Գրքի Երևանյան 3-րդ փառատոնի շրջանակներում Արտակ Ալեքսանյանը ներկայացրեց, թե ինչպես կարելի է ստեղծել հաջողակ հրատարակչություն և որոնք են լսարանի ուշադրությունը գրավելու կարևոր կանոնները։
Ինչպես բիզնես սկսելիս, առաջին քայլը պիտի լինի շուկայի ուսումնասիրությունը։ Newmag հրատարակչական ծրագրի ղեկավարի խոսքով՝ իրենք ուսումնասիրել են գրախանութների գրադարակները, հասկացել են՝ ինչն է պակասում, հետո միայն որոշել են թարգմանել non-fiction (ոչ գեղարվեստական) ժանրի լավագույն համաշխարհային բեսթսելլերներ։
«Երբ դու հասկանում ես, որ քո գիրքը պետք է վաճառվի, քո ամբողջ փիլիսոփայությունը փոխվում է»,- բացատրում է Ա․ Ալեքսանյանը։
Հաջողված ու սիրված գրքեր հրատարակելու համար պետք է ուշադրություն դարձնել գրքի կազմին, չափին, էջերի դիզայնին և այլ կարևոր հանգամանքների։
Կարդացեք նաև
«Գրքի դիզայնը գրքի հաջողության 50 տոկոսն է, չաշխատել գրքի դիզայնի վրա նշանակում է այն դատապարտել անհաջողության»,- ասում է հրատարակիչը։
Օրինակ՝ եթե գրքի կազմը հաստ է, ուրեմն այն պատրաստ է երկար ծառայել։ Առաջին էջում տառերը մեծ չափի են գրում, քանի որ մարդիկ լույս տեսնող գրքի հետ ծանոթանում են ոչ թե գրախանութներում, այլ իրենց սոցցանցերում։ Պետք է վերնագիրը մեծ լինի, որպեսզի հեռախոսի փոքր էկրանից էլ տեսանելի ու տպավորիչ դառնա։ Հիշվելու համար նաև կարևորում են կազմի գույնը։ Ա․ Ալեքսանյանի պնդմամբ՝ ընթերցողը պետք է գույնից ճանաչի գիրքը։ Իսկ գրքերի միևնույն չափի լինելը ընթերցողներին օգնում է դրանք գեղեցիկ ու համաչափ դասավորել գրադարակում։
«Երբ տպում ես գիրք, դու պիտի բացատրես՝ ինչի համար է դա պետք ընթերցողին․ ամբողջ աշխարհում է այսպես»,- բացատրում է լրագրողն ու հավելում, որ կարևոր է հարմար պահ ընտրել նոր լույս տեսնող գիրքը ներկայացնելու համար։
Եթե դա քաղաքական գիրք է, պետք է ընթերցողին հանձնել, երբ այդ քաղաքական գործիչը սկանդալի կենտրոնում է, երբ մարդիկ հեռուստատեսությամբ նրա անունը հաճախ են լսում։ Սա ևս նպաստում է, որ գիրքը սպասված ու ճանաչված լինի։
«Մեր փորձը ցույց է տալիս, որ բոլոր այն գրքերը , որոնք արտասահմանում ունեցել են հաջողություն, ադապտացիայի դեպքում կրկնում են այդ հաջողությունը»,- ասում է Արտակ Ալեքսանյանը։ Այդ պատճառով գրքի շապիկի նկարը կամ տառատեսակը հաճախ նույնն են թողնում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին մեկնարկեց Գրքի երևանյան ամենամյա փառատոնը։ Երեք օր շարունակ Հայ բարեգործական ընդհանուր միության ցուցասրահում հրատարակչությունները ներկայացնելու են իրենց գրքերը, վաճառելու են դրանք զեղչերով։ Նախատեսված են մի շարք ծրագրեր՝ գրքի շնորհանդեսներից մինչև քննարկումներ ու համերգներ։
Միլենա ՄՈՎՍԵՍՅԱՆ