Լրահոս
Օրվա լրահոսը

3 միլիարդ 400 միլիոն դրամ` Երեւանի քաղաքապետարանի գոյություն չունեցող կանաչապատման ՀՕԱԿ-ին

Նոյեմբեր 22,2019 14:55

Երեւանի 2020 թվականի բյուջեի դեֆիցիտը հինգ միլիարդից ավելի է`շուրջ 9 տոկոս, մինչդեռ թույլատրելի սահմանը 3-4 տոկոս է: Այս մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում ահազանգեցին Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը եւ քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը: Ընթացիկ տարվա`2019-ի դեֆիցիտը 8,5 միլիոն է եղել, բայց ավագանու անդամները դրան ըմբռնումով են մոտեցել, քանի որ Հայաստանում հեղափոխական վիճակ էր, Երեւանը քաղաքապետ չուներ: Սակայն, 2020-ի համար անհասկանալի է, թե ի՞նչն է պատճառը, որ դեֆիցիտը այսքան մեծ է եղել: Վերջին հինգ տարում, ամենամեծ դեֆիցիտը եղել է 250 միլիոն դրամ: Ի դեպ, եթե փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը բացատրում է, որ բյուջեի դեֆիցիտի մեկ միլիարդից ավելի գումարը տնտեսվել է աղբահանության չկատարված գումարներից, ԲՀԿ-ի ավագանիների համար հասկանալի չէ, թե մնացած գումարը ինչպե՞ս է ձեւավորվել: Դա հստակ կլինի, երբ 2019-ի կատարողականը ներկայացվի:

Հռիփսիմե Առաքելյանը չի հասկանում, թե ինչո՞ւ են իշխող ուժի ներկայացուցիչներ նեղվում ընդդիմադիրների քննադատություններից, որ ծախսեր չեն կատարվել, այդ պատճառով է դեֆիցիտ առաջացել: Հռիփսիմե Առաքելյանը չի հասկանում նաեւ` ինչպե՞ս է աղբահանության հոդվածով գումար տնտեսվել, եթե ավագանին այլ տեղերից հատկացումներ է արել`Երեւանում աղբահանության հարցը լուծելու համար: Օրերս փոխքաղաքապետի հետ են հանդիպելու եւ հուսով են, որ պատշաճ պարզաբանումներ կստանան:

Բյուջեի նախագծում նշված է նաեւ, որ չորրորդ կարգի վթարային շենքերի քանդման համար 90 միլիոն դրամ է հատկացվելու, բնակիչներին`վարձակալության համար գումար: Հռիփսիմե Առաքելյանը սա մանիպուլյացիա է համարում, քանզի նշված չէ, թե ո՞ր շենքերն են քանդվելու: ԲՀԿ խմբակցությունում ուսումնասիրել եւ պարզել են, որ խոսքը Արցախի 8 եւ 10 շենքերի մասին է, ինչը արդեն տեղի ունեցած փաստ է:

Միքայել Մանրիկյանն էլ անդրադարձավ առողջապահական համակարգի հատկացումներին. 170 միլիոն հատկացվել է`տարբեր սարքավորումներ գնելու համար: Բժիշկ Մանրիկյանը չի հասկանում`ինչի՞ հիման վրա են գնվելու նախագծում նշված ուլտրաձայնային սարքավորումները, ունե՞ն համապատասխան վերապատրաստված մասնագետներ: Իրենք առաջարկել են բյուջեից գումարներ նախատեսել վերապատրաստումների համար, քանզի պոլիկլինիկայի բժիշկների աշխատավարձն այնքան ցածր է, որ իրենց միջոցներով չեն կարող անցնել վերապատրաստումը: Նաեւ նախատեսվում է 250 սոցիալապես անապահով անձի տրամադրել անվճար համակարգչային տոմոգրաֆիայի եւ յամերի հետազոտություններ: Մեկ միլիոնից ավելի բնակչություն ունեցող քաղաքի համար, Մանրիկյանի կարծիքով, դա շատ փոքր թիվ է եւ չհիմնավորված: 2020-ին նաեւ նախատեսվում է Երեւանում երկու պոլիկլինիկա վերանորոգել: Մինչդեռ, Մանրիկյանի կարծիքով, կարելի է ամեն տարի քաղաքում գոնե մեկ պոլիկլինիկա հիմնանորոգել:

3 միլիարդ 400 միլիոն էլ կանաչապատման ՀՕԱԿ-ի ստեղծման համար է նախատեսվում`դարձյալ առանց հիմնավորումների: Դեռ քննարկման այլ թեմա է, որ ՀՕԱԿ-ը պետք է ստեղծվի ավագանու որոշումով: Ընդդիմադիրները հասկանում են`57 իշխանական ավագանիների քվեարկությամբ կստանան այդ որոշումը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930