Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք երկրում թշնամիներ չունենք. «Վերնատուն» ակումբի հայտարարությունը

Նոյեմբեր 22,2019 15:24

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հայտարարությունը

Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի համաժողովը: Ակումբի անդամներից բացի, հրավիրված էին արտախորհրդարանական քաղաքական ուժերի, փորձագիտական շրջանակների, քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ։

Օրակարգում հանրային հնչեղության հարցեր էին․

·     Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը մտնում է փակուղի՝ մեծացնելով պատերազմի վտանգը (ի՞նչ անել),

·     Հանրության այս աստիճան պառակտումը ազգային անվտանգության սպառնալիք է (ինչպե՞ս հաղթահարել),

·     Դատաիրավական համակարգը, Սահմանադրական դատարանը ենթարկվում են բիրտ ճնշումների, փորձ է արվում օրենսդիր և գործադիր իշխանությունների վրա հաստատված անձնիշխանությունը տարածել նաև իշխանության այս ճյուղի վրա, ինչը հակասում է իրավական–ժողովրդավարական պետության սկզբունքներին (ինչպե՞ս թույլ չտալ):

 

Գնահատելով համաժողովում հնչած ելույթների որակն ու արդիականությունը՝ ակումբը արձանագրում է․

Ստանալով հիմնարար բարեփոխումներ անելու հանրային լայն աջակցություն՝ գործող իշխանությունն ընթացել և ընթանում է այդ ռեսուրսի մսխման, անպտուղ պոպուլիզմի, տված խոստումներին հակասող ճանապարհով։ Արդյունքում նվազել է Հայաստանի ու Արցախի անվտանգության մակարդակը, պետական կառավարման համակարգը արդյունավետ չէ, չեն գործում զսպումների ու հակակշիռների մեխանիզմները, առկա է անձնիշխանության իրական վտանգ:

Մեկնելով այս հաստատումներից՝ «Վերնատուն»-ն առաջադրում է հետևյալ քայլերն ու պահանջները․

Արցախ

1.ԼՂ հակամարտության կարգավորման հիմքը արցախահայության ինքնորոշման իրավունքն է։ Պաշտոնական Երևանը պետք է դադարեցնի Արցախի ինքնորոշման իրավունքին հակասող որևէ հայտարարություն հնչեցնել, ինչպես նաև պետք է զերծ մնա իրարամերժ տեսակետներ հայտնելուց։ Բացառել հակամարտության կարգավորման որևէ փաստաթղթի կամ տարբերակի նույնիսկ քննարկում, որը չի ամրագրում Արցախի Հանրապետության քաղաքական կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս։

2.Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև համայն հայության առաջնահերթ խնդիրն է։

3.ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններ վերադարձնել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի օրակարգը։

4.Անթույլատրելի է Արցախի ներքաղաքական գործընթացներին, առաջիկա համապետական ընտրություններին միջամտելու ցանկացած փորձ։

 

Հանրային մթնոլորտ

1.Դադարեցնել իշխանության ամենաբարձր մակարդակով խրախուսվող ատելության քարոզը։

2. Վերջ տալ հանրությունը, քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությունը, լրատվամիջոցներին հեղափոխականների ու հակահեղափոխականների, մերոնք–ձերոնքի բաժանելու հռետորաբանությանը և գործելաոճին։

3.Դատապարտել ազգային–պետական արժեհամակարգի (հայոց լեզու, պատմություն, եկեղեցի, մշակույթ, ռազմահայրենասիրական դաստիարակություն) վարկաբեկման փորձերը։

 

Դատաիրավական համակարգ

1.Հրաժարվել Սահմանադրական դատարանը, դատական իշխանությունն ամեն գնով գործադիր իշխանությանը ենթարկեցնելու սևեռումից։ ՍԴ դատավորներին «օրենքի ուժով» կենսաթոշակի ուղարկելու փորձը անընդունելի է։

2. Հրաժարվել սեփականության վերաբաշխման, վախի ու շանտաժի մթնոլորտ հաստատելու բացահայտ ու քողարկված նպատակներից․ անցումային արդարադատությունը և առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման օրինագիծը հակասում են իրավական պետության և ժողովրդավարության սկզբունքներին։

3. «Մարտի 1»–ի գործը չծառայեցնել քաղաքական նպատակադրումների, փոխել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի խափանման միջոցը։ Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ։

 

Մենք համախմբման, համերաշխության և հանդուրժողականության կողմնակից ենք։ Վստահ ենք, որ հանրությունը, քաղաքական ուժերը (նաև՝ խորհրդարանական), հասարակական կազմակերպությունները, քաղաքականապես ակտիվ ու գիտակից անհատները ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու ուղիներ կփնտրեն, ջանքեր կգործադրեն։ Չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուրը պատասխանատու է լինելու արածի ու չարածի համար։

«Վերնատուն»-ը շարունակելու է մնալ հասարակական–քաղաքական հարթակ՝ նպատակ ունենալով ձևավորել քննարկումների առողջ միջավայր։ Ընդլայնվող ու զարգացող ակումբը առաջնորդվելու է նշյալ և այլ խնդիրները հետևողականորեն լուծելու սկզբունքով։

Մենք երկրում թշնամիներ չունենք, բայց և վճռական ենք ազգային–պետական նպատակների իրագործման, մեր քաղաքացիներին արժանապատիվ կյանք երաշխավորելու, նոր որակի ժամանակակից պետություն կառուցելու հարցում։

 

22 նոյեմբերի, 2019 թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930