«Երբ անհեթեթությունը կրկնվում է պարբերաբար եւ դեմքի լրջագույն արտահայտությամբ, դրանից իդիոտիզմը հաստատ ճշմարիտ եւ հավաստի չի դառնում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, մամուլում հրապարակում կար, որ չնայած ԲՀԿ-ն պաշտոնապես մերժել է «Վերնատան» առաջարկն ու չի մասնակցել վերջիններիս հավաքին, Գագիկ Ծառուկյանն, այդուհանդերձ, «Վերնատան» կորիզին տեղեկություն է ուղարկել, որ աջակցում են իրենց։ Ի դեպ, նույն աղբյուրի համաձայն, Ծառուկյանը պարբերաբար Նիկոլ Փաշինյանին եւս նմանօրինակ հավաստիացումներ է տալիս։
«Բարգավաճ Հայաստանը» ինքնաբավ քաղաքական ուժ է, մենք ունենք մեր սեփական օրակարգը, մեր ծրագրերը եւ որեւէ այլ օրակարգի միանալ, կամ սպասարկել որեւէ այլ օրակարգ չենք պատրաստվում։ Ինչ-որ անում ենք, անում եւ ասում ենք հրապարակային եւ որեւէ մեկին քաղաքական «քսիֆ» ուղարկելու անհրաժեշտություն եւս չունենք։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ որքան աճում է Ծառուկյանի ու ԲՀԿ-ի վարկանիշը, ուղիղ պրոգրեսիայով նույնքան աճում է ոմանց անհանգստությունն ու զարկերակային ճնշումը»,- ասաց մեր զրուցակիցը`հավելելով, որ Գագիկ Ծառուկյանը քանիցս անդրադարձել է նմանօրինակ հարցերին, սակայն «քաղաքական ինտրիգին կշիռ հաղորդելու համար, հասկանալի է, որ մեր որոշ գործընկերներ, անպայման, պիտի շահարկեն ԲՀԿ-ի անունը, որպեսզի իրենց ինտրիգի «դոզան» բարձր լինի»։
«Այնպես որ, ինչպես ասվում է այլեւս դասական դարձած տեքստում՝ հանգիստ նստեք տեղներդ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից: