Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դաշնակցական երիտասարդները ԿԳՄՍ նախարարին հրապարակային հանդիպման առաջարկ արեցին. նստացույցը դադարեցված է

Նոյեմբեր 22,2019 19:03

ԿԳՄՍ նախարարության շենքի առաջ կայացավ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող նախաձեռնվող խմբի մամուլի ասուլիսը:15-րդ օրն է շարունակվում է դաշնակցական երիտասարդների նստացույցը, եւ նրանք քնապարկերով շարունակում են գիշերել նախարարության շենքի մոտ:

Ջերմաստիճանը` -3:

Մի քանի օր առաջ երիտասարդների բերած վառարանը ոստիկանությունը հեռացրել է, քանի որ քաղաքապետարանից հատուկ թույլտվություն չունեին:

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյանն ասաց, որ բազմաթիվ փորձեր են արվեցին նեղացնելու իրենց պահանջը, իբր այն կապված է միայն բուհական ծրագրերի, ֆինանսավորումների հետ, մինչդեռ, նրա խոսքերով, իրենց պահանջը ձեւակերպվել է` հաշվի առնվելով ԿԳՄՍ նախարարության մեկուկես տարվա քաղաքականությունը եւ ԿԳՄՍ նախարարության այն կոսմետիկ փոփոխությունները, որոնք վերածվել են հայագիտական բլոկի դեմ պայքարի բուհերում եւ դպրոցում:

«Իրեն հեղափոխական հռչակած իշխանությունը քայլ չի կատարել ոլորտում առկա խնդիրները լուծելու համար, չի անդրադարձել խորքային խնդիրների»,-ասաց Քրիստինե Վարդանյանը: Նա անդրադարձավ նաեւ դպրոցում Հայ եկեղեցու պատմություն առարկան հանելուն եւ իր ձեւակերպմամբ, նեղ խմբի ճաշակը սպասարկող միջոցառումներին ֆինանսավորում հատկացնելուն:

ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանը հիշեցրեց, որ իրենց գործողությունները սկսել են նոյեմբերի 6-ին` արկղեր բերելով, որ նախարարն իրերը հավաքի, սակայն իրենց ցույցին հետեւել է Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը, որով, երիտասարդի խոսքերով, նախարարը վիրավորել է ԿԳՄՍ նախարարության դաշնակցական աշխատակիցներին:

«Նախարարի կարծիքով, ինքը միայն իր գաղափարակիցների նախարարն է, իսկ մենք այդպես չենք կարծում»,-ասաց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամը: Ապա` հիշեցրեց, որ 21 երկրների դաշնակցականներ անդրադարձել են նախարարի «ներսի» եւ «դրսի» դաշնակցականներ արտահայտությանը:

Անդրադարձավ նաեւ նախարարի Բրյուսելում արած այն հայտարարությանը, որ դաշնակցականների իշխանության օրոք են տեղի ունեցել մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը, եւ կոռուպցիան դաշնակցական նախարարի օրոք է տեղի ունեցել, երբ ՀՅԴ Բելգիայի երիտասարդական միության ներկայացուցիչները նրան դիմավորել են «Արայիկ, հեռացիր» կոչերով: «Միայն այս փաստը վկայում է, որ պատմություն առարկան պետք է պարտադիր լինի բուհերում»: Երիտասարդները կոչ արեցին խորհրդարանական կուսակցություններին երկրի թիվ 1 ամբիոնից եւս անդրադառնալ ԿԳՄՍ նախարարության վարած քաղաքականությանը:

Քրիստինե Վարդանյանը ասաց, որ ցանկանում են, որ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակի իր քաղաքականությունը եւ առաջնահերթությունները, որոնցով առաջնորդվում է, պահանջում են, որ հայագիտական բլոկի առարկաները պարտադիր բաղադրիչով դասավանդվեն բուհական ծրագրում, իսկ դպրոցից չհանվի Հայ եկեղեցու պատմություն առարկան: Երիտասարդները հայտնեցին, որ այս պահանջների շուրջ պատրաստ են հրապարակային քննարկում իրականացնել նախարարի հետ, եւ երկուշաբթի օրվանից այլեւս նստացույցի կարիք չկա: Ասացին նաեւ, որ արել են հրապարակային հանդիպման առաջարկ եւ սպասում են դրա իրականացմանը: Իսկ իրենց հետագա քայլերը կախված են լինելու հանդիպման արդյունքներից:

Դաշնակցական երիտասարդները հատուկ ընդգծեցին, որ նախարարի հրաժարականի պահանջը շարունակում է մնալ ուժի մեջ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930