություն առաջացրեցին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության որևէ պայմանավորվածություն հնարավոր չի լինի ձևակերպել: Նա մեջբերեց նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը առ այն, որ արցախյան հակամարտության հանգուցալուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ժողովուրդների համար: Ի դեպ, ընդամենը մեկ ամիս առաջ էլ «Վալդայ» համաժողովում Լավրովը Հայաստանին մեղադրեց բանակցությունները փակուղի տանելու մեջ՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստանն է, եւ վերջ», հայտարարությունը:
Ի՞նչ փուլ է բանակցային գործընթացում:

– Բանակցային գործընթացը կարող է վերսկսվել միայն այն պարագայում, երբ կողմերը հավասարապես պատրաստ լինեն ու դրա համար անհրաժեշտ քաղաքական կամք դրսևորեն:
Հայաստանն ու Արցախը բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են բանակցությունների վերսկսմանը, ավելին՝ ընդգծել, որ առկա խնդիրները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով, սա բխում է բոլոր կողմերի շահերից:Սակայն, պետք է միաժամանակ արձանագրել, որ Ադրբեջանի հայտարարությունները, որոնք եթե նույնիսկ դրական ազդակներ են պարունակում, կրում են բացառապես ֆորմալ բնույթ և գործնական փուլ չեն տեղափոխվում: Սա նկատելի էր ինչպես ապրիլյան մարտական գործողություններից առաջ, այնպես էլ հետո, նաև` այս փուլում: Միայն մեր պատրաստակամությունը քիչ է, որպեսզի գործընթացը ակտիվանա կամ հնարավոր լինի բացառելու` խնդրի ռազմական ճանապարհով լուծելու տարբերակը:

 

Զրույցը`ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930