Արցախի հերոս, «Ազատագրական բանակ» ջոկատի հիմնադիր-հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրվա առթիվ այսօր Խորենացի-Մաշտոցի պողոտա հատման կետում՝ նրա կիսանդրու մոտ էին հավաքվել զինակիցները:
«Լեոնիդը չէր սիրում ծնունդը նշել: Նրա ծնունդն ամեն օր էր, որովհետեւ սիրում էր մարտական ընկերների հետ շփվել: Նա շատ համեստ էր, իսկ մենք պարտավոր ենք մեծարել նրա կերպարը՝ ֆիզիկոս, գիտնական, հրամանատար…»,-լրագրողների հետ զրույցում վերհիշեց Լեոնիդ Ազգալդյանի մարտական ընկեր, գնդապետ, նրա մահից հետո Հայ ազատագրական բանակի հրամանատարությունը ստանձնած Հովսեփ Հովսեփյանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/662676981203369/
Նա շեշտեց. «Ես տեսել եմ շատ մարդկանց, որոնք շատ բան էին խոստանում, բայց քիչ գործ անում: Իսկ Լեոնիդն անում էր այն, ինչ ասում էր, եւ մեզ էլ այդպես սովորեցնում: Նա ասում էր, որ Արցախի եւ ՀՀ-ի միացմանը խանգարում էր հյուսիսը՝ Քարվաճառ, Լաչին, Կուբաթլու, ուստի պետք էր անպայման այդ հայկական հողերն ազատագրել, միացնել Արցախն ու Հայաստանը: Այս նպատակով դեռեւս խորհրդային տարիներին նա Վարդենիսում գաղտնի ճամբար է ստեղծում՝ տղաներին մարզելու եւ Քարվաճառն ազատագրելու համար: Պատիվ ունենք, որ հրամանատարի երազանքն իրականացրինք»:
Հովսեփ Հովսեփյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ շատ հրամանատարներ են արժանի կոչվելու հերոսներ, բայց մի թվային տվյալ կա. «Մեր ջոկատը տվեց 15 գնդապետ հայոց բանակին: Մենք հարյուր հոգի կամավոր էինք Արցախից, Սփյուռքից եւ ՀՀ-ից, եւ մեր ջոկատի կազմի կեսը բանակի սպաներ են դարձել: Եթե ՀՀ-ում եւ Արցախում գիտեք մի ջոկատի, որը տվել է 15 գնդապետ, անունն ասեք, խոնարհվեմ: Խոնարհվում եմ Լեոնիդի առաջ, որովհետեւ նրա պատրաստած սպաները մինչ օրս ծառայում են»:
Հովսեփ Հովսեփյանը հավելեց՝ ողջունում է Արցախի իշխանության՝ Ազգալդյանին ազգային հերոսի կոչում շնորհելու փաստը, եւ կողջունի, եթե ՀՀ կառավարությունն էլ նման քայլ կատարի:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ