Լրահոս
Օրվա լրահոսը

«Նպատակ ունենք անել այնպես, որպեսզի կուսակցությունները մեկ՝ հարուստ մարդուց կախում չունենան». Համազասպ Դանիելյան

Նոյեմբեր 22,2019 20:33

«Նպատակ ունենք անել այնպես, որպեսզի կուսակցությունները մեկ՝ հարուստ մարդուց կախում չունենան»,-«Հոդված 3» ակումբում հրավիրված «Կուսակցությունների մասին» օրենք. ի՞նչ է սպասվում կուսակցական համակարգին» թեմայով քննարկմանը հայտարարեց օրենսդրական փոփոխությունների աշխատանքային խմբի համակարգող, «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը: Պատգամավորը սա առանցքային քայլ համարեց բիզնեսի և քաղաքականության առանձնացման, կոռուպցիայի դեմ պայքարի և մի շարք այլ հարցերում: Այնուհետև տեղեկացրեց, որ հայեցակարգի շրջանակներում ունեն կոնսենսուս. «Կարծում ենք դեկտեմբերին առավել ակտիվ աշխատանքներ կսկսենք իրականացնել: Ինչ վերաբերում է արտասահմանյան ներդրումներին, ապա այժմ էլ արգելք կա, սակայն չի գործում, և վերահսկողության մեխանիզմը բավարար ներդրված չէ, սա էլ է վերանայվում»:

Օրենսդրական փոփոխությունների աշխատանքային խմբի անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը վստահեցրեց՝ այն, ինչ կատարվում է հիմա, լուրջ ազդեցություն է ունենալու հետագայում ընտրությունների ու առհասարակ ամբողջ քաղաքական դաշտի վրա: Հետո էլ նկատեց. «Օրենքները չեն գործել, քանի որ որևիցե սանկցիա չկա, կամ կասեցվում է կուսակցության գործունեությունը, կամ ավելի վատ դեպքերում՝ արգելվում է: Այնուամենայնիվ, կուսակցության բոլոր ներդրումները պետք է լինեն բացարձակ թափանցիկ»:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Խաչիկ Հարությունյանը նկատեց՝ գուցե աբսուրդային բան է ասում, բայց այս օրենքը Սահմանադրությունից ավելի կարևոր է. «Պառլամենտարիզմի ճանապարհ բռնած երկրի համար կուսակցությունների մասին օրենքը սահմանադրությունից ավելի կարևոր է: Կուսակցությունների մեծամասնությունը ինստիտուցիոնալիզացված չեն: Առաջին հերթին կուսակցությունների ֆինանսական հնարավորությունների հավասարեցումն է: Հավասարեցնենք մեկնարկային հնարավորությունները բոլոր կուսակցությունների միջև: Բնականաբար, բացարձակ հավասարություն չի կարող լինել, բայց որքանով հնարավոր է: Մյուսը կուսակցությունների հանդեպ թափանցիկության, հաշվետվողականության, վերահսկողական մեխանիզմների ամրապնդումն է: Այս երկուսից բխում է նաև երրորդը. կուսակցությունների՝ հանրային վստահության մակարդակի բարձրացումն է և քաղաքացիների հետ կապի ամրապնդումը: Եվ չորրորդը ապօրինի ֆինանսների մուտքի բացառումն է ֆինանսական դաշտ: Դա կարող է օլիգարխի կողմից ֆինանսավորում սրսկելու փորձ լինել, այլ երկրից որևէ կուսակցության ֆինանսավորելու փորձ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Հոդված 3» ակումբի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930