Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորված ՃՈ պետի տեղակալի գործից. 1.7 միլիարդի պայմանագիր՝ 3 տարում

Նոյեմբեր 22,2019 22:22

Երեկ կալանավորվեց ՀՀ ՃՈ պետի տեղակալ Արթուր Տոնոյանը։ Հայաստանի հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Տոնոյանը «չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, համաձայնեցված գործողություններով սահմանափակել է ՀՀ ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի մատակարարման հնարավորություն ունեցող մասնավոր ընկերությունների միջեւ մրցակցությունը, կատարել նպատակաուղղված գործողություններ ընկերություններից մեկի մուտքը ՀՀ շուկա խոչընդոտելու ուղղությամբ` այդ կերպ ապահովելով երկրորդ ընկերության մենաշնորհային դիրքը ՀՀ շուկայում եւ նպաստելով վերջինիս կողմից սահմանված խտրական գները պահպանելուն»։

Ոստիկանությունում հաշվառման համարանիշերի գնման գործընթացներն այս տարի ուսումնասիրել էր Պետական վերահսկողության ծառայությունը։  Այս տարվա հուլիսի 19-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Ուսումնասիրության ենթակա ոլորտն ընդգրկել է հաշվառման համարանիշերի գնման գործընթացների, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության եւ «Բիլլ Սթոուն» ՍՊԸ-ի միջեւ կատարված գործարքների օրինականությունը եւ արդյունավետությունը։

Ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել են համապատասխան տեղեկանքով եւ ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հարուցվել է քրեական գործ: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 310–րդ (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հոդվածների հատկանիշներով»։

ՊՎԾ հաշվետվության մեջ ներառված «Բիլլ Սթոուն» ՍՊԸ-ն հանրային գնումների մրցույթների ակտիվ մասնակից է։ Վերջին 3 տարիներին ընկերության կնքած պայմանագրերի գերակշիռ մասը հենց ՀՀ ոստիկանության հետ է։ Այս ընկերությունը 2017-2019 թվականներին պետական գնումներում հաղթել եւ 16 պայմանագիր է կնքել, որից 12-ն՝ ոստիկանության հետ, 3-ը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ, 1-ը՝ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ: Վերջինիս հետ պայմանագիրը կնքվել է այս տարվա հոկտեմբերին:

 

Իսկ պետական գնումների մոնիթորինգ իրականացնող Tender-Monitoring կայքի համաձայն, «Բիլլ Սթոուն» ՍՊԸ –ն 2017-2019 թվականներին ոստիկանության հայտարարած հանրային մրցույթների արդյունքում ընդհանուր 1 միլիարդ 782 միլիոն 86 հազար դրամի պայմանագրեր է կնքել։ Նշված տարիներին կնքված պայմանագրերի 99.77%-ը ՀՀ ոստիկանության հետ են։

«Բիլլ Սթոուն» ՍՊԸ-ին է անդրադարձել նաեւ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, որի 2017 թվականի զեկույցում նշված է.«Պետհամարանիշների ձեռքբերման միակ հաղթողը «Բիլլ Սթոուն» ՍՊԸ-ն է, այդ իսկ պատճառով կենտրոնացվածությունը 100 տոկոս է այս ենթաուղղությունում: Պատվիրատուն ոստիկանությունն է»։

Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգի, «Բիլլ Սթոուն»-ը Հայաստանում 2005 թվականից հիմնադրված՝ 50 հազար կանոնադրական կապիտալով ընկերություն է։ Բաժնետերերն են Շվեյցարիայում գրանցված «Ատլաս ինտերնացիոնալ հոլդինգ AG» ընկերությունը (70%) եւ Հայաստանում գրանցված «Արտ-Լար ֆինանս ընդ ըքաունթինգ» ՍՊԸ-ն (30%)։

«Արտ-Լար ֆինանս ընդ ըքաունթինգ» ՍՊԸ-ի բաժնետերերն են «Ատլաս ինտերնացիոնալ հոլդինգ AG»-ն (48%) եւ Լարիսա Անանյանը (52%)։ Անանյանի ամուսինը՝ Արման Վարոսյանն այս նույն ընկերությունում ավելի վաղ դադարեցրել է իր մասնակցությունը:

«Ատլաս»-ի կայքում նշված է, որ ընկերությունը աշխատում է Հայաստանում եւ որպես կոնտակտային ընկերություն նշված է «Բիլլ Սթոուն»-ը։

Aravot.am-ի տեղեկություններով, ճանապարհային ոստիկանության՝ տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի մատակարարման գնման գործընթացում իր մասնակցությունը խոչընդոտելու առնչությամբ բողոք է ներկայացրել ռուս գործարար:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930