Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ստեղծել Համակարգ

Նոյեմբեր 23,2019 10:00

Սիրում եմ նայել ամերիկյան սերիալներ իրավական թեմաներով: Որքան էլ դրանց սյուժեները հնարովի լինեն, այդ սերիալները, կարծում եմ, պատկերացում են ստեղծում Համակարգի մասին, որը գործում է մշտապես եւ անխափան՝ ի հեճուկս բոլոր խնդիրների: Հատկապես հետաքրքիր է հետեւել, թե ինչպես է այնտեղ ներկայացվում դատաքննությունը: Օրինակ, դատավորը շատ լայն հնարավորություն ունի կողմերին, իր պատկերացումներին համապատասխան, «կարգի հրավիրելու»: Եվ երբեմն այդ պատկերացումները կարող են լինեն չափից դուրս խիստ եւ սուբյեկտիվ:

Ենթադրենք, փաստաբանը ասում է՝ «But, your Honor…», եւ դատավորը նրան կոպտորեն ընդհատում է, ջղայնացած զարկում է մուրճով եւ հայտարարում, որ դատարանը չհարգելու համար փաստաբանը տուգանված է 10 հազար դոլարով: Իհարկե, բացառիկ դեպքերում փաստաբանները կարող են դիմել այլ դատավորի՝ ապացուցելու համար, որ տվյալ դատավորը կողմնակալ է, բայց դա շատ ռիսկային է, որովհետեւ քիչ հավանական է, որ դատավորը դատավորի դեմ որոշում ընդունի, իսկ եթե չընդունի, դատի տված փաստաբանները հաստատ «քաշվելու են»:

Բնականաբար, այդ սերիալներում (եւ, վստահ եմ, նաեւ ԱՄՆ իրական կյանքում) դատավորների մեջ կան ե՛ւ կաշառակերներ, ե՛ւ իրենց անձնական համակրանք-հակակրանքներով առաջնորդվողներ, ե՛ւ այս կամ այն քաղաքական հոսանքին հարողներ, ե՛ւ օրվա վարչակազմի հանդեպ դրական կամ բացասական վերաբերմունք ունեցողներ, ե՛ւ ազատականներ, ե՛ւ պահպանողականներ: Բայց աշխատում է Համակարգը, որն ընդհանուր առմամբ եւ վերջնական արդյունքում նպաստում է արդարադատությանը:

Մեզանում այդ Համակարգը չկա ու երբեք չի եղել՝ ոչ խորհրդային, ոչ էլ անկախ Հայաստանում: Այն նոր պետք է ստեղծվի, իսկ դրա համար անհրաժեշտ է երկու բան.

1/ գործադիր իշխանությունը չպիտի խառնվի դատարանների գործերին, այդ իշխանության ներկայացուցիչները չպիտի որակումներ տան դատարաններին եւ դատավորներին ու նրանց կայացրած դատավճիռներին:

2/ Հասարակությունը պետք է հրաժարվի դատավորների եւ դատարանների նկատմամբ կիրառվող երկակի ստանդարտներից:

Ոստիկանական խմբի վրա զինված հարձակում գործած խմբի անդամներից մեկը դատարանում գռեհիկ վիրավորանք է հնչեցրել դատավորի հասցեին՝ դատապարտելի է: Վարչապետը, իրեն դուր չեկած դատավճռից հետո, կոչ է արել շրջափակել դատարանները՝ դատապարտելի է: Վարչապետը իր չհավանած դատավորներին անվանել է «պատերի տակ վնգստացողներ»՝ դատապարտելի է: Այդ նույն որակումը քոչարյանամետ երիտասարդները փաստացի հնչեցրել են դատավորներից մեկի հասցեին՝ դատապարտելի է: Նույն դատավորին վիրավորել է Քոչարյանի փաստաբաններից մեկը՝ դատապարտելի է:

Կամ այդ ամենը դատապարտելի է, կամ էլ՝ այդ ամենը՝ ողջունելի: Բայց եթե մի մասը դատապարտելի է, իսկ մյուս մասը ողջունելի, ուրեմն մենք Համակարգ չենք ունենա:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. henri says:

    Պ. Աբրահամեան, դուք այնպիսի սկզբունքներու մասին կը խօսիք որ համեմատութեան եզր չունին մեր Հայրենիքին մէջ։ Մեր մօտ օրական օրօրօցային դէպքերու ականատես կ՛ըլլանք .Տնօրէն կ՛ելլէ՛տնօրէն կ՛իջնէ- Ոստիկանապետ կ՛իջնէ ՛ոստիկանապետ կ՛ելլէ- Նախարար կ՛ելլէ՛ նախարար կ՛իջնէ …այս ամէնուն մէջ ուր՚ է լրջութիւն-ուր՚ է պետութիւն ։ Վարչապետը թող ուզածին չափ համաձայնութիւններ ստորագրէ- ՛՛սելֆիներ՛՛ ուղարկէ -խրախուսիչ յայտարարութիւններ կատարէ , մեծապէս կը կասկածիմ որ այդ ամէնը գործադրուին մինչեւ համոզիչ պատասխան չտրուի այդ խոստումներուն․։ Միամիտ չըլլանք .Հայաստանի մէջ գործող դեսպանատուները միայն հիւրընկալութեամբ և բաժակաճառերով չեն զբաղիր կ՛ենթադրեմ – Չեն ՞ տեսներ կամ չեն՞ նկարեր ամէն օր նախարարութիւններու և հիմնարկներու առջեւ պաստառներով ցուցարարներու բազմութիւնը ՞ ։

  2. Seyran says:

    Եւ ամենակարևորներից՝լրատվամիջոցները չպետք է հրապարակեն դատարանում տեղի ունեցած այն գործողությունները,որոնք բացասական են ազդում դատարանի հեղինակության վրա:Օրինակ,ես չգիտեի,որ դատավորը դահլիճ մտնելուց կարելի է չհարգել և չկանգնել,որովհետև ես գիտեմ,որ դատավորը իրեն չի ներկայացնում,այլ Հայաստանի Հանրապետությանը:Եւ դատավորները իրենց անունից չեն վճիռ կայացնում,այլ պետության՝հարգանք չմատուցելով դատավորի նկատմամբ,հարգանք չենք մատուցում մեր պետությանը…

  3. Լավատես says:

    Համակարգը պետության համար նույնն է, ինչ սկզբունքը մարդու համար, մարդն ինչքան էլ վատը լինի, նույնիսկ թշնամիդ լինի, բայց եթե նա սկզբունքային է, հարգում ես, սկզբունքն ու համակարգը ըստ ձեւակերպման կայուն են ժամանակի ու հանգամանքների նկատմամբ, բայց դրանք ինքնանպատակ չպետք է լինեն, դրանք դաստիարակվում են ու ռազմավարական տեսակետից օգտակար պետք է լինեն մարդու ու պետության համար: Կարճ ասած՝ համակարգային պետություն ունենալու համար պետությունն իր քաղաքացիների մեջ պետք է դաստիարակի խստագույն սկզբունքայնություն, որը ազգային սրբության նման մի բան է, եթե նույնիսկ հավես չունես կամ այդքան էլ կարեւոր չի կամ այլ լիքը արդարացումներ ու դրա համար քաղաքացին անսահման պետք է հարգի ու վստահի իր պետությանը, որպեսզի այդ դաժան դաստիարակությունն անցնի ծնված օրվանից թեթեւ ու արդյունավետ: Սկզբունքայնությունը ազնվական մարդու գլխավոր հատկանիշն է, իսկ համակարգայնությունը՝ ազնվական պետության:

  4. John Semerdjian says:

    1. ԱՄՆ-ում կաշառակեր դատավոր այնքան կա, ինչքան Հայաստանում անկաշառ:
    2.Սկզբում օբյեկտն է, հետո վերբերմունքը դրա նկատմամբ:
    100 տարի էլ հարգես կաշառակեր դատավորին, նա միեւնույնն է՝ անաչառ չի դառնա:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930