Նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով դատական նիստն էր այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում:
Նիստից հետո Aravot.am-ը 2008 թվականին ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Երանոսյանից հետաքրքրվեց՝ Մարտի 1-ի գործով ձեր ցուցմունքում ասել եք, որ ձեր ենթակայության տակ գտնվող ՊՆ 3-րդ բանակային կորպուսի 3-րդ գնդի առաջին գումարտակը, որը ԲՄՊ զրահամեքենաների գումարտակն է, բերել եք Երեւան ու տեղակայել Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում, հիմա կարո՞ղ եք ասել՝ բանակը ժողովրդի վրա կրակե՞լ է: Երանոսյանը պատասխանեց՝ «Ինչ գրել եմ, ինչ կարդացել եք, ուրեմն դա էլ մնացել է»:
Նորից հարցրեցինք՝ ժողովրդի վրա կրակելու հրաման ունեցե՞լ եք, այդ օրը բանակը ժողովրդի վրա կրակե՞լ է՝ Երանոսյանը պատասխանեց. «Իմ գրածը կարդացեք, ես բավարարված եմ»: Հարցրեցինք՝ արտակարգ դրություն էր հայտարարվել ու ցուցմունքում ասվել էր, որ պետական շենքերը պաշտպանելու համար էր բերվել գումարտակը, Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում ո՞ր պետական շենքն եք պաշտպանել՝ Երանոսյանն ի պատասխան ասաց. «Ես չեմ պատասխանելու ձեր հարցերին: Գտնում եմ ըտենց նպատակահարմար»: Հիշեցնենք, որ Լեւոն Երանոսյանը չէր պատասխանել նաեւ նախաքննական մարմնի այս հարցին:
Մենք նաեւ հարցրեցինք՝ ձեր որդու ծեծկռտուքի գործը, որ կարճվել էր, ձեր կարծիքով ինչո՞ւ կարճվեց՝ Երանոսյանը պատասխանեց. «Դիմեք քննիչներին»: Հիշեցնենք, որ Լեւոն Երանոսյանի որդին՝ Խաչիկ Երանոսյանը Կոմիտասի պողոտայում ծեծկռտուքի գործով էր անցնում, Լեւոն Երանոսյանն էլ որպես վկա էր ներգրաված:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ