Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Սարհատ Պետրոսյանը՝ Վազգեն Մանուկյանի փեսան լինելու եւ այն մասին, թե ի՞նչ էր փնտրում 6-րդ վարչությունը նրա տանը

Նոյեմբեր 22,2019 13:09

Պատասխանելով «Վազգեն Մանուկյանի փեսա» բնորոշմանը, «Վերնատան» հավաքին առնչվող և նույնանման այլ հարցերի, newarmenia.am-ի հարցազրույցում Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանն ասել է.

«Մի քանի տարի հետո, երբ որ ավելի հեշտ կարողանամ պատմել պաշտոնից իմ ազատման դիմումը գրելու մանրամասները, ձեր այս հարցերի պատասխանները կտամ, բայց ցավոք, հիմա չեմ կարող։ Ինչ վերաբերում է հարցին, թե ես ինձ որտեղ եմ տեսնում, եթե չեմ սխալվում, իմ առաջին քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպել եմ 2003 թվականին։ Այս ողջ ընթացքում քաղաքային խնդիրներով տարբեր նախաձեռնությունների մեջ եմ եղել, և կարող եք պատկերացնել՝ ինչ քանակի հնարավորություններ են եղել հարելու որևէ քաղաքական ուժի։

Իմ հայրը երրորդ սերնդի դաշնակցական է, այսինքն, իմ պապիկը ևս դաշնակցական է եղել։ Ես 96 թվականին մասնակցել եմ նախագահական կեղծված ընտրությունների համար եղած շարժումներին և, բնականաբար, շատ ուրախ և հպարտ եմ, որ իմ մեծ ընտանիքում կան այնպիսի քաղաքական դեմքեր, ինչպիսին իմ հայրն է, կամ իմ կնոջ հայրն է։ Այդ առումով դա ինձ միայն պատիվ է բերում, և ինձ համարում եմ բավական քաղաքականացված ընտանիքից։ Բայց միևնույն ժամանակ, մինչև հեղափոխությունը՝ ունենալով այս բոլոր կապերը, ես որևէ կերպ չեմ կաշկանդվել հայտնելու իմ մասնագիտական կարծիքը, որը, բնականաբար միշտ, ուզած թե չուզած, ունի քաղաքական ինչ-ինչ ատրիբուտներ, որովհետև ցանկացած հասարակական գործունեություն արդեն քաղաքականություն է։ Մենք մի քիչ քաղաքականությունը խառնում ենք կուսակցականության հետ։ Եթե ես այսօր հայտարարություն եմ անում՝ ամբողջովին սատարելով 2018-ի փոփոխությունները և իմ բոլոր ընկերներին, որոնք այսօր Ազգային ժողովում կամ կառավարությունում են, միաժամանակ ինչ-որ առումով քաղաքական քննադատության եմ ենթարկում եղած համակարգը։ Բայց ես խոսում եմ իմ մասնագիտության վերաբերյալ։ Եվ ես կարծում եմ, որ ինչպես նախկինում եմ կարողացել ինձ շատ ճիշտ դիրքավորել քաղաքականության և փորձագիտական դաշտում, հիմա էլ փորձում եմ դա անել։

Եվ կարծում եմ՝ պետք չունեմ ամեն անգամ ապացուցելու, որ ես Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները միայն ողջունում եմ։ Այս պահին և, կարծում եմ՝ դեռևս շատ երկար ժամանակ կամ կանխատեսելի ապագայում, ես չեմ նախատեսում հարել որևէ քաղաքական միավորի, մասնավորապես՝ կուսակցության։ Միևնույն ժամանակ, շատ խորը հարգանք ունեմ Վազգեն Մանուկյանի հանդեպ թե՛ որպես իմ մեծ ընտանիքի անդամի, և թե՛ որպես հասարակական-քաղաքական գործչի, ինչպես և մի շարք այլ մարդկանց հանդեպ, որոնք մասնակցել են Վերնատան հավաքին, բայց չեմ կիսում այն, այսպես ասած, տեսլականը, որն այնտեղ կա։ Եվ նման խնդիր դրված էլ չի իմ առջև, բայց նորից եմ ասում՝ դա որևէ ձևով չի կաշկանդում ինձ, որպեսզի խորագույն հարգանք ունենամ այդ մարդկանց հանդեպ։ Ինչպես և ժամանակին չեմ անդամակցել այսօր իշխող կուսակցությանը, նաև ապագայում չեմ նախատեսում որևէ կուսակցության անդամ դառնալ։ Բայց որպես փորձագետ պատրաստ եմ ցանկացած ինձ համար ընդունելի իշխանության աջակցել իմ մասնագիտական կարողություններով՝ եթե ես նրանց հետ չունեմ շատ խորը անհամաձայնություն կոռուպցիայի կամ այլ տեսակի խնդիրների հետ կապված»։

Սարհատ Պետրոսյանը նաեւ ասել է. «Ես անկեղծորեն հավատացել և հավատում եմ, որ մեր հեղափոխությունը արժեքային հեղափոխություն էր նաև, և ինձ համար որպես տարիներով իր բնագավառի համար «կռիվ տված մարդ», շատ կարևոր և նույնիսկ շատ էմոցիոնալ որոշում էր, որ ընդունեցի վարչապետի առաջարկը՝ միանալ կառավարության թիմին։ Բայցև, իմ կողմից շատ սրբացված մասնագիտությանս դավաճանել չէի կարող։ Այս բոլոր խնդիրները, որոնց մասին խոսում եմ, տարբեր ձևաչափերով բազմիցս բարձրաձայնել եմ և՛ մինչև հեղափոխությունը , և՛ հեղափոխությունից հետո որպես պետական պաշտոնյա, և՛ հիմա՝ հանրային սեկտորում։ Իմ հայտարարություններին ես գիտակցված եմ գնացել՝ վստահ լինելով, որ դրանք կարող են վիճարկվել դատարանում, որ ոստիկանության որևէ աշխատակից կարող է գալ, իմ ընտանիքի հանգիստը խանգարել, ինչը որ այսօր արել է 6-րդ վարչությունը՝ իմ հայտարարությանը հետամուտ լինելու համար։ Ես դա գիտակցել եմ, բայց համոզված եմ, որ խնդիրների մասին պետք է խոսենք»:

Լրագրողի հարցին՝ ի՞նչ էր փնտրում 6-րդ վարչությունը ձեր տանը, նա պատասխանել է. «Մի կազմակերպություն հայտարարություն էր արել, թե Սարհատ Պետրոսյանի հայտարարության մեջ պատժելի գործողություններ կան։ Եվ տրամաբանական է, նորմալ է, որ եկել էին։ Ես տանը չեմ եղել, բայց իմ երեխաները, իմ ընտանիքը սթրես են ապրել։ Դա չի կարևորը. իմ ընկերները, տարբեր սերունդների գործընկերներս ինձ ուժ են տալիս, որը կարող եմ փոխանցել իմ ընտանիքին։ Մենք բոլորս սթրեսներ ունեցել ենք թե՛ 2018-ին, թե՛ հիմա, բայց մեր երազած Հայաստանն ունենալու համար ես պատրաստ եմ ամեն ինչի միջով անցնելուն։ Իմ բնագավառում հեղափոխության հիմքում պատկերացրածս արժեքներն իրականացնելու համար ես դրան պատրաստ եմ։ Որևէ պահի չեմ մտածել, որ 2018-ին սկսված պրոցեսները կշրջվեն և որ երկրում կարող ենք հանդուրժել կոռուպցիա հիշեցնող գործընթացները։ Իսկ իմ հնչեցրած ամեն խոսքի տակ կան փաստեր»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930