Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի Ամալյա Հարությունյանը «Տեսակետ» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ հայագիտական առարկաները կամընտրության դաշտ մղելու վերաբերյալ նշեց. «Ասում են, թող բուհը որոշի, եթե ուզում է թող ընտրի: Այստեղ ընտրությունը կայանալու է գիտխորհրդի միջոցով, որտեղ եւ ուսանողներ են, եւ դասախոսներ: Թող այնպես չհնչի, որ անվստահություն կա գիտխորհուրդների հետ կապված, բայց մենք ինչքանո՞վ ենք վստահ, որ գիտխորհրդում կայացրած որոշումը եւ ընդհանրապես շատ որոշումներ արտահայտելու են ուսանողության կամքը»:
Ապա հավելեց. «Քանի որ մենք ոչ միայն որակի, այլեւ քանակի հետ հաշվի նստող ենք այս դեպքում, եթե այդ տրամաբանությամբ մտածենք, ուրեմն լսարանում ամենաքիչը 10-ից 2-ի պոտենցիալը մենք կկոտրենք, ինչը կարող է վատթարագույն հետեւանք ունենալ»:
Ամալյա Հարությունյանը նշեց, որ իրենք չեն պնդում, թե բոլորը սովորեն հայոց լեզուն նույն մոտեցումներով, պարզապես առաջարկում են ստեղծել ակադեմիական այնպիսի դաշտ, տրամադրել ռեսուրսներ, ստեղծել այնպիսի դասագրքեր, որ իրավաբանը հայոց լեզուն ուսումնասիրի իրավաբանի տեսանկյունից, կենսաբանը` կենսաբանի, միջազգայնագետն էլ ` միջազգայնագետի. «Արդյունքում այս տարակարծությունների խնդիրը չենք ունենա»:
Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի Մարիա Նավասարդյանն էլ ասաց. «Հոգեբան գիտնականները նշել են, որ լեզուն եւ առհասարակ լեզվամտածողությունը ուղեղի համար ֆիլտր են, եւ եթե մենք հիմա այդ ֆիլտրը հանենք, ինֆորմացիոն զտումը ուղեղի համար տեղի չունենա»:
Կարդացեք նաև
Ուսանողին ասաց, որ Արայիկ Հարությունյանը դասախոսների հետ հանդիպման ժամանակ հիշել է, թե համալսարանում սովորելու տարիներին, օրինակ, ինքը զգացել է, որ հայոց պատմության առարկան կրկնում է դպրոցում անցածը: «Այս միտքն ինձ մոտ էլ է ծագել, սակայն համալսարանում ուրիշ լույսի ներքո եմ մոտեցել հարցերին, քանի որ բուհը ուսանողի մեջ մտածողության այլ կաղապարներ է ենթադրում»,-նշեց ուսանողուհին:
Ուսանողները անդրադարձան նաեւ նախարարի ու դասախոսների հետ հանդիպմանը: «Սպասելիքները եւ իրականությունը բախվեցին իրար, հույս կար, որ կառուցողական մթնոլորտում կկայանար զրույցը, փոխզիջումային տարբերակներ կգտնվեն, սակայն ամեն ինչ իրականում ձախողվեց; Մթնոլորտը ոչ միայն կառուցողական չեղավ, այլեւ հանդիպման ժամանակ ձեւավորվեց լարվածություն, դասախոսները ոչ պատշաճ ընդունելության արժանացան»,-ասաց նրանցից մեկը:
Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Իշխան Թովմասյանի խոսքով. «Նախարարի հանդիպման մասնակիցները մասնագետներ էին հայոց լեզվի, գրականության եւ հայոց պատմության, մթնոլորտն ակադեմիական էր, սակայն նախարարի ընդունելությունը, մեղմ ասած, պատշաճ չէր, կառուցողական քննարկում չգնաց: Մասնագետները նշեցին, թե ինչ խնդիրներ կան, մինչդեռ նախարարը դասախոսների ասածներից ծաղկաքաղ արեց ինչն իրեն հարմար էր ու գնաց: Նա չլսեց, թե ինչ հակափաստարկներ էին բերում գիտնական դասախոսները»:
Իշխան Թովմասյանի տպավորությամբ, նախարարի հանդիպման ժամանակ փոխզիջման որեւէ նշույլ չտեսան:
Նույն ֆակուլտետի ուսանողուհի Էմմա Գրիգորյանը անդրադարձավ նախաարի արհամարհական վերաբերմունքին գիտնականների նկատմամբ. «Չտեսանք լուրջ փաստարկներ, օդի մեջ ասված բառեր էին ընդամենը»,- ասաց նա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ