Դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ այսօր քրեական աշխարհում «Ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանի դեմ մահափորձի գործով հերթական դատական նիստն է:
Հիշեցնենք, որ 2017թ.-ին «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ կրակոցներ էին հնչել: Վիրավորվել էր Վահագն Աբգարյանը, մահացել՝ նրա թիկնապահ Գագիկ Մոսինյանը:
Ըստ մեղադրանքի՝ նախկինում Վրաստանում եւ Ռուսաստանում դատապարտված Ալբերտ Բլբուլյանը և նախկինում Վրաստանում դատապարտված Արմեն Կարադավիդովը Վահագն Աբգարյանին եւ նրա թիկնապահ Գագիկ Մոսինյանին, ինչպես նաեւ՝ ուղեկիցներ Արթուր Մնացականյանին, Արամ Խաչատրյանին և Դավիթ Բուդաղյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել են նրանց վրա:
Այս փուլում դատարանն ուսումնասիրում է գործում առկա ապացույցները: Դատավոր Վաչե Մարգարյանը, հրապարակելով դրանցից հերթականը, նշեց, որ ըստ քննչական գործողության արձանագրություններից մեկի՝ զննության է ենթարկվել սպանության դեպքի վայր հանդիսացող տեղամասը: Ըստ զննության արձանագրության՝ դեպքի վայրում եղել է դարանակալման համար օգտագործվող ավտոմեքենա, որի շրջակայքից հայտնաբերվել են մոտ 30 պարկուճներ, իսկ հարակից հողածածկ տարածքում՝ դեղնավուն հեղուկներով թափանցիկ տարաներ: Տարածքում հայտնաբերվել են նաեւ ատրճանակ, ինքնաձիգ: Այնուհետեւ հետազոտման նպատակով ցուցադրվեցին իրեղեն ապացույցներ ճանաչված դեպքի վայրի տեսագրությունները՝ առգրավված տեսախցիկներից:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
https://www.facebook.com/aravot.am/videos/730492194097894/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
(Մեղադրյալները չեն ցանկացել տեսանկարահանվել, եւ դատավորի որոշմամբ՝ տեսանկարել թույլատրված է միայն տուժող կողմին: Տուժող Վահագն Աբգարյանը չի ցանկացել ներկա լինել նիստերին)