Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քանի դեռ մարդկանց ականջին հաճո է «Դոլյա վոռովսկայա» տիպի «մշակույթ», այդ նախագիծը հետեւանքի դեմ անօգուտ պայքար է․ «Ազգ»

Նոյեմբեր 23,2019 10:25

Եվ այսպես` քրեականացվում են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու. պահպանելու, քրեական ենթամշակույթ կրող քրեական խմբավորում ստեղծելու, դրան մասնակցելու, դրան ուրիշին ներգրավելու, անգամ այդպիսի անձին դիմելու իրադեպերը: Քրեական օրենսգրքի այդպիսի փոփոխությունը Ազգային ժողովում այս շաբաթ առաջին ընթերցում անցավ: Նախագծով առաջարկվում է սահմանել` որն է քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը, կամ քրեական աստիճաակարգությամբ բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը (ըստ ժողովրդի՝ քրեական «հեղինակություն»` «օրենքով» գող): Եթե հանրությանը հասկանալի բացատրենք- ենթատեքստն այս է` Հայաստանում մերժված է քրեական տրամաբանության մեջ տեղավորվող վարքագիծը, քրեական ենթամշակույթն այլեւս տեղ չունի, պետք է սնունդ չստանա եւ մեռնի, մի խոսքով ` Հայաստանում պետք է «արժեքային հեղափոխություն» տեղի ունենա:

Խորհրդարանական ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը», կողմ լինելով այս նախագծի փիլիսոփայությանը, իրավական անհստակություններ տեսան նախագծում, կարեւոր համարելով, որ իրավական պատժամիջոցները բացառապես պետք է կոնկրետ արարքների վերաբերեն, եւ ոչ թե անհստակ ձեւակերպմամբ` ենթամշակույթ կրողների, մանավանդ սահմանումներ չկան էլ, թե որն է այդպիսի ենթամշակույթը, որը` ոչ:

Այսինքն` իրական կյանքում այս օրենքի ստեղծելիք անորոշությունների պատճառով կարող է ծայրահեղությունների դուռ բացվել:

Եթե այս նախագծի ենթատեքստը փիլիսոփայությունն է, կամ բարոյահոգեբանական նշանակությունն առ այն, որ Հայաստանում, այո, մերժվում է քրեական ենթամշակույթը, այս առումով միգուցե ինչ-որ կերպ արդարացվի այս նախաձեռնությունը, բայց նույնիսկ այս դեպքում նախագիծն ունի լղոզվածություն, տեղ-տեղ թվում է մութ սենյակում կատու փնտրելու գործողության մասին փաստաթուղթ: Նույնիսկ՝ զգացմունքի վրա կառուցված նախագիծ, ինչպես որ ինչ նախագծի համահեղինակ, գյումրեցի պատգամավոր Նազելի Բաղդասարյանի նկարագրությունից կարելի է եզրակացնել, այս թեմայով իր քաղաքի հարուստ պատմությունը նկատի ունենալով: Բայց երբ նա խոսում էր քրեական ենթամշակույթի մեթոդներով հարցը լուծելն այլեւս բացառելու մասին, զուգահեռ խորհրդարանական լրագրողները մեկ ժամից ավելի հաճույքով հարցազրույց էին վերցնում համենայնդեպս գյումրեցիների մի մասի մոտ այդպիսին համարվող պատգամավորից, իսկ ուրիշներն էլ հիշել էին Դավիթ Սանասարյանի հայտարարությունը` «Իմ քայլի» պատգամավորի` քրեական աշխարհի ներկայացուցչից հովանավորվելու մասին:

Քրեական եթամշակույթն, իսկ առանց այդ եզրույթի` ուղղակի զոռբայությունը, զոռբաների միությունները մարդկության ուղեկիցն են եղել միշտ: Բայց պատմությամբ հետ գնալն այս դեպքում անօգուտ է, ուղղակի հիշեցնենք, որ քրեական աշխարհի բարձրագույն ղեկավարությունը խորհրդային տարիներին ու հատկապես Խորհրդային Միության փլուզմանը մոտ տարիներին պետության կողմից համարյա կիսալեգալ վիճակ ուներ, երբեմն` հենց պետության տեղական ներկայացուցիչներն էին հովանավորում նրա ներկայացուցիչներին, խորհրդային ղեկավարները նրանց միջոցով կառավարում էին ոլորտներ, որտեղ իրենց ձեռքը չէր հասնում: Հետո այդ, կարելի է ասել` խորքային պետությունն անկառավարելի դարձավ եւ հավակնում էր գերադաս լինել պաշտոնական ղեկավարներից, լուծում անհատների ու ամբողջ մարզերի խնդիրներ, երբեմն դաժանության ու անմարդկայնության մաստեր-կլասներ տալիս: Նրանք հովանավորում էին դրական լույսով իրենց մասին լեգենդների տարածումը, ֆիլմերի ստեղծումը, քարոզում իբր իրենց «ճշտով» ապրելու «վեհ» կենսակերպը:

Երբ պարբերաբար ՀՌԱՀ-ին դիմողներ էին լինում, թե մի բան արեք, էս գողական սերիալներից ազատեք մեզ, ՀՌԱՀ-ականներից ստանում էին պատասխան, թե իրենք բովանդակությանը խառնվելու իրավասություն չունեն, ժամանակաչափ են աշխատում: Ու վերին մի թողտվությամբ ստացվեց այն, ինչ պիտի ստացվեր` հանրության մեջ արմատավորվեցին, կրկնօրինակվեցին գողական բարքերը, դպրոցներում ամեն տղա աշակերտ (անգամ` աղջիկները) խոսում եւ վարվում էր գողական «պանյատկեքով», հարցերը լուծում այդ բարքերով. թաղային «հեղինակություները» գրավեցին ամեն գրավելի բան` ընդհուպ ընտրությունների արդյունքի ձեւավորում, իսկ նեղվելու դեպքում դիմում էին «նայողին», բիզնեսների տեր էին դառնում ոչ թե կրթություն ու խելք բանեցնողները, այլ կիսագրագետ զոռբաները` քրեական աշխարհի հովանավորությամբ: Այդ բոլորը մտավ բանակ, տարածվեց բոլոր փակ հաստատություններում, քրեակատարողական հիմնարկներում (այստեղ խորհրդային տարիներից էր այդպես), որտեղ ոչ թե հարցերը լուծում էին իրավասուները, այլ «զոն» նայողները. նրանք հարկ են հավաքում, կազմակերպում ներսի ողջ կյանքն իրենց «օրենքներով», խեղճացնում սովորական մարդկանց եւ իրենց ենթարկվել չցանկացողներին նվաստացնելով բռնությամբ: Այո, այդ բոլորի վերջը պետք է գա:

Բայց մեր կարծիքով, երբ հանրության մեջ հանդուրժողական են քրեական ենթամշակույթի հանդեպ, ավելին` երբ այդ ենթամշակույթով են առաջնորդվում հաճախ խնջույքներում, թաղումներում եւ սովորական կյանքում, երբ մարդկանց ականջին դեռեւս հաճո է «Դոլյա վոռովսկայա» տիպի «մշակույթ», կամ պահանջարկված է «օրենքով» գողերի մասին գրողը, ներեցեք, բայց այդ նախագիծն ինձ թվում է հետեւանքի դեմ անօգուտ պայքար` փոխանակ պատճառների արմատներից բռնենք: Գողական բարքեր քարոզող սերիալով դաստիարակվածին ասում ենք` դու քրեական ենթամշակույթի կրող ես, բայց այդ սերիալի ստեղծողին չենք ասումՙ ինչ ես անում: Հիմա, մի իրավական արարք թույլ տվո՞ղն է ավելի դատապարտելի, թե՞ այդպիսի արարքներ թույլ տվողների բանակ դաստիարակողը: Ինչ անենք, մի օրենքով էլ քրեական ենթամշակույթը տարածող մշակույթը քրեականացնե՞նք: Թե սկսենք նախ լրջորեն զբաղվել մեր կրթությունն ու մշակույթն աղբից մաքրելով, հեռուստաաղբը եթերից թափելով, որից հետո միայն կպահանջենք հանրության այս կամ այն ներկայացուցչից առանց վախենալու հանձնել քրեական ենթամշակույթին հարողին, կամ անելանելի վիճակում, երբ իրավապահ համակարգը չի կարողանում պաշտպանել` չդիմել այդ ենթամշակույթը կրողներին:

Այո, այս ոլորտում հեղափոխություն պետք է, բայց նախ պետք է միջավայրն առողջացնելուց, մթոլորտը փոխելուց սկսել, հետո քրեականացնել մի բան, որը հանրության տարբեր շերտերում տեղ ունի եւ ընդունելի է համարվում: Թե չէ հողմաղացների դեմ կռիվ է ստացվում: Մանավանդ` դատական բարեփոխումներն անգամ ճանապարհ չեն ընկել, դեռ հանրությունը չի վստահում ոչ դատավորներին, ոչ քննչական կառույցներին, որոնք հո մի փայտիկով չե՞ն ազատագրվել հին- բարի, ժողովրդի լեզվով ասած` «գործ սարքելու» ավանդույթից, եւ դեռ իրենք են որոշելու, թե ով է քրեական ենթամշակույթի կրող, ով` ոչ: Դե ում ուզեն` քրեական ենթամշակույթի կրող կանվանեն` հանրության կեսից ավելի այդ մտայնությամբ ապրողների պարագայում: Որքան էլ որ դատավորների բարեվարքության իրավական փաթեթը երեկ կառավարությունը երեկ հաստատեց՝ ուղարկելով Ազգային ժողով, որտեղ դեռ երկար ճանապարհ ունի անցնելու:

 

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930