Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդքան տուժողներ են վնասվածք ստացել, բայց Լեւոն Երանոսյանի դեմքից ժպիտը չի վերանում». Դատավորը Լեւոն Երանոսյանին ժպտալու համար դիտողություն արեց

Նոյեմբեր 22,2019 19:15

Այսօր նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով դատական նիստի ժամանակ Լեւոն Երանոսյանը չէր կարողանում զսպել իր ծիծաղը:

Հիշեցնենք՝ նա մեղադրվում է 2018թ.-ին 2 դեպքով «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ  կիրառելու եւ այդ կերպ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար: Մասնավորապես, ըստ առաջադրված մեղադրանքի` Լևոն Երանոսյանը, չունենալով հատուկ միջոցառումների իրականացման միջոց հանդիսացող «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ ստանալու և անձամբ գործադրելու լիազորություն, դրանց կիրառման համար թույլատրելի չափանիշների խախտմամբ, այն է՝ չպահպանելով մարդկանցից առնվազն 2,5 մետր հեռավորությունը, 2018 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում,  Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում անցկացվող բողոքի զանգվածային ակցիայի ժամանակ գործադրել է 4 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակ, ինչի հետևանքով ցույցի մասնակիցներից ավելի քան 40 հոգի ստացել են տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր և միջին ծանրության մարմնական վնասվածքներ:Բացի այդ, 2018 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արցախի պողոտայում անցկացվող բողոքի զանգվածային ակցիայի ժամանակ Լևոն Երանոսյանը ցուցարարների նկատմամբ գործադրել է 4 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով ցույցի մասնակիցներից ևս 6–ը ստացել են մարմնական վնասվածքներ:

Դատական նիստի ժամանակ տուժողի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը, վրդովվելով, որ Լեւոն Երանոսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե ինքը արդար մարդ է ու արդարացվելու է, ասաց. «Այստեղ Եվրոպական կոնվենցիայի խնդիր էլ կա, մասնավորապես, խախտվել է հավաքների ազատության իրավունքը: Ինչքան այս դատական նիստերը ձգձգվում են, մենք տենում ենք ամբաստանյալ Երանոսյանի հայտարարությունները, որ արդար է ու պետք է արդարացվի: Մենք չենք տեսնում, որ այս դատական գործն առաջ է գնում: Պետք է արագ լինի, գոնե ամեն շաբաթ նիստեր լինեն»:

Դատավոր Հարություն Մանուկյանը չհամաձայնեց,որ նիստերը շատ ուշ-ուշ են նշանակվում, նա ասաց, որ դատարանը գերծանրաբեռնված է. «Յուրաքանչյուր շաբաթ նիստ նշանակելը դատարանը այս պահին իրատեսական չի համարում»: Լեւոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Ստեփանյանն ասաց, որ Լեւոն Երանոսյանի գույքի, անձնական տեղափոխման հետ կապված սահմանափակումներ կան, ուստի իրենք ավելի շահագրգռված են, որ դատավարությունը շուտ ավարտվի: Ինչ վերաբերում է Ղարագյոզյանի ասածին՝ Ստեփանյանը հակադարձեց. «Էդ ի՞նչ ասելու բան է, այսինքն, Լեւոն Երանոսյանը հայտարարի, որ մեղավոր է, որ դատական նիստերը շուտ ընթանա՞ն»:

Ղարագյոզյանն ասաց. «Տուժող կողմի մոտ այն դիրքորոշումն է, որ Լեւոն Երանոսյանն իրեն արդարացվածի կարգավիճակ է ձեռք բերել եւ ի վերջո այդքան տուժողներ են վնասվածք ստացել, բայց Լեւոն Երանոսյանի դեմքից ժպիտը չի վերանում»:

Սա լսելուն պես Լեւոն Երանոսյանը սկսեց ավելի շատ ժպտալ: Դատավորն արձագանքեց. «Երանոսյան, ժպիտի անհրաժեշտություն չկա,որեւէ էմոցիայի անհրաժեշտություն առհասարակ չկա»:

Դատական նիստը հետաձգվեց, քանի որ համապատասխան տեխնիկա չկար, որ ուսումնասիրեին տեսանյութեր: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 15-ին, ժամը 16-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930