«Աշխատավարձ չստացող, հանուն հանրության, պետության կայացման, համազգային խնդիրների լուծման՝ 45 բավական կարող, մեծ փորձ ունեցող մտավորականներ, նախկին պետական գործիչներ հավաքվել են ու անվճար խորհուրդ են տալիս իշխանություններին։ Եվ դրանից հետո հանկարծ մեղադրում են Հանրային խորհրդին, որ ավելորդ ծախսեր է նստում պետության վրա։ Պատկերացրեք աբսուրդը». լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրային խորհրդի անդամ, Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը։
Արշակ Սադոյանի պնդմամբ, թե նախկին իշխանականները, թե ներկայիս գործիչները ուղղակիորեն անտեսում են Հանրային խորհրդի առաջարկներն ու խորհուրդները։
Մի քանի օրինակ մեջբերելով` Սադոյանը նշեց, որ դրանք բոլորն էլ բարձրաձայնվել են մինչև վարչապետի աշխատակազմ, բայց երբևիցե արձագանք չեն ստացել նույնիսկ նախարարների կողմից։ Առաջարկներից մեկը վերաբերում է սփյուռքում բնակվող երեխաների մայրենի լեզվին տիրապետելու ընդունակությունների պահպանմանն ու դրա դերի առաջնայնությանը։
Նրա կարծիքով` Երևանի մի քանի մանկապարտեզում՝ երեխաների խաղասրահում, կարելի է տեղադրել տեսանկարահանող սարքեր, նաև էկրան, համացանցով հեռարձակել մեկ այլ երկրում բնակվող հայ փոքրիկի, որը կկարողանա Հայաստանում բնակվող իր տարիքակից երեխայի հետ խաղալ և շփվել մայրենի լեզվով։ Նախարարությունը գաղափարին հավանություն չի տվել՝ հակադարձելով օրենքն արգելում է դա․ տեսանկարահանումները կարող են մանկապիղծների ձեռքն ընկնել, ու երեխաները կարող են շահագործման մատնվել նրանց կողմից: «Երբ մենք պատասխանեցինք, որ մարսելցի երեխան նախօրոք գրանցվում է այս ինչ մանկապարտեզում, նրան կոդ է տրվում, որ միայն ինքն իրավունք ունի օգտագործելու, ոչ թե հարևանի երեխան, և ոչ մի խնդիր չկա մանկապիղծի ձեռքն ընկնելու, մենք այդպես էլ պատասխան չստացանք»․- հավելեց Արշակ Սադոյանը։
Կարդացեք նաև
Հարցին, թե ինչպես է վերաբերում Վազգեն Մանուկյանի հրաժարականին Արշակ Սադոյանը պատասխանեց, որ իր կարծիքով Մանուկյանը կազմակերպչական մեծ ունակություններ ունեցող անհատ է, բայց, եթե նա առանց ներքին մղվածության է վերաբերում գործին, ուրեմն դա հաջողությամբ չի ավարտվի․ «Շատերը չեն հասկանում, որ և՛ Ազգային ժողովի պատգամավորը, և՛ Հանրային խորհրդի անդամը, և քաղաքական գործունեությամբ զբաղվող կառավարության անդամները պարտավոր են լինել ոչ թե նեղ մասնագետներ, այլ էնցիկլոպեդիստի գիտելիքներ ունեցող անձնավորություններ»․- ասաց Արշակ Սադոյանը։
Անդրադառնալով Հանրային խորհրդի շուրջ ծավալվող թեմաներին, հատկապես այն լուծարելու հարցին՝ Սադոյանն ասաց, որ քանի դեռ երկրի սահմանադրությունը չի փոխվել, ոչ ոք չի կարող խոսել խորհրդի լուծարման մասին․ Հանրային խորհուրդը սահմանադրական մարմին է։
Խոսելով դատաիրավական համակարգից՝ նախկին պատգամավորը շեշտեց, որ դատական իշխանությունը բացարձակապես չի պատկանում ժողովրդին․ «Դատաիրավական համակարգի ամբողջական փոփոխման համար պետք է Հայաստանում մտցնել երդվյալ ատենակալների ինստիտուտ։ Ժողովրդի կողմից ընտրված 1000 երդվյալ ատենակալների ցուցակ կազմել և դրանով բոլոր կարևորագույն բարդ դատական գործերը լուծել։ Ասում են, պարոն Սադոյան, դա թանկ է նստում»։
Մարիամ ԱՎԱՆԵՍՅԱՆ