Նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով դատական նիստն է այս պահին ընթանում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Ավան նստավայր:
Հիշեցնենք՝ նա մեղադրվում է 2018թ.-ին 2 դեպքով «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ կիրառելու եւ այդ կերպ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար:
Մինչ դատական նիստը սկսելը՝ Երանոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կխոսի այն ժամանակ, երբ դատարանում միասին դիտենք այն տեսանյութերը, որոնք նկարվել են հենց լրագրողների կողմից. «Ձեր նկարածները, որը դուք նկարել եք ու ես ինչի համար եմ այստեղ գտնվում, միասին այդ տեսաժապավենները նայելուց հետո կպատասխանեմ ձեր հարցերին»:
Հարցրեցինք՝ այսինքն, դուք վստահ եք, որ 8 հատ «Զարյա» տեսակի նռնակ կիրառելու լիազորություններն ամբողջությամբ ունեցե՞լ եք՝ Երանոսյանը պատասխանեց. «Դուք եք նկարողները, դուք ավելի լավ գիտեք, տեսել եք: Միասին կտեսնենք, դրանից հետո…»:
Կարդացեք նաև
Երբ ասացինք՝ մենք հետեւանքներն ենք տեսել, տեսել ենք վնասվածքները, տուժողներին, մենք չենք տեսել ներքին խոհանոցը, մենք չգիտենք՝ ձեզ ի՞նչ հրաման են տվել ու դուք ո՞նց եք կիրառել այդ հրամանը՝ Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը արձագանքեց. «Ամեն ինչ եղել է հրապարակային, դատաքննության ընթացքում կպարզվի»:
Նախորդ դատական նիստին լրագրողների հետ զրույցում Երանոսյանն ասել էր, որ թոշակառու մարդ է, հիմա այգի է մշակում:
Մենք հարցրեցին՝ հիմա արդեն ձմեռնամուտ է, այգի մշակելու սեզոն չէ, ինչո՞վ է զբաղված: Նա պատասխանեց. «Ջերմոց եմ մշակում»: Ճշտեցինք՝ ջերմոցնե՞ր ունեք՝ Երանոսյանը ծիծաղեց. «Կունենանք»: Նախկին փոխոստիկանապետից հետաքրքրվեցինք՝ իսկ բիզնեսներ չունե՞ք: Լեւոն Երանոսյանը պատասխանեց, որ ոչ մի բիզնես չունի, ոչ իր, ոչ զոքանչ, ոչ էլ բարեկամների անուններով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ