Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստամբուլյան կոնվենցիա». այնքան էլ սարսափելի չէ՞ սատանան․․․

Նոյեմբեր 22,2019 16:50

2018 թվականի հունվարին Եվրոպայի Խորհրդում Հայաստանի ներկայացուցիչը ստորագրել է «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի այսպես կոչված «Ստամբուլյան» կոնվենցիան: Ուժի մեջ մտնելու համար այդ փաստաթուղթը պետք է վավերացվի երկրի գործող իշխանությունների կողմից։ Սակայն այդ գործընթացն անցնում է ոչ այնքան հարթ, այն ուժեղ տարաձայնությունների առարկա է դարձել հայ հասարակության մեջ։

«Առավոտ»-ի զրուցակիցն է բժիշկ-հոգեբույժ, Մոսկվայի քաղաքային հոգեէնդոկրինոլիգիական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Մաթևոսյանը:

Ի՞նչ եք մտածում Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու առաջարկի առնչությամբ հայ հասարակության մեջ տեղի ունեցող գործընթացների մասին։

 Այս թեման հայկական, ինչպես և շատ այլ հասարակություններում արդիական է, առավել ևս, եթե ընդունված են արական և իգական սեռի վերաբերյալ այնպիսի բևեռացված հասկացություններ, ինչպիսիք են դրանք Հայաստանում. որ տղամարդը պետք է լինի ուժեղ, կոպիտ և այլն, իսկ կինը ՝ խոնարհ, լուռ և այլն: Նման ընտանիքներում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ բռնության դեմ բողոք հայտնելն ինքնին հանցավոր է համարվում: Սա, հավանաբար, ցանկացած հայրապետական հասարակության հատկանիշ է ։

– Բայց չէ որ վավերացման հակառակորդներին մտահոգում են ոչ միայն կանանց նկատմամբ բռնության կանխարգելման հարցերը։ Մենք տեսնում ենք սուր քննարկումներ նաև այլ խնդիրների վերաբերյալ։ Ըստ Ձեզ ՝ ի՞նչն է շփոթեցնում մարդկանց։

– Որքանով ես եմ տեսնում, որոշ մարդկանց մոտ, մասնավորապես, անտեղյակների միջավայրում տագնապ են առաջացնում «գենդեր», «գենդերային ինքնություն», «գենդերային հատկանիշ» տերմինները, որոնք օգտագործվել են կոնվենցիայում: Մարդիկ սկսում են անհանգստանալ. իսկ ինչ է գենդերը, եւ արդյոք խոսքը այլ սեռերի մասին չէ, բացի արականից եւ իգականից: Իրականում գոյություն ունի ենթամշակույթ, որում մտցվում են նոր սահմանումներ ՝ ագենդեր (առանց սեռի), բիգենդեր (երկսեռ) ՝ դա փոքրաթիվ մարդիկ են, ովքեր հայտարարում են, որ չեն պատկանում երկու սեռերից ոչ մեկին ։ Բացի այդ, կան շատ հազվադեպ դեպքեր, որոնք կոչվում են տրանսսեքսուալություն կամ տրանսգենդերություն: Շատ հաճախ նման մարդկանց օգնությունը բժշկական ոլորտում է: Միջոցներից մեկը սեռի փոփոխությունն է, ինչը բացառապես բուժական մեթոդ է, որի նպատակն է օգնել մարդուն սոցիալ-հոգեբանական ադապտացման առումով: Դա շատ կարևոր է, քանի որ օգնում է սեռական (գենդերային) նույնականացման խախտմամբ մարդուն ձեռք բերել հոգեկան ներդաշնակություն ։ Նման մարդիկ կան և միշտ եղել են ամբողջ աշխարհում։ Ճիշտ է, որոշ երկրներում նրանց գոյությունը մշակութորեն ավելի հեշտ է ընկալվում: Դա հիջրներն են Հնդկաստանում և Բանգլադեշում, թայական կաթոյները եւ բաչա-բազիները Պակիստանում ու Աֆղանստանում։ Այդ մարդկանց առկայությունն անհանգստություն է առաջացնում որոշ քաղաքացիների մոտ, թեև նրանք ոչ մի կերպ չեն կարող սպառնալ ոչ երեխաներին, ոչ էլ բարոյականությանը։ Նույնը վերաբերում է նաեւ միասեռական մարդկանց, ինչի մասին խոսել ենք անցյալ անգամ:Ճշմարտությունն այն է, որ ժամանակակից աշխարհում, չնայած այն հանգամանքին, որ նման մարդիկ քիչ են, նրանց առկայությունը ստիպում է մտածել այն օրենսդրական լուծումների մասին, որոնք թույլ կտան խուսափել իրենց նկատմամբ կողմնակալությունից եւ բռնությունից:

Կարո՞ղ եք արդյոք բացատրել «սեռ» և «գենդեր» հասկացությունների տարբերությունը ։

– Իսկապես, թյուրիմացությունն ու տագնապը մասամբ պայմանավորված են այդ հասկացությունների բաժանմանն առնչվող հարցերով ։ Որոշ առումներով, դրանք հոմանիշներ են. սեռը բազմամակարդակ հասկացություն է՝ այն կարող է լինել հորմոնալ, գենետիկ, գամետային, մորֆոլոգիական, միջանկյալ: Այնուամենայնիվ, սեռերից մեկի պատկանելությունը որոշվում է մարդու կողմից իր ինքնագիտակցությանը համաձայն, եւ այստեղ խոսքը վերաբերում է ավելի սոցիալական ուղղվածության հասկացությանը՝ գենդերին, հոգեբանա-սոցիալական սեռին: Սեռական ինքնագիտակցության ձեւավորման մեջ կարեւոր են բազմաթիվ գործոններ՝ ֆիզիոլոգիա, հոգեսեռական զարգացում, դաստիարակություն: Եւ կարեւոր է հասկանալ, թե որքան մեծ է բոլոր այդ գործոնների համադրության բազմազանությունը։

– Եվ որքա՞ն։

– Այնքան, որ կարելի է պնդել, որ տղամարդ կամ կին ծնվելու փաստը միանշանակ չի կանխորոշում մարդու սեռը կյանքի ընթացքում։ Սա բժշկական փաստ է ։ Յուրաքանչյուր ոք իր սեռական հատկանիշներով գտնվում է այսպես կոչված «կոնտինիումի» (բովանդակության) որոշակի կետում, եւ մարդկանց բացարձակ մեծամասնությունը չի գտնվում միանշանակ բեւեռներից մեկում. Այսպիսով, վիճակագրորեն, կենսաբանական սեռի երկիմաստությունը նորմ է: Վավերացման հակառակորդների փաստարկներից մեկն այն է, որ Աստվածաշնչում ասվում է՝ յուրաքանչյուր մարդ ծնվում է կամ տղամարդ, կամ կին: Սակայն ժամանակակից գիտությունը զգալի ճշգրտումներ է մտցնում այդ հասկացության մեջ, և մենք չենք կարող շարունակել անտեսել դա։ Կան, օրինակ, դեպքեր, երբ մարդը ծնվում է երկու սեռերի հատկանիշներով: Եւ ապա սեռը որոշվում է ծննդյան ժամանակ բժիշկների եւ ծնողների որոշմամբ, իսկ հետագայում՝ դաստիարակությամբ։

Բերեմ մեկ կլինիկական դիտարկում. մեր կլինիկա էին ուղարկել մի հիվանդի, որը հայտնի մարզուհի էր, հավաքական թիմերից մեկի հարձակվող։ Բժշկական ցուցումներով նա վիրահատվեց, որից հետո նրան անհրաժեշտ էր ընդունել հորմոնալ դեղամիջոցներ։ Սակայն հետազոտության ժամանակ բժիշկները նրա մոտ հայտնաբերել են տղամարդու սաղմնային սեռական օրգաններ, իսկ գենետիկ հետազոտությունը ցույց է տվել, որ նա կենսաբանորեն արու է։ Պարզվեց, որ մանկաբարձների սխալի հետեւանքով նրա սեռը ծնվելիս սահմանվել է որպես կանացի։ Ծնողները նրան դաստիարակել են որպես աղջիկ։ Նրա ակնառու ֆիզիկական տվյալները թույլ են տվել նրան հաջողությամբ զբաղվել սպորտով։ Ամուսնացած չի եղել, խոստովանել է, որ իրեն դուր են գալիս աղջիկները, եւ որ նա ունեցել է միասեռական հարաբերությունների փորձ: Իմանալով մանկաբարձների սխալի մասին ՝ հիվանդը ցնցված էր։ Բժիշկների մոտ էլ առաջացել է սկզբունքային հարց՝ որ սեռի ներկայացուցիչ նա պետք է հարմարվի, եւ ինչ հորմոններ նշանակել նրան վիրահատությունից հետո։ Տղամարդու հորմոնները նրան արտաքնապես կվերածեին տղամարդու, նա պետք է փոխեր իր վարքը, շրջապատը, մասնագիտությունը, իր Եսը, իր ինքնությունը։ Կանացի հորմոնները կթողեին ամեն ինչ ոնց կա, բայց չէ որ նա կենսաբանորեն տղամարդ էր։ Եվ նրա սոցիալ-հոգեբանական սեռը որոշելու համար նրան Էնդոկրինոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտից ուղարկել էին մեր՝  հոգեբույժներիս մոտ։

– Իսկ ի՞նչ եղավ այդ հիվանդի հետ:

– Մեր մանրամասն, բազմակողմանի հետազոտությունը ցույց տվեց, որ չնայած կենսաբանորեն նա արական սեռի էր, սակայն դաստիարակության և զարգացման արդյունքում նրա հոգեկան, սոցիալական սեռը իգական էր։ Եվ նրան հարկավոր էր նշանակել կանանց հորմոններ: Հիվանդը կիսում էր այդ տեսակետը։ Այժմ նա ընդունում է փոքր դոզաներով հորմոններ եւ զգում իրեն երջանիկ եւ առողջ։

Կոնվենցիան ենթադրում է նաև գենդերային բազմազանության այնպիսի դեպքեր, որոնց համար նախատեսվում է անվտանգության երաշխիք։ Իմ օրինակը խոսում է այն մասին, որ հասարակության մեջ մարդու վարքագիծը որոշող հիմնական գործոնը, այդ թվում՝ իրավունքի սուբյեկտ եւ օբյեկտ լինելու նրա ունակությունը, հանդիսանում է նրա հոգեկան սեռը: Ոչ մի այլ սեռական հատկանիշներ (այդ թվում, ձեւաբանական) չեն հանդիսանում սեռական պատկանելությունը որոշելու ցուցիչներ։ Վիճահարույց դեպքերում բոլոր գործոնների եւ, ի վերջո, մարդու սեռի սահմանումը բժիշկների իրավասության առարկա է՝ հոգեբույժների, սեքսոլոգների եւ հոգեբանների:

– Կոնվենցիայի հակառակորդները խոսում են նոր հասկացությունների ներդրման մասին, որոնք «կձևավորեն նոր իրականություն»: Որքանո՞վ եք համաձայն դրան ։

– Պետք է նշեմ, որ այն ամենը, ինչի մասին ես հիմա ասում եմ, – գենդեր, հոգեբանական սեռ, բազմազանություն, կոնտինիում՝ այդ հասկացությունները բոլորովին նոր չեն, այլ վաղուց հայտնի համաշխարհային և հայրենական հոգեբանության, սոցիոլոգիայի, բժշկության ոլորտներում: Հայաստանում համալսարաններում ուսանողներին վաղուց են սովորեցնում, որ կա սոցիալ-հոգեբանական սեռի, այսինքն ՝ գենդերի հասկացություն ։ Մենք այդ հասկացություններն օգտագործում ենք գիտության, կիրառական մասնագիտությունների տիրույթում։ Սակայն պետք է հասկանալ, որ հասարակության մեջ գիտելիքը շարժվում է դանդաղ և միշտ մեկ ուղղությամբ. սկզբում գիտական մակարդակով, որտեղ մեր քննարկած բաներն այլևս որևէ մեկի մոտ հարցեր չեն առաջացնում։

Հաջորդը իրավական մակարդակն է, դա սովորաբար փոքր ինչ հետ է մնում։ Կոնվենցիայի վավերացումը հենց այդ մակարդակի վրա է ։

Հաջորդը հանրային մակարդակն է, որին տեղեկատվությունը շատ ավելի ուշ է հասնում։ Անիմաստ է սպասել, թե երբ հասարակությունը «պատրաստ կլինի», օրենքը նման հարցերում պետք է առաջնություն ունենա։

– Հասարակությանը մտահոգող ևս մեկ ասպեկտ է կոնվենցիայի ազդեցությունը հայկական սովորույթների և ավանդույթների պահպանման վրա: Խնդրում ենք պարզաբանել այս հարցի վերաբերյալ ձեր տեսակետը:

– Պետք է նկատի ունենալ, որ երբ մենք խոսում ենք սովորույթների և ավանդույթների մասին, պետական օրենքը նկատի չունենք։ Ավանդույթները հասարակական սովորությունների չգրված ժողովածու են, որոնք հաստատվել են ժողովրդի եւ պետության գոյության երկար ժամանակահատվածի ընթացքում: Եվ մեր, ժամանակակից մարդկանց խնդիրն է ՝ որոշել այն շրջանակները, որոնցում մենք պատրաստ ենք պահպանել ավանդույթն ու պատմությունը, եւ հանել այն սովորույթները, որոնք խանգարում են առաջընթացին, նվաստացնում են մարդկային արժանապատվությունը, վտանգավոր են կյանքի եւ առողջության համար։ Օրինակ, աֆրիկյան երկրներում կա կանանց հաշմանդամ սարքող ավանդույթ՝ նրանց սեռական օրգանների մի մասի հեռացման վիրահատության ենթարկմամբ։ Կովկասյան որոշ հանրապետություններում մինչ օրս պահպանվում է հրեշավոր սովորույթ՝ հոր կամ եղբոր կողմից դստերը կամ քրոջը սպանելու իրավունքը, եթե նրա կուսությունը հարսանիքից հետո չի հաստատվում։ Մեր մշակույթում կա կանանց նկատմամբ առերեւույթ պակաս տրավմատիկ ավանդույթ ՝ «կարմիր խնձոր»։ Ես կարծում եմ, որ դա կնոջը նվաստացնող սովորություն է, բարոյական եւ ֆիզիկական բռնություն նրա նկատմամբ: Չխոսելով այն մասին, որ այն բացասաբար է ազդում կանանց եւ տղամարդկանց սեռական առողջության վրա, զույգի հետագա սեռական կյանքի վրա, որից կախված է, այդ թվում ծնելիությունը: Այսպիսով, մենք պետք է միշտ հասկանանք, թե կոնկրետ որ ավանդույթների մասին ենք խոսում, դրանցից յուրաքանչյուրը առանձին դիտարկենք։

– Բայց կան այդ պրակտիկան շրջանցելու ընդունված միջոցներ, ուրեմն այդ ավանդույթին, ըստ էության, արդեն չե՞ն հետևում:

 – Իհարկե։ Պահպանում են ոչ թե սովորույթը, այլ դրա արտաքին տեսքը: Կենսաբանական եւ սոցիալական իմաստը, որը ժամանակին հիմնավորում էր ավանդույթը, վաղուց անցել է: Եվ այն պարզապես անիմաստ վերարտադրում են. Դուք իրավացի եք, կուսության պլաստիկ վերականգնումը դրա վառ ապացույցն է ։ Չէ՞ որ «կարմիր խնձոր» ավանդության մեջ երբեմնի կար կենսաբանական իմաստ՝ հայրության վստահություն, ինֆեկցիաների կանխարգելում։ Բայց հիմա մենք այդ նկատառումներով ունենք բժշկություն, անալիզներ, բուժում։ Եվ հարցն այն է, թե ինչն է այսօր հիմնավորում այդ ավանդույթը, արդյոք այն չի պարունակում բացառապես բռնի բաղադրիչ։ Խոսքը սեռերի կամ էթնոսների տարբերությունը լղոզելու մասին չէ ՝ կորցնելով ժողովրդիդ ավանդույթները։ Մենք ՝ որպես ժողովուրդ, իրավունք ունենք ընտրելու, թե մեր ավանդույթներից որոնք են լավը, իմաստավորվածն ու ոչ բռնին։ Ստամբուլի կոնվենցիան թույլ է տալիս դա անել պետական մակարդակով, պարզություն մտցնել մեր կյանքում ՝ համընդհանուր կրթության եւ օրենքի միջոցով ։

– Այս օրինակից մենք կցանկանայինք անցնել կոնվենցիայում հիշատակվող տղամարդու և կնոջ կարծրատիպային դերերին վերաբերող հարցին։ Չէ՞ որ տղամարդու հանդեպ մինչև ամուսնություն կուսության պահպանման ոչ մի պահանջ չի ներկայացվում։ Ինչպե՞ս եք դա հասկանում։

– Հասարակության մեջ ընդունված են տղամարդկանց և կանանց արտաքին տեսքի, վարքագծի կարծրատիպերը, ինչն ինքնին վատ չէ ։ Սակայն կոնվենցիայում խոսվում է այն կարծրատիպերի մասին, որոնք կարող են վնասել երկու սեռի մարդկանց ՝ իրավունքների, կյանքի որակի և այլ առումներով։ Հայերենում «կարծրատիպ» բառը բացասական իմաստ ունի. հնացած, քարացած հայացք, սառած ձև։ Այսինքն, երբ մենք խոսում ենք գենդերային կարծրատիպերը հարցականի տակ դնելու մասին, դրանում ոչ մի վատ բան չկա։ Կարծրատիպերի օրինակներ են՝ «կնոջ տեղը խոհանոցում է», «տղամարդը չպետք է լաց լինի»:

Որպես հոգեբույժ, պետք է ասեմ, որ յուրաքանչյուր անձի համար կարծրատիպերին համապատասխանումը խնդիր է՝ այս կամ այն չափով: Հասարակությունն մարդուն հրահանգում է վարքի խիստ որոշակի մոդելներ, և եթե նա այդ դերին ինչ-որ չափով չի համապատասխանում (պարզ օրինակ ՝ չի սիրում պատրաստել ՝ լինելով կին, կամ շատ է սիրում ՝ լինելով տղամարդ), ապա նա խնդիրներ է ունենում։ Եվ որքան խիստ են կարծրատիպային պահանջները, այնքան ավելի շատ խնդիրներ կարող են լինել, այդ թվում՝ կենսական, կյանքին եւ մահվանն առնչվող:

Բացի այդ, կարծրատիպերը կարող են վտանգավոր ձեւ ընդունել։ Որոշ մշակույթներում ամուսնու կողմից ֆիզիկական բռնության գործադրումը կնոջ նկատմամբ համարվում է ոչ թե բռնություն, այլ սիրո դրսեւորում: Եվ նման մշակույթում դաստիարակված կանայք իրենք չեն ընկալում նման վարքագիծը որպես բռնություն։ Դրա համար էլ անհրաժեշտ է Կոնվենցիան՝ օրենք, որը երաշխավորում է մարդու հիմնարար իրավունքները՝ անկախ տվյալ երկրի մշակութային առանձնահատկություններից։ Կան բաներ, որոնք պետք է արգելվեն օրենքով։ Սակայն կոնվենցիայի հակառակորդները վտանգ են տեսնում որոշ կարծրատիպեր կասկածի տակ դնելու մեջ ։ Նրանց անհանգստացնում է այն ենթադրությունը, որ կոշտ կարծրատիպային շրջանակների բացակայության դեպքում կառաջանան դժվարություններ՝ կապված սեռերի տարբերության հետ ։

– Կարելի՞ է ենթադրել, որ այդ տագնապը կապված է տոհմի շարունակության հարցի հետ:

– Իհարկե։ Բայց կա պարադոքս։ Տեսեք, եթե լսենք այդ մարդկանց, ստացվում է, որ սեռի հասկացությունը շատ խոցելի է եւ փխրուն ։ Եվ դա պարադոքս է, որ մարդկությանը միշտ հաջողվել է և մինչ օրս հաջողվում է բազմանալ: Չնայած այն հանգամանքին, որ կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերերը մշտապես փոխվել են տարբեր դարաշրջաններում և երկրներում. Դեռևս վերջերս տաբատով կինը որոշակի շփոթություն էր առաջացնում մտքերում։ Այժմ մենք չենք դատում մարդու սեռական պատկանելության մասին, դատելով տաբատից:

Այն գաղափարը, որ, օրինակ, տեսնելով տրանսգենդեր մարդու, կարող ենք հանկարծ կորցնել տղամարդու և կնոջ միջև տարբերությունը տեսնելու ունակությունը, ինձ թվում է շատ տարօրինակ, և ինձ մոտ, որպես հոգեբույժի, հարց է առաջանում՝ թե ինչի վրա է հիմնված Ձեր գաղափարը տղամարդու և կնոջ միջև տարբերության մասին: Եվ ինչո՞ւ է այն այդքան փխրուն։

– Չէ՞ որ խոսքը ոչ միայն արտաքին տեսքի, այլև կարծրատիպային պահվածքի մասին է:

– Բնականաբար։ Կարծրատիպին համապատասխան ՝ տղամարդկային վարքը ավելի կոպիտ ու ագրեսիվ է, կանանցը ՝ ավելի մեղմ ։ Սակայն մենք բոլորս գիտենք, որ կան հսկայական քանակությամբ ագրեսիվ կանայք եւ հանգիստ տղամարդիկ։ Այս դաշտում նույնպես նկատվում է continuum։ Ագրեսիան բնորոշ է բոլոր մարդկանց, ինչպես, օրինակ, սեռական գրավչությունը։ Ընդ որում, տարբեր աստիճանի․ կան սեքսով ոչ շատ հետաքրքրված տղամարդիկ, կան նաեւ շատ ակտիվ կանայք։ Համարել, որ սեռական հատկանիշների որոշակի հավաքածուով ծնված մարդը պետք է իրեն պահի միայն այս կերպ, դա ռեդուկցիոնիզմ է, որը հանգեցնում է մեծ անձնական տառապանքների: Օրինակ, եթե տղան բավականաչափ ագրեսիվ չէ, որպեսզի ցանկանա կռվել, բայց նա ստիպված է լինում։

Գոյատեւման համար սեռերի տարբեր վարքագծի կենսաբանական իմաստը շատ վաղուց է կորսվել (բայց պահպանվում է կենդանիների մոտ): Ժամանակակից արդյունաբերական հասարակության մեջ կարիք չկա, որ տղամարդիկ ֆիզիկապես ավելի ուժեղ լինեն։ Մենք այլևս չենք մենամարտում արջերի հետ։ Այլեւս սեռերի միջեւ հատկությունների արմատական բեւեռացման կարիքը չկա, եւ դա ոչ մի կերպ չի անդրադառնում հակառակ սեռի գործընկեր գտնելու եւ բազմանալու մեր ունակության վրա:

 – Ինչո՞ւ են կոնվենցիայում հիշատակվում ոչ ավանդական սեռական կողմնորոշման մարդիկ:

– ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության մասին կոնվենցիան հիշատակում է կրթության համատեքստում՝ առ այն, որ բռնությունը և ճնշումները կարող են տեղի ունենալ ոչ միայն ըստ սեռական պատկանելիության (ճնշում կանանց նկատմամբ), այլ նաև սեռական կողմնորոշման, հավատքի, ազգային պատկանելության և այլ չափանիշներով: Կրթության նպատակն այն է, որ բացառվեն բռնության եւ ճնշումների դրսեւորումները, եւ այստեղ ոչ մի վատ բան չկա ։ Խոսքը այն մասին է, որ ցանկացած կին ՝ կին ծնված կամ իրեն իգական սեռի հետ նույնականացնող, օրինակ ՝ տրանսգենդերային կինը, չպետք է բռնության ենթարկվի գենդերային հիմքով։ Բայց, համաձայնեք, նման բռնությունն ավելի դժվար է կանխել, եթե հասարակությունը բավականաչափ տեղեկացված չէ այդ երևույթների մասին և ընդհանուր առմամբ հակված է ագրեսիվության տարբերվողների նկատմամբ – իսկ դա ցանկացած հասարակության հատկությունն է ։ Այստեղից էլ առաջանում է ուսումնական ծրագրերի անհրաժեշտություն, որոնցից վախենում են կոնվենցիայի հակառակորդները։

 – Ո՞րն է կանանց իրավունքների պաշտպանության համար լրացուցիչ փաստաթղթի անհրաժեշտությունը, եթե Հայաստանում արդեն կա օրենք, որը երաշխավորում է ցանկացած սեռի մարդու իրավունքները:

– Գիտեք, ոչ միայն Հայաստանում, այլև, պատկերացրեք, արևմտյան զարգացած երկրներում իրավահավասարության թեման մնում է շատ արդիական ։ Դատեք ինքներդ, ՄԱԿ-ի տվյալներով, երիտասարդ աղջիկները չեն կարողանում աշխատանք գտնել, չնայած նրանք ավելի ու ավելի հաճախ գերազանցում են երիտասարդներին, հատկապես այնպիսի առարկաներից, ինչպիսիք են բժշկությունը եւ մաթեմատիկան: Զարգացող երկրներում կանայք զբաղեցնում են այն պաշտոնների 75 տոկոսը, որոնք պաշտպանված չեն գործատուի կողմից իրավական պարտավորություններով

Իդեալական չէ իրավիճակը նաև զարգացած երկրներում․ Շվեդիայում եւ Ֆրանսիայում կանայք վաստակում են 31 տոկոսով ավելի քիչ, քան տղամարդիկ, Գերմանիայում ՝ 49 տոկոսով պակաս։ Տղամարդկանց համար դժվար է հասկանալ եւ նկատել անհավասար իրավունքների հետ կապված կանանց բոլոր դժվարությունները, քանի որ տղամարդիկ ունեն մեծ թվով սոցիալական արտոնություններ, որոնք նույնիսկ չեն նկատում: Միևնույն ժամանակ, նկատեք, որ երկրի տնտեսական զարգացման մակարդակի և կանանց ու տղամարդկանց իրավահավասարության մակարդակի միջև կա հարաբերակցություն ։ Որքան շատ են կանանց ազատությունները եւ քիչ են կարծրատիպերը, այնքան երկրներն ավելի զարգացած են և հաջողակ ։ Ես վստահ եմ, որ այդ փոխկապակցությունը բացատրվում է կանանց ռեսուրսների՝ ինտելեկտի, տաղանդի, ավանդի օգտագործմամբ, որը կանայք ներդնում են հասարակական կյանքում։ Այս առումով Հայաստանի ներկայիս իշխանությունները բավականին առաջադեմ են, բազմաթիվ կանայք են ներգրավված։

Ես կարդացել եմ վիճակագրությունը ՝ Հայաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում ՏՏ ոլորտում կանանց թվով ՝ տղամարդկանց հետ հարաբերակցությամբ ։ Եվ այս ոլորտն այժմ Հայաստանում առաջին տեղում է։ Ակնհայտ է, կանանց ներդրումը արժեքավոր է։

Կցանկանայի, որ հասարակությունը գիտակցեր՝ եթե կանանց ներդրումն առավելագույնն է օգտագործվում, ապա այն առավել հնարավորություններ է ընձեռում հասարակությանը և տնտեսությանը։

Մարիամ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930