Լրահոս
Օրվա լրահոսը

«Խորհուրդ կտամ կազինո խաղալու թեմաները չգեներացնել, քանի որ թարս վարունգի պատմությունը կա, որը մեկ անգամ աշխատել է». Պետրոս Ղազարյան

Նոյեմբեր 22,2019 16:42

«Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ երբևէ որևէ կազինո Հայաստանում և՛ պաշտոնական, և՛ ոչ պաշտոնական չեմ գնացել: Կյանքումս երևի մեկ անգամ եմ եղել կազինոյում՝ Գոայում, էն էլ գնացել էինք համերգ լսելու»,-Aravot.am-ի հետ զրույցում մամուլում իր մասին տարածված տարբեր լուրերի առիթով հայտարարեց Հանրային հեռուստաընկերության Լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Պետրոս Ղազարյանը:

Նշենք, որ հրապարակումներ կան այն մասին, թե Պետրոս Ղազարյանը շատ է սիրում խաղատներ այցելել, թե դեռևս 2019 թվականի ապրիլին մամուլում լուրեր տարածվեցին, որ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ վարչություն) գլխավոր վարչության աշխատակիցները Երևանի Նար-Դոսի փողոցում ապօրինի գործող խաղատուն են հայտնաբերել, որտեղ եղել է նաև Պետրոս Ղազարյանը, և նրա անունը հետագայում հանվել է ոստիկանների գործողության ընթացքում խաղատանը եղած անձանց ցուցակից: Կամ որ Պետրոս Ղազարյանին հաճախ աշխատանքային ժամերին կարելի է տեսնել Կասկադի հարևանությամբ գործող սրճարաններում նարգիլե ծխելիս: Կամ որ Պետրոս Ղազարյանի համար օլիգարխներից մեկը Audi Q5 մակնիշի 50.000 ԱՄՆ դոլարանոց մեքենա է գնել:

Պետրոս Ղազարյանը մեզ հետ զրույցում այս ամենը լկտի սուտ որակեց ու մանրամասնեց. «Ես Հայաստանում որևէ կազինոյում չեմ եղել, ինձ հետևաբար որևէ ոստիկանությունից չեն ձերբակալել, դեռ մի բան էլ ինչ- որ ցուցակից չեն հանել: Դա լկտի սուտ է, և կարծում եմ շատ հեշտ է ստուգելը: Թող դիմեն ոստիկանություն»:

Անդրադառնալով օլիգարխի՝ թանկարժեք մեքենա նվիրելու մասին լուրերին, Պետրոս Ղազարյանը վստահեցրեց՝ ոչ միայն ավտոմեքենա, այլև երբեք որևէ լումա որևէ օլիգարխից ինքը չի ստացել իր աշխատանքային կարիերայի ողջ ընթացքում. «Դա էլ է լկտի սուտ: Ավելին, երբեմն իմ աշխատածի մի մասը թողել եմ իմ հիմնարկին: Իսկ ավտոմեքենա, իրոք, գնել եմ: Էլի սուտ են գրում. ոչ թե 50.000 դոլարով, այլ 54 հազար դոլարով: Այդ գումարը ես քրտինքով վաստակել եմ և ամեն հազար դոլար ինձ համար կարևոր է: Իրենք իհարկե չեն գրել, որ դրանից առաջ ես իմ երկու ավտոմեքենան վաճառել եմ և այդ գումարով գնել մեկ ավտոմեքենա, քանի որ երկու ավտոմեքենա պահելն արդեն մի քիչ թանկ է: Ես ուզում եմ ասել, որ այդ մարդիկ չեն սիրում իրենց հայրենիքը, շրջապատը, չեն սիրում այն մարդկանց, ում հետ այս քաղաքում ապրում են: Հարցն այն չէ, որ սուտ են գրում Պետրոս Ղազարյանի մասին. ամեն օր էլ մեկի մասին սուտ են գրում, հարցն այն է, որ իրենք հասարակությանը մոլորեցնում են: Իրենք ուզում են խաբել այն մարդկանց, ում կողքին ապրում են: Իրենց ծնողներին, հարազատներին էլ են խաբում, քանի որ իրենց այդ նյութերը կարդում են նաև իրենց հարազատները»:

Պետրոս Ղազարյանի կարծիքով՝ նման նյութեր գրողները չեն պատկերացնում, որ մարդ կարող է քսան տարի աշխատել, գումար վաստակել իր քրտինքով և ավտոմեքենա գնել:

Պետրոս Ղազարյանը նման բաներ գրողներին և իր ձևակերպմամբ՝ նրանց ֆինանսավորողներին խորհուրդ տվեց կազինո խաղալու թեմաները չգեներացնել, քանի որ թարս վարունգի պատմությունը կա, որը մեկ անգամ աշխատել է. «Թող իրենք կազինոների մասին ընդհանրապես չխոսեն և որևէ մեկին կազինո գնալու մեջ չմեղադրեն: Կարող է իրենց փողերը կտրեն դրա համար»:

Աշխատանքային ժամին սրճարանում նարգիլե ծխելու մեղադրանքներին ի պատասխան Պետրոս Ղազարյանը փոխանցեց. «Դա աշխատանքային ժամին չէ. իմ ընդմիջման ժամին է, ես միայն նարգիլե չեմ ծխել, սիգարետ էլ եմ ծխել, սուրճ էլ եմ խմել, խնձորով շտրուդել եմ կերել, լավ եմ արել, այդ շտրուդելից վաղն էլ եմ ուտելու, թող գրեն: Իմիջիայլոց, ոչ թե էսպրեսո եմ խմել, այլ դաբլ էսպրեսո»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Երէկ մի տեսանիւթ դիտեցի «Ազատութիւնով»՝ 93-ամեայ միայնակ ծերերին, որ Վանաձորի տնակներում են ապրում, զրկել են 18000 (ՏԱՌԵՐՈՎ՝ տասնութ հազար) դրամ նպաստից: Ցնցուած էի: Լացակումած գնացի քնեցի: Ու հիմա էս լուրն եմ կարդում:
    Տեսնես, այսքան սոցիալապէս անարդար երկիր էլի կա՞յ: Ճշմարիտ եմ ասում՝ դատարկուելու էք: Օրը ցերեկով ճրագը ձեռքներիդ Հայաստանի փողոցներում (հայ) մարդ էք փնտրելու ու չէք գտնելու:

    54000$-անոց աւտոն որտե՞ղ պիտի քշես: Ախր երկրումդ ասֆալտ չկայ, աւտոկայանատեղիներ չկան, զբօսաշրջային ենթակառուցուածքներ չկան:
    Ես երբեք դէմ չեմ քո ունեցուածքին: Հարստացիր՝ ինչքան ուզում ես: Բայց ես ՉԵՄ ՀԱՒԱՏՈՒՄ, որ դա արդար քրտինքով ես վաստակել: Ձեր վարչապետն ասում է. «Հայաստանը տաղանդների երկիր է»: ԿԱՏԱՐԵԱԼ ՍՈՒՏ Է: Հայաստանը միշտ եղել է ու է տաղանդների «գերեզմանոց»: Եթէ այս երկիրը մարդու գիտելիքն ու տաղանդը գնահատէր, դու, որ հայերէն 1 նախադասութիւնում 10 սխալ ես անում, այսօր Հ1-ում լրագրող չէիր լինի:

    Իսկ կնոջդ նախարարութի՞ւնը … ձմռան շեմին՝ 18.000 դրամ … աւտոյիդ բենզինի միանգամեայ լցնելու գինն է (եթէ իհարկէ գազ չես դրել):

    Յ.Գ. Տարիներն անցնում են, ու տարին տարուայ վրայ հիանում եմ մեր գերմանացիների ու շվեյցարացիների համեստ ու ժուժկալ ապրելակերպով, թէէւ շատ հարուստ ենք: Մեզ մօտ սոված ու ձմռանը մրսող մարդ չկայ: Որովհետեւ սոցիալական պետութիւն ենք: Ու ի սրտէ ուզում եմ ասեմ՝ Աստուած օրհնի Գերմանիան ու Շվեյցարիան:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930