ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է. «ՀՀ գլխավոր դատախազությունը համացանցում և սոցիալական ցանցերում լայն տարածում գտնող՝ առերևույթ ոստիկանության աշխատակիցների կողմից անձի նկատմամբ բռնությունների կիրառման վերաբերյալ տեսանյութը ուսումնասիրության առարկա է դարձրել այն հասու դառնալուց անմիջապես հետո, որի արդյունքում ինչպես տեսանյութը, այնպես էլ ԶԼՄ համապատասխան հրապարակումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը որոշելու նպատակով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն՝ «2019 թվականի նոյեմբերի 21-ին համացանցում տարածվել է խոշտանգման կադրեր պարունակող տեսանյութ, որի կապակցությամբ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն` ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացուն խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքը տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության բաժանմունքներից մեկում:
Խոշտանգման առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր»: